Content-Length: 149330 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B6_(%D5%AC%D5%A5%D5%BC)

Յուշան (լեռ) - Վիքիպեդիա Jump to content

Յուշան (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուշան
Յուշանի հյուսիսային գագաթը
Տեսակլեռ
Երկիր Թայվան
Վարչատարածքային միավոր信義鄉?, 阿里山鄉? և Տայուանի Շրջան
Աշխարհագրական
տեղադրություն
Թայվան
ԼեռնաշղթաYushan Range?
Բարձրությունը ծովի մակարդակից3952 մետր
Հարաբերական
բարձրություն
3952 մետր
Պահպանման տարածքYushan National Park?

Յուշան (չին.՝玉山; բառացիորեն՝ Նեֆրիտի լեռ), Թայվանի ամենաբարձր լեռը՝ ծովի մակարդակից 3,952 մ բարձրությամբ։ Նախկինում լեռը կոչվել է Մորիսոն՝ ի պատիվ 19-րդ դարի միսիոներ Ռոբերտ Մորիսոնի[1]։ Այսօր լեռը անվանում են Յուշան կամ էլ Նեֆրիտի լեռ։

Ձմռանը Յուշանը ծածկված է լինում ձյան հաստ շերտով, ինչն էլ լեռան գագաթին տալիս է փայլող նեֆրիտի տեսք։ 2009 թվականի հուլիսի 21-ին Յուշանը դարձել է Բնության 7 նոր հրաշալիքներ ընտրվելու 28 հավակնորդներից մեկը։ Յուշանը և նրան շրջապատող լեռները Յուշան լեռաշղթայի մաս են կազմում, որն էլ իր հերթին ընդգրկված է Յուշան ազգային պարկում։ Այն Թայվանի ամենամեծ, բարձրադիր և անհասանելի ազգային պարկն է։ Յուշան ազգային պարկը ներառում է Թայվանի ամենամեծ անապատային գոտին։ Այն հայտնի է նաև իր կուսական անտառներով և կենդանիների բազմազանությամբ, որոնց շարքում կան բազմաթիվ էնդեմիկ տեսակներ։

Յուշան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Յուշանը, ունի ծովի մակարդակից 3952 մ բարձրություն։ Յուշանը նախկինում եղել է օվկիանոսի հատակում, սակայն հասել է ներկայիս բարձրությանը Եվրասիական և Ֆիլիպինյան սալերի բախման հետևանքով[2]։

Աշխարհագրական դիրք և երկրաբանական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվան կղզին գտնվում է երկու տեկտոնական սալերի՝ Եվրասիական և Ֆիլիպինյան սալերի հատման կետում։ Ուշ պալեոզոյան ժամանակաշրջանում (մոտ 250 մլն տարի առաջ), երկրակեղևն այս հատվածում անշարժ էր, բայց գտնվում էր ծովի հատակում և ծածկված էր տիղմով և ավազով։ Երբ տեկտոնական 2 սալերը բախվեցին իրար, երկրակեղևը ծռվեց, կորացավ և փոքր կղզու վրա ստեղծվեցին ծովի մակերևույթից ավելի քան 3000 մ բարձրություն ունեցող 165 լեռներ։

Յուշանը Հյուսիսայի արևադարձի ամենաբարձր կետն է և լայնության միակ կետն է, որտեղ վկայություն կա անթրոպոգենի սառցակալման մասին[3]։ Մոտ 17 հազար տարի առաջ Թայվանի ամենաբարձր լեռները ծածկված էին հավերժական սառույցով, որը խոնավ կլիմայի պատճառով տարածված էր 2800 մ բարձրությունից վեր, սակայն ներկայումս հյուսիսային արևադարձին ամենամոտ գտնվող գլացիալները գտնվում են Մեքսիկայի Իստակսիվատլ հրաբուխի մոտ։

Ամպերի ծով

Յուշան ազգային պարկը հայտնի է իր գեղեցիկ տեսարաններով, բարձր, մեկը մյուսին ծածկող լեռներով, խորը հովիտներով, ինչպես նաև երկնքից հիանալի տեսարանով։ Հովիտները սովորաբար լցվում են այսպես կոչված ամպերի ծովով ( չին. 雲海, փինյին՝ yúnhǎi) : Պարկի հիմնական գեղեցկությունը իհարկե Յուշան լեռն է։ Այն Թայվանի լեռնագնացների ամենասիրելի լեռներից մեկն է[4]։

Յուշանը ունի 5 հիմնական գագաթ, որոնցից ամենահայտնին գլխավոր գագաթն է.

  • Յուշանի գլխավոր գագաթ (玉山主峰), 3952 մ
  • Մայրամուտը Յուշանում
    Յուշանի արևելյան գագաթ (玉山東峰), 3869 մ - Գլխավոր գագաթից մոտ 1.2 կմ հեռու
  • Յուշանի հյուսիսային գագաթ (玉山北峰), 3858 մ - Քամու թունելից (風口) 2.2 կմ հեռավորության վրա
  • Յուշանի հարավային գագաթ (玉山南峰), 3844 մ – Փայյուն կոչվող տնակից (排雲山莊) 3.1 կմ հեռավորության վրա  
  • Յուշանի արևմտյան գագաթ (玉山西峰), 3,467 մ – Փայյուն կոչվող տնակից (排雲山莊) 4 կմ հեռավորության վրա  
Ամպերի ծովը Յուշանում

Հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան գագաթները շրջապատում են գլխավոր գագաթը։ Արևելյան գագաթը 3869 մ բարձրություն ունի և համարվում է Թայվանի 10 հիմնական գագաթներից մեկը։ Հարավային գագաթը ծածկված է սև թերթաքարով։ Յուշան լեռան հարաբերականորեն հասանալի արևմտյան կողմը ծածկված է խիտ անտառներով։ Հյուսիսային գագաթը ունի 2 կետեր, որոնք նման են ուղտի սապատների։ Հյուսիսային գագաթի վրա է գտնվում նաև Յուշանի օթերևութաբանական կայանը։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանում , որի միջով անցնում է Հյուսիսային արևադարձը, կլիման արևադարձայինի և միջարևադարձայինի մեջտեղում է։ Միջին ջերմաստիճանը 23.5 °C (74.3 °F) է։ Այստեղ ցածր բարձրություններում մշտադալար լայնատերև անտառներ են։ Բարձրության մեծացման հետ լայնատերև անտառներին աստիճանաբար փոխարինում են տերևաթափվող և փշատերև անտառները։ Ալպյան պայմաններ ունեցող լեռների գագաթներում աճում է մամուռ, լերդամամուռ և երբեմն խոտ[5]։ Բույսերի վերոնշյալ տեսակները հանդիպում են Յուշանի շրջանում ցածր նախալեռնային շրջաններից մինչև բարձր գագաթները։ Կլիմայական և բուսական այս մեծ զանազանության շնորհիվ Յուշանի շրջակա միջավայրում է գտնվում Թայվանի ամենամեծ և ամենահարուստ կենդանական աշխարհը։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Յուշանի ազգային պարկում կան մոտ 130 տեսակի թռչուններ, 28 տեսակի կաթնասուններ, 12 տեսակի երկկենցաղներ և 186 տեսակի թիթեռներ։ Փաստորեն գիտնականները Յուշանն անվանում են «տապան», քանի որ այնտեղ են գտնվում Թայվանի ամենահազվագյուտ կենդանիների և թռչունների տեսակները։ Այն կարծես Թայվանի էկոլոգիական համակարգի հանրագիտարան է և երկրաբանական թանգարան, ինչպես նաև Թայվանի էնդեմիկ տեսակների 1/3 մասի բնակավայրը։

Յուշան լեռը առաջին անգամ 1857 թվականին նկատել է Վ. Մորիսոնը, ով Ամերիկյան ՍՍ Ալեքսանդր բեռնատար նավի կապիտանն էր։ Նա իր նավի մատյանում գրանցել է վայրը, և լեռը արևմտյան գրականության մեջ ստացել է Մորիսոն անունը։ 1900 թվականին՝ Ճապոնիայի կառավարման ժամանակ, ճապոնացի երկու մարդաբաններ՝ Տորի Ռյուզոն և Ուշինոսուկե Մորին առաջիններն էին, ովքեր բարձրացան լեռը։ Նրանք լեռանը տվեցին Նիտակայամա անունը (新高山) , որը բառացիորեն նշանակում է «Նոր բարձր լեռ»[6]։

Լեռը իր ճապոնական անունով օգտագործվում էր որպես գաղտնի կոդ, որով ազդանշան էին տալիս Ճապոնական կայսերական ռազմածովային նավատորմին հարձակում գործել Փերլ-Հարբորի վրա։ Կոդը Niitakayama Nobore-ն էր, որ բառացիորեն նշանակում էր «Բարձրացե՛ք Նոր բարձր սարը»։

1966 թվականին Չինաստանի Հանրապետության կառավարման ներքո և մինչև ժողովրդականացումը գագաթին տեղադրվել է Յու Յուժենի արձանը։ Արձանը կանգուն մնաց մինչև 1996 թվականը, երբ Թայվանի ակտիվիստները այն հիմքից կոտրեցին և նետեցին խորը կիրճը[7]։

Վերջին տարիներին Յուշան լեռը Թայվանի ինքնության արտահայտման համար կարևոր դեր է ունեցել[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chamberlain, B.; Mason, W.B. (1903). A Handbook for Travellers in Japan (7th ed.). London: J. Murray. էջ 554. OL 25302448M.
  2. Central Geological Survey, MOEA. Արխիվացված Մայիս 24, 2011 Wayback Machine
  3. Late Pleistocene to Early Holocen Glacial Landforms of Yushan Area, Taiwan
  4. Yushan
  5. Flora of China
  6. MacDonald, Scot (October 1962). Evolution of Aircraft Carriers – the Japanese Developments (PDF). Naval Historical Center, Washington Navy Yard, DC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  8. Yushan Asteroid. Արխիվացված Սեպտեմբեր 1, 2009 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուշան (լեռ)» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B6_(%D5%AC%D5%A5%D5%BC)

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy