Content-Length: 350420 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/The_Cure

The Cure - Վիքիպեդիա Jump to content

The Cure

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Cure
Հիմնական տվյալներ
Ժանրերպոստ փանկ
գոթիկ ռոք
ալտերնատիվ ռոք
նոր ալիք
Գործունեություն1976-ներկա
ԼեյբլHansa Records Fiction Records (1978-2002)
Geffen Records (2002-2003-ից մինչև ներկա)
Պարգևներ
Կայքthecure.com
Անդամներ
Ռոբերտ Սմիթ
Սայմոն Գելափ
Ռոջեր Օ’Դոնել
Ջեյսոն Քուփեր
Ռիվզ Գեբրելս
Նախկին անդամներ
Լոլ Թոլհերսթ
Մայքլ Դեմփսի
Մեթյու Հարթլի
Ֆիլ Թորնելի
Էնդի Անդերսոն
Բորիս Ուիլյամս
Փորլ Թոմփսոն
Փերի Բեմոունթ
 The Cure Վիքիպահեստում

The Cure, բրիտանական ռոք խումբ, որ ձևավորվել է Անգլիայի Քրոուլի բնակավայրում (անգլ.՝ Crawley) 1976 թվականին։ Գոյության ընթացքում խմբի կազմը մեկ անգամ չէ, որ փոփոխության է ենթարկվել, նրա միակ անփոփոխ մասնակիցը մնում է մենակատար, վոկալիստ, կիթառահար և երգերի հեղինակ Ռոբերտ Սմիթը։

Խումբը ձևավորվել է 1970-ական թվականների վերջում՝ պոստփանկի և նոր ալիքի բումի շրջանում, որ Մեծ Բրիտանիայում եկել էին փոխարինելու փանք ռոքին։ Խմբի առաջին սինգլը կոչվում էր «Killing an Arab», իսկ առաջին ձայնասկավառակը՝ Three Imaginary Boys (1979): 1980-ական թվականներին The Cure խումբը ձայնագրեց նիհիլիստական, խավար և ողբերգությամբ լի աշխատանքներ։ Pornography (1982) ձայնասկավառակի թողարկումից հետո խմբի գոյությունը դրվեց հարցականի տակ, և Սմիթը որոշեց փոխել նրա ոճը։ Սկսած «Let’s Go to Bed» (1982) սինգլից՝ The Cure-ը սկսեց ավելի հաճախ ձայնագրել թեթև, փոփ երաժշտությանն ուղղվածություն ունեցող երգեր։ 1980-ական թվականների վերջին հաջող ձայնասկավառակների շարքի շնորհիվ՝ The Cure-ի ճանաչվածությունը աճում էր, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ «Lovesong», «Just Like Heaven» և «Friday I’m in Love» երգերը հայտնվեցին Billboard Hot 100-ում։ 1990-ական թվականների սկզբին The Cure խումբը դարձավ ամենահայտնի խմբերից մեկը ալտերնատիվ ռոքի ժանրում։ 2004 թվականի տվյալներով՝ բոլոր ձայնասկավառակների կրկնօրինակների գումարային թիվը կազմել է 27 միլիոն[1]։ Ավելի քան երեսուն տարվա ընթացքում The Cure-ը թողարկել է 13 ստուդիական ալբոմ և 39 սինգլ։

Խմբի ձևավորում և վաղ տարիներ (1973-1979)

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Cure-ի նախնին The Obelisk-ն էր՝ ստեղծված Քրոուլի բնակավայրի (անգլ.՝ Crawley, Արևմտյան Սուսեքս, Անգլիա) Նոտր Դամ միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից։ Խմբի միակ ելույթը տեղի էր ունեցել 1973 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ խմբի անդամներն էին Ռոբերտ Սմիթը (դաշնամուր), Մայքլ Դեմփսին (կիթառ), Լոուրենս Թոլհերսթը (հարվածային գործիքներ), Մարկ Սեկանոն (սոլո կիթառ) և Ալան Հիլը (բաս կիթառ)[2]։ 1976 թվականի հունվարին Սեկանոն հիմնեց Malice խումբը, որում ընդգրկվեցին Սմիթը, Դեմփսին և Սենթ Ուիլֆրիդ կաթոլիկական դպրոցից ևս երկու դասընկերներ։ Սեկանոն շուտով լքեց Malice-ը և հիմնեց Amulet խումբը, որը նվագում էր ջազ ֆյուժն ոճով։ Փանկ ռոքով ոգեշնչվածները, որոնք այդ ժամանակ գրավել էին Մեծ Բրիտանիան, 1977 թվականի հունվարին հայտնի դարձան որպես Easy Cure: Այդ ժամանակ նրանց կազմին միացան հարվածային գործիքներ նվագող Լոուրենս Թոլհերսթը և սոլո կիթառահար Փորլ Թոմփսոնը[3]։ Վոկալիստ Սմիթի դերի վստահելի թեկնածու գտնելու անհաջող փորձերից հետո 1977 թվականի սեպտեմբերին հենց ինքը դարձավ խմբի մենակատարը[4]։

Մոտավորապես նույն տարիներին Easy Cure խումբը հաղթեց Hansa Records գերմանական լեյբլի տաղանդների մրցույթում և իրավունք ստացավ պայմանագիր կնքել ստուդիայի հետ։ Երաժիշտները լեյբլի համար ձայնագրեցին մի քանի երգեր, սակայն դրանցից ոչ մեկը չհրապարակվեց[5]։ Ստուդիայի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով պայմանագիրը չեղյալ հայտարարվեց 1978 թվականի մարտին։ Մեկ տարի անց հարցազրույցի մեջ Սմիթը հայտարարեց. «Մենք շատ երիտասարդ էինք։ Ստուդիայի ղեկավարները ցանկանում էին մեզնից փոփ խումբ ստեղծել և խնդրում էին ձայնագրել բոլոր հայտնի երգերի գործիքավորումները, սակայն դա մեզ հետաքրքիր չէր»[5]։ Թոմփսոնը հեռացել էր խմբից մայիսին, իսկ մնացած եռյակը (Սմիթ, Թոլհերսթ և Դեմփսի) վերցրեց The Cure անվանումը, որն առաջարկել էր Ռոբերտը[6]։ Նույն ամսում խումբը անցկացրեց իր առաջին ստուդիական ելույթը որպես եռյակ և ուղարկեց դեմո ձայնագրությունը տասնյակ խոշոր ձայնագրող լեյբլների[7]։ Դա իր պտուղները բերեց. 1978 թվականի սեպտեմբերին Polydor Records ձայնագրող լեյբլի սքաութ (հետախույզ) Քրիս Փերին հրավիրեց երիտասարդ երաժիշտներին նոր Fiction Records ստուդիա[8]։ Սակայն Fiction-ն ամբողջովին պատրաստ չէր աշխատանքի, այդ իսկ պատճառով The Cure-ը 1978 թվականի դեկտեմբերին թողարկեց իրենց «Killing an Arab» դեբյուտային սինգլը Small Wonder Label փոքր լեյբլում։ Ավելի վաղ The Cure-ը այդ երգը նվագեցին դիջեյ Ջոն Փիլի հաղորդման ժամանակ[9]։ «Killing an Arab» անվան համար ստացել են ծիծաղելի գնահատականներ։ Խմբին մեղադեցին ռասիզմի մեջ, սակայն իրականում երգը գրվել էր ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուի «Օտարականը» ստեղծագործության ազդեցությամբ[10]։ 1979 թվականին սինգլ թողարկելու ժամանակ Fiction-ում խումբը ստիպված եղավ տեղադրել սինգլի շապիկի վրա գրառումը, որը հրքում էր ռասիստական միտումները։ Խմբի մասին NME ամսագիրը գրել էր, որ The Cure-ը «թարմ մերձքաղաքային օդի կլանում է մայրաքաղաքային ցեխի ու կեղտի միջավայրում»[11]։

The Cure-ը թողարկել է իր դեբյուտային Three Imaginary Boys ալբոմը 1979 թվականի մայիսին։ Ձայնասկավառակի մեջ ընդգրկվել էին այն երգերը, որոնք գրել էր Սմիթը նախորդ երկու կամ երեք տարիներին ընթացքում։ Սմիթը հիշում է, որ ձայնասկավառակը ձայնագրվել էր Լոնդոնի Morgan Studios-ում երեք գիշերվա ընթացքում այն սարքավորումներով, որոնց վրա ցերեկը ձայնագրում էին The Jam[12]։ Ստուդիական աշխատանքում խմբի քիչ փորձառության պատճառով Փերին և ձայնագրող ռեժիսոր Մայք Հեջեսը ամբողջովին վերահսկում էին ձայնագրության ընթացքը[13]։ Երաժիշտները, հատկապես՝ Սմիթը, այնքան էլ գոհ չէին իրենց դեբյուտից։ 1987 թվականի հարցազրույցի ժամանակ Ռոբերտն ասել էր. «Մակերեսային աշխատանքն ինձ դուր չէր գալիս նույնիսկ ձայնագրության ժամանակ։ Կային շատ նկատառումներ, որ ալբոմը հնչում է չափազանց հասարակ ձևով, և ես կարծում եմ, որ դրանք արդարացված էին։ Նույնիսկ երբ մենք ավարտեցին այն, ես դեռևս ցանկանում էին որոշակի փոփոխություններ կատարել»[14]։

«Boys Don’t Cry» երկրորդ սինգլը թողարկվեց հունիսին։ Դրանից հետո The Cure-ը որպես համերգի սկզբում հանդես եկող խումբ մեկնեց շրջագայությունների Siouxsie and the Banshees-ի հետ՝ նրանց վերջին՝ Join Hands ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ։ Շրջագայությունը շարունակվում էր օգոստոսից մինչև հոկտեմբեր և գրավեց Անգլիան, Հյուսիսային Իռլանդիան և Ուելսը։ Շրջագայության ընթացքում Սմիթը ստիպված էր լինում ամեն երեկո հանդես գալ միանգամից երկու խմբերի կազմում, քանի որ The Banshees-ի կիթառահար Ջոն Մքքեյը լքել էր խումբը[15]։ Այդ փորձը շատ ուժեղ կերպով ազդել էր Ռոբերտի վրա. «The Banshees-ի հետ հանդես գալու առաջին գիշերը ես ցնցված էի նրանով, թե ինչքան լավ կարող եմ նվագել նման երաժշտություն։ Այն այնքան տարբերվում էր The Cure-ի երաժշտությունից։ Մինչ այդ պահը ես ցանկանում էի, որ մենք նվագեինք Buzzcocks-ի, Էլվիս Կոստելլոյի կամ մինչպանկյան The Beatles-ի պես։ Լինելով Banshee-ից մեկը՝ ես ամբողջովին փոխեցի իմ հայացքները»[16]։

Թվով երրորդ «Jumping Someone Else’s Train» սինգլը լույս տեսավ 1979 թվականի հոկտեմբերին։ Փոքր-ինչ ուշ Դեմփսիին ազատեցին խմբից նյութը չընդունելու պատճառով, որը Սմիթը ներկայացրել էր նոր ձայնասկավառակի ձայնագրության համար[17]։ Դեմփսին դարձավ Associates խմբի անդամը, իսկ The Cure-ին միացան Սայմոն Գելափը (բաս կիթառ) և Մեթյու Հարթլին (ստեղնաշարային գործիքներ) The Magspies խմբից։ The Cure, The Passions և The Associates խմբերը պայմանագրեր ունեին Fiction Records-ի հետ. 1979 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացրին Future Pastimes Tour շրջագայությունն Անգլիայով։ The Cure-ը փոփոխված կազմով կատարում էին երգեր, որոնք սպասվում էին թողարկվել նոր ձայնասկավառակում[18]։ Միաժամանակ դրա հետ՝ ՍՄիթը, Թոլհերսթը, Դեմփսին, Գելափը, Հարթլին Թոմփսոնը, նրանց ընկերները և բարեկամները բեք վոկալում և տեղի փոստատար Ֆրենկի Բելը՝ որպես հիմնական վոկալիստ թողարկեցին «I’m a Cult Hero» վինիլային սինգլ Cult Hero հորինված անունով[19]։

Գոթական ժամանակաշրջան արվեստում (1980-1982)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայմոն Գելափ

Քանի որ առաջին ձայնասկավառակը թողարկելու ժամանակ խումբը ամբողջովին չէր վերահսկում ձայնագրության ընթացքը, Սմիթն ավելի ուշադիր կերպով մոտեցավ երկրորդ Seventeen Seconds ձայնասկավառակի ձայնագրության հարցին, որի պրոդյուսերն ինքն էր Մայք Հեջեսի հետ միասին[20]։ Seventeen Seconds-ը թողարկվել էր 1980 թվականին և պաշտոնական բրիտանական չարթում հասել էր 20-րդ հորիզոնականի[21]։ «A Forest» ալբոմային սինգլը դարձավ խմբի առաջին հիթը՝ զբաղեցնելով 31-րդ հորիզոնականը ազգային չարթում[21]։ Նոր ձայնասկավառակում The Cure-ը հեռացավ առաջին սկավառակի տրամադրությունից. երգերի սյուժեները հոռետեսական են կամ ընդհանրապես անելք են[22]։ Հեջեսը նոր ձայնագրությունն անվանեց «խավարոտ, մթնոլորտային և ամբողջովին տարբերվող Three Imaginary Boys-ից»[23]։ Ձայնասկավառակի քննադատության մեջ NME-ի լրագրողը նշել էր. «Անհնար է թվում, որ այնպիսի երիտասարդ խումբը, ինչպիսին The Cure-ն է, նման հեռավորություն է հաղթահարել այսպիսի կարճ ժամանակաընթացքում»[24]։ ՄԻևնույն ժամանակ Սմիթը հիվանդագին էր ընդունում մամուլում ստեղծված խմբի «հակաիմիջի» մոտեցումը[25]։ Ռոբերտը հրապարակայնորեն հայտարարում էր, որ արդեն մինչև կոկորդը գոհ է «հակաիմիջի» ակնարկներից, որոնք վերագրում էին խմբին՝ կարծելով, որ այդկերպ մտածված ձևով փակում է իր արվեստի պարզությունը։ Իր խոսքերով՝ «մենք պետք է մեզնից հետ մղեինք հակաիմիջը, որը մենք երբեք չէինք ստեղծել։ Կա զգացողություն, որ մենք փորձում էինք չհասկացված լինել։ Մենք պարզապես չենք սիրում նույնությունը ռոք երաժշտության մեջ։ Սակայն այդ ամենը դուրս է եկել վերահսկողությունից»[26]։ Նույն թվականին Three Imaginary Boys-ը թողարկվեց ամերիկյան շուկայում Boys Don’t Cry անունով։ Ալբոմը փոխել էր շապիկը, և այնտեղ ավելացրել էին 1979 թվականին թողարկված սինգլները։ The Cure-ը մեկնել էր իր առաջին համաշխարհային շրջագայությանը՝ նոր թողարկումները տարածելու նպատակով։ Շրջագայությունից հետո Մեթյու Հարթլին լքեց խումբը։ «Ես եկա այն եզրակացությանը, որ խումբը շարժվում էր խավար սուիցիդիալ երաժշտության կողմը, և դա բացարձակապես այն չէ, ինչ ինձ հետաքրքրում է», - ասել էր նա[27]։

Խումբը Մայք Հեջեսի հետ միասին հավաքվել էր երրորդ Faith (1981) ալբոմի աշխատանքները կատարելու համար, որը շարունակում էր տառապանքների թեման, որ սկսվել էր Seventeen Seconds-ում[28]։ Ձայնասկավառակը բրիտանական չարթում հասավ 14-րդ հորիզոնականին[21]։ Ձայներիզների վրա առկա էր նաև Carnage Visors ֆիլմի ինստրումենտալ սաունդթրեքը։ Այդ անիմացիոն աշխատանքը ցուցադրվում էր խմբի ելույթներից առաջ Picture Tour-ի ժամանակ՝ 1981 թվականին[29]։ Նույն թվականի վերջին թողարկվեց «Charlotte Sometimes» սինգլը, որը չմտավ ձայնասկավառակի կազմի մեջ։ Այդ ժամանակաընթացքում ալբոմների տրամադրությունը թոխանցվում էր երաժիշտներին. The Cure-ը հրաժարվում էր կատարել հին երգեր, իսկ երբեմն Սմիթը, որ մտել էր կերպարի մեջ, լքում էր բեմը համերգից հետո ամբողջովին արցունքների մեջ[30]։

1982 թվականին The Cure-ը ձայնագրեց և թողարկվեց Pornography ձայնասկավառակը, ոը խմբին ապահովեց գոթական ռոքի բեմի առաջատարների կարգավիճակը[31]՞ Սմիթը խոստովանել էր, որ ստուդիայում աշխատանքի ժամանակ նա «լուրջ էմոցիոնալ սթրես էր ապրում։ Սակայն դա ոչ մի կապ չուներ խմբի հետ, պարզապես ես անցել էի նոր աստիճանի, ես մեծացել էի, և փոխվել էին իմ հայացքները դեպի կյանքը։ Կարծում եմ՝ ես մոտեցել էի ձայնագրությանը՝ գտնվելով անդունդում։ Հետ նայելով և լսելով ինձ շրջապատող մարդկանց կարծիքները՝ ես հասկանում եմ, որ ավելի շուտ հրեշ էի մարդու տեսքով»[14]։ Գելափն այսպես էր հիշում ձայնասկավառակի մասին. «Մեզ գրավեց նիիլիզմը […] Մենք երգում էինք. «Բացարձակ էական չէ, որ մենք բոլորս կմահանանք» - և իականում մենք այդ ժամանակ այդպես էինք մտածում»[32]։ Քրիս Փերին անհանգստացած էր նրանով, որ ալբոմում չկար երգ ռադիոյի համար, և խնդրել էր Սմիթին և պրոդյուսեր Ֆիլ Թորնելին պատրաստել «The Hanging Garden» երգը սինգլ թողարկելու նպատակով[33]։ Չնայած Pornography սկավառակի ոչ մեյնսթրիմային հնչողությանը՝ այն դարձավ խմբի առաջին աշխատանքը, որը մտավ բրիտանական չարթի թոփ-10՝ հասնելով ութերորդ համարին[21]։ Ալբոմի աջակցության համար սկսվեց Fourteen Explicit Moments շրջագայությունը, որի ընթացքում խումբը առաջին անգամ սկսեց բեմ դուրս գալ իր դասական կերպարով՝ մասիվ վարսահարդարումով և մեծ թվով շրթներկով ներկված դեմքով[34]։ Շրջագայության ընթացքում տեղի ունեցան մի քանի միջադեպեր (այդ թվում վեչ Ռոբերտի հետ), որոնք դրդեցին Սայմոն Գելափին հեռանալ խմբից։ Գելափը և Սմիթը վեճից հետո տասնութ ամիսների ընթացքում միմյանց հետ չէին խոսում[35]։

Աճող կոմերցիոն հաջողություն (1983-1988)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբից Գելափի հեանալը և Սմիթի համագործակցությունը Siouxsie and the Banshees-ի հետ շշուկներ առաջացրին The Cure-ի անկման մասին։ 1982 թվականի դեկտեմբերին Ռոբերտը Melody Maker հրատարակչությանը տված հարցազրույցում նկատեց. «Կշարունակի՞ The Cure-ն իր գոյությունը։ Ես անընդհատ ինձ այդ հարցն եմ տալիս […] ես չեմ կարծում, որ կկարողանամ աշխատել նույն ձևաչափով։ Ինչ էլ որ պատահի, ես, Լոուրենսը և Սայմոնը երբեք միասին չենք լինի։ Ես դրանում համոզված եմ»[36]։

Փերին հետաքրքրված էր իր լեյբլի ամենաեկամտաբեր խմբի պահպանմամբ։ Նա եկավ այն եզրակացությանը, որ The Cure-ը պետք է փորձի փոխել երաժշտական ոճը։ Փերին այդ միտքը հայտնել էր Սմիթին և Թոլհերսթին. նրա խոսքերով՝ «այդ բառերը հիմնականում ուղղվածէ ին Սմիթին, որը ցանկանում էր The Cure-ի վերջը տալ ամեն դեպքում»[37]։ Թոլսհերսթի հետ դուետը 1982 թվականի վերջին ձայնագրեցին «Let’s Go to Bed» սինգլը։ Չնայած Սմիթը դիտարկում էր սինգլը որպես անցողիկ և «հիմար» երգ մամուլի համար[38], սինգլը հասավ որոշակի հաջողության և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի չարթում[21]։ Ապա արդեն 1983 թվականին հաջորդեցին երկու առավել հաջողակ սինգլներ. սինթեզատորային «The Walk» New Order-ի ոգով (12-րդ հորիզոնական չարթում) և ջազային երաժշտությունների վրա հիմնված «The Lovecats»[22]: Վերջինս դարձավ առաջին սինգլը, որը մտավ բրիտանական չարթի տասնյակի կազմի մեջ՝ բարձրանալով յոթերորդ հորիզոնական[21]։ Սուրբ ծնունդին այդ սինգլները և բի-սայդները միավորվեցին Japanese Whispers ժողովածուում, кորը պլանավորում էին վաճառել միայն Ճապոնիայում, սակայն ձայնագրող ընկերությունը որոշում ընդունեց թողարկել այն ողջ աշխարհում։ Նույն ժամանակաընթացքում Սմիթը և The Banshees-ի բասիստ Սթիվ Սևերինը հիմնեցին The Glove խումբը, որի հետ ձայնագրեցին Blue Sunshine ալբոմը։ Միևնույն ժամանակ Թոլհերսթը հանդես եկավ որպես And Also the Trees խմբի առաջին երկու սինգլների և առաջին ալբոմի պրոդյուսեր։

1984 թվականին The Cure-ը թողարկեց The Top ալբոմը, որտեղ հստակորեն հետևում են փսիխոդելիկ ռոքի ազդեցությանը։ Սմիթի խոսքերով՝ ալբոմը ձայնագրում էին լեյբլի նկատմամբ պայմանագրային պարտականությունների ճնշմամբ[12]։ Ռոբերտը նվագել էր բոլոր գործիքների վրա, բացի հարվածային գործիքներից, որոնք զբաղեցրել էր Էնդի Անդերսոնը, և սաքսաֆոնից, որը նվագում էր խումբ վերադարձած Փորլ Թոմփսոնը։ Ալբոմը մտավ Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակի կազմում[21] և դարձավ The Cure-ի առաջին աշխատանքը, որը հայտնվեց ԱՄՆ Billboard 200-ի ազգային չարթ՝ հասնելով 180-րդ հորիզոնականի[39]։ Melody Maker-ը գովել էր ալբոմը՝ անվանելով այն «փսիխոդելիա, որը չունի տարիք»[40]։ The Cure-ը Սմիթի, Թոմփսոնի, Անդերսենի և բաս կիթառ նվագող պրոդյուսեր Ֆիլ Թորնելիի կազմով մեկնեց աշխարհային Top Tour շրջագայության։ Այդ շրջագայության արդյունքներով թողարկվեց Concert: The Cure Live առաջին համերգային ալբոմը։ Արդեն մինչ շրջագայությունը Էնդի Անդերսենը ազատվեց խմբից այն ավերածությունների համար, որ նա արել էր հյուրանոցի սենյակում։ Հարվածային գործիքներ նվագելու համար հրավիրվել էր Բորիս Ուիլյամսը[41]։ Ֆիլիպ Թորնելին ևս լքեց խումբը, սակայն արդեն հոգնածության և անընդհատ տեղափոխությունների պատճառով[42]։ Բասիստի տեղը որոշ ժամանակ թափուր էր, քանի որ The Cure-ի տեխնիկ Գերի Բիդլզը կարողացել էր հաշտեցնել Սմիթին և Գելափին, որն այդ ժամանակ նվագում էր Fools Dance խմբում[43]։ Ռոբերտը շատ ուրախ էր Սայմոնի վերադարձի համար։ Melody Maker-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Մենք կրկին խումբ դարձանք»[44]։

1985 թվականին խումբը նոր կազմով թողարկվեց The Head on the Door ձայնասկավառակը։ Այդ ձայնասկավառակի մեջ երաժիշտները միավորել էին երգեցիկ և հոռետեսական մոտիվները, որոնցից նախկին աշխատանքներում գերակշռում էր ինչ-որ նույն բան[45]։ Ալբոմը յոթերորդ հորիզոնականի էր հասել Մեծ Բրիտանիայում և առաջին անգամ The Cure-ը հայտնվեց ԱՄՆ-ի թոփ-75-ում՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը[21][39]։ Միջազգային հաջողությունը ուղեկցում էր նաև ալբոմի երկու սինլգներին. «In Between Days» և «Close to Me»: 1986 թվականին՝ ալբոմի աջակցության համար համաշխարհային շրջագայությունից հետո The Cure-ը թողարկեց Standing on a Beach սինգլների հավաքածուն երեք ձևաչափերով. յուրաքանչյուրը առանձնացող երգացանկով։ Ժողովածուում, մասնավորապես, վերաթողարկվել էին «Boys Don’t Cry» (նոր տարբերակով), «Let’s Go to Bed» և «Charlotte Sometimes» երգերը։ Ժողովածուն հայտնվել էր ԱՄՆ-ի թոփ-50-ում[39]։ Նաև թողարկվել էր Staring at the Sea ժողովածուն, որը ընդգրկում էր տեսահոլովակներ։ Շրջագայությունը, որը կայացել էր ժողովածուի աջակցության նպատակով, դարձել էր հիմնականը նոր The Cure in Orange համերգային ալբոմի համար, որը ձայնագրվել էր Ֆրանսիայում։ Այդ ժամանակաընթացքում The Cure-ը շատ հայտնի դարձավ Եվրոպայում, մասնավորապես Բենիլյուքսի երկրներում, Ֆրանսիայում և Գերմանիայում և ստիպեց իր մասին խոսել ԱՄՆ-ին[46]։

1987 թվականին The Cure-ը թողարկեց առաջին ձայնասկավառակը Kiss Me, Kiss Me, Kiss Me «մեծ եռյակից», որը զբաղեցրեց վեցերորդ և երեսունհինգերորդ հորիզոնականները Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում համապատասխանաբար[21][39][47]։ «Why Can’t I Be You?» առաջին սինգլի հաջողությունը ամրապնդվեց «Just Like Heaven» երրորդ սինգլով, որը հայտնվեց Billboard Top 40-ում[48] և դարձավ խմբի ամենահայտնի և նշանակալի աշխատանքներից մեկը։ Ձայնասկավառակի թողարկումից հետո The Cure-ը մեկնեց Kissing Tour-ի, որի ժամանակ Թոլհերսթի մոտ խնդիրներ հայտնաբերվեցին ալկոհոլի հետ, և շուտով նա հասկացավ, որ ունակ չէ համերգներին մասնակցել։ Նրա փոխարեն հրավիրվեց Ռոջեր Օ’Դոնելը[49]։ 1988 թվականին The Cure-ը թողարկեց The Peel Sessions-ը՝ Ջոն Փիլի ռադիոյի սկսնակ խմբի 1978 թվականի դեկտեմբերի ելույթի ձայնագրությունը[22]։

Disintegration և համաշխարհային հաջողություն (1989-2002)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փորլ Թոմփսոն

1989 թվականին թողարկվեց Disintegration ձայնասկավառակը։ Վերջինս ուներ խավարոտ գոթական բնույթ Faith-ի և Pornography-ի պես[50]։ Ալբոմից երեք սինգլ հայտնվեցին թոփ-30-ում Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում («Lullaby», «Lovesong» և «Pictures of You»), իսկ ձայնասկավառակը Մեծ Բրիտանիայի ազգային չարթում հասավ երրորդ հորիզոնականը, իսկ Billboard 200-ում՝ 12-րդի[21][39][48]։ «Fascination Street»-ը՝ առաջին սինգլը՝ թողարկված միայն Ամերիկայի տարածքում, հասավ առաջին հորիզոնականի Hot Modern Rock Tracks չարթում, սակայն այդ հաջողությունը բավականին արագ խամրեցրեց մեկ այլ հաջողություն. «Lovesong» երրորդ սինգլը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում՝ դառնալով The Cure-ի միակ երգը, որը հայտնվել է ԱՄՆ-ի թոփ-10 սինգլների շարքում[48]։

Disintegration-ի ձայնագրության ժամանակ խումբը Սմիթին վերջնագիր էր ներկայացրել. կա՛մ գնում Թոլհերսթը, կա՛մ մնացած երաժիշտները[51]։ 1989 թվականի փետրվարին Թոլհերսթի հեռանալը խմբից պաշտոնապես հաստատվեց ԶԼՄ-ում[52]։ Այդպիսով, Ռոջեր Օ’Դոնելը դարձավ The Cure-ի լիիրավ անդամ, իսկ Սմիթը մնաց միակ երաժիշտը, որը գտնվում էր խմբում հիմնադրման առաջին իսկ օրվանից։ Սմիթն ասում էր, որ Թոլհերսթը դադարել էր բավական ուժ ներդնել գործում և չարաշահում էր ալկոհոլը։ Քանի որ Լոուրենսը ներկա էր Disintegration-ի ձայնագրության ժամանակ, նրա անունը հիշատակվել էր ալբոմին կից գրքույկում որպես մարդ, որը նվագել էր «այլ գործիքների վրա», չնայած հայտնի է, որ ձայնասկավառակի ձայնագրությանը նա ոչ մի մասնակցություն չի ունեցել։ The Cure-ը մեկնեց նաև շրջագայություն, որ կրում էր Prayer Tour անունը, որը անցավ մեծ հաջողությամբ։

1990 թվականի մայիսին Ռոջեր Օ’Դոնելը լքեց խումբը, և ստեղնաշարային գործիքներ նվագողի տեղը գրավեց Փերի Բեմոունթ։ Նոյեմբերին The Cure-ը թողարկեց Mixed Up ռեմիքսների ժողովածուն։ Վերջինս սառը կերպով էր ընդունվել ունկնդիրների կողմից և բարձր հորիզոնականներ չարթերում չէր գրավել[53]։ «Never Enough» երգը միակն, որ թողարկվել էր որպես սինգլ։ 1991 թվականին The Cure-ը հաղթեց BRIT Award-ում «Լավագույն բրիտանական խումբ» անվանակարգում[54]։ Նույն թվականին Թոլհերսթը դատի տվեց Սմիթին և Fiction Records-ին՝ հայտարարելով, որ նա «The Cure» անվան համասեփականատերն է Սմիթի հետ միասին։ 1944 թվականին դատարանը որոշում ընդունեց հօգուտ Սմիթի։ 2000 թվականին հին ընկերները հաշտվեցին, և Թոլհերսթը նույնիսկ խմբի մի քանի համերգի ներկա եղավ[55]։ Չնայած շարունակական դատական գործընթացներին՝ խումբն անցավ նոր ձայնասկավառակի ձայնագրությանը[56]։ Wish ձայնասկավառակը առաջին տեղը զբաղեցրեց Բրիտանիայում և երկրորդը՝ ԱՄՆ-ում։ «High» և «Friday I’m in Love» սինգլները դարձան միջազգային հիթեր[21][39]։ Ռոբերտ Քրիսթհաուն ալբոմը անվանեց լավագույնը խմբվի կարիերայում[57]։ The Cure-ը հերթական անգամ մեկնեց համաշխարհային Wish Tour շրջագայության Cranes խմբի հետ և արդյունքում երկու համերգային ալբոմ թողարկեց։ Show անունը կրող համերգը կայացել և ձայնագրվել էր 1993 թվականի սեպտեմբերին Դեթրոյթի մերձակայքում գտնվող Օբերն Հիլսում, իսկ հոկտեմբերին Փարիզում կայացած համերգը հրատարակվել էր որպես Paris: 1993 թվականին թողարկվեց Lost Wishes մինի սկավառակը, որը կազմված էր 1991 թվականի գործիքային ձայնագրություններ, բացի այդ՝ յուրաքանչյուր երգ գրվել էր առանձին հեղինակի կողմից (Ռոբերտ, Փորլ, Սայմոն և Փերի)։

Wish-ի և հաջորդ ձայնասկավառակը թողարկելու միջև ընկած ժամանակաընթացքում խմբում կրկին կազմի փոփոխություններ տեղի ունեցան։ Թոմփսոնը քլեց խումբը, որպեսզի մասնակցեր Page and Plant սուպերխմբի համերգներին, որը բաղկացած էր Led Zeppelin խմբի անդամներից՝ Ջիմի Փեյջ և Ռոբերտ Պլանտ։ Բորիս Ուիլյամսը ևս լքեց խումբը, և նրան փոխարինելու եկավ Ջեյսոն Քուփերը։ Ալբոմի վրա ստուդիական աշխատանքները սկսեցին 1994 թվականին, երբ խմբի անդամներն ին միայն Սմիթն ու Բեմոունթը։ Ավելի ուշ նրանց միացան Գելափը, որը խնդիրներ ուներ առողջության հետ, և Ռոջեր Օ’Դոնելը, որին խնդրել էին վերադառնալ խումբ տարվա վերջին[58]։ Չնայած այդ ժամանակ Սմիթը ռադիոյում անընդհատ ունկնդրելու երգեր էր ստեղծում, Wild Mood Swings-ը, թողարկված 1996 թվականին, սառը ընդունվեց հանդիսատեսի կողմից և վերջ դրեց կոմերցիոն հաջողություն ունեցող երգերի շարքին[12][59]։ Սմիթը անհաջողությունը բացատրեց այն բանով, որ ալբոմը թողարկվել էր բավականն մեծ դադարից հետո և բացի այդ ընդգրկում էր տարբեր ոճի երգեր[12]։ Տարվա սկզբին The Cure-ը Հարավային Ամերիկայում հանդես եկավ մի քանի փառատոններում, որոնց հաջորդեց համաշխարհային շրջագայությունը։ 1997 թվականին լույս տեսավ տարվե մեջ թվով երկրորդ «Wrong Number» նոր սինգլը։ 1998 թվականին The Cure-ը ձայնագրեց «More Than This» երգը՝ որպես «Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար» ֆիլմի սաունդթրեք, և Depeche Mode խմբի «World in My Eyes» երգի քավեր տարբերակը For the Masses տրիբյուտ ալբոմի համար։

Պայմանագրով խումբը պետք է ձայնագրեր ևս մեկ ձայնասկավառակ։ Wild Mood Swings-ի և Galore-ի կոմերցիոն անհաջողություններից հետո Սմիթը կարծում էր, որ իրավիճակը տանում է The Cure-ի անկմանը, և այդ պատճառով ցանկացավ անել առավել լուրջ, խորը ձայնասկավառակ[60]։ Bloodflowers-ի վրա աշխատանքները տարվում էին 1998 թվականից, թողարկումը կայացավ 2000 թվականին[61]։ Սմիթի խոսքերով՝ այդ դարձավ իմպրովիզ եռամիասնության վերջին մասը, որոնց թվում էին նաև Pornography-ն և Disintegration[62]։ Խումբը նաև տասնամսյա Dream Tour շրջագայությունը անցկացրեց, որիւ համերգներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց մեկ միլիոն մարդ։ 2001 թվականին The Cure-ը լքեց Fiction-ը և թողարկեց Greatest Hits ձայնասկավառակը և DVD լավագույն տեսահոլովակներով։ 2002 թվականին խումբը հեդլայներ էր տասներկու խոշոր ամառային փառատոններում և երեք շարունակական համերգ ունեցավ (մեկը՝ Բրյուսելում և երկուսը՝ Բեռլինում), որոնց ընթացքում հետևողականորեն կատարում էին Pornography, Disintegration և Bloodflowers ձայնասկավառակները։ Բեռլինում երկու համերգները դարձան The Cure: Trilogy DVD-ի հիմքը, որը թողարկվեց 2003 թվականին[62]։

Ներկա (2003 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին The Cure-ը պայմանագիր ստորագրեց Geffen Records-ի հետ։ 2004 թվականին թողարկվեց Join the Dots: B-Sides and Rarities, 1978–2001 (The Fiction Years) բոքս-սեթը, որը բաղկացած էր չորս սկավառակներից։ Այդ ժողովածուն ընդգրկում էր յոթանասուն երգ, այդ թվում՝ ավելի վաղ չթողարկվածներից, և 76-էջանոց գրքույկ խմբի պատմությամբ և գունավոր լուսանկարներով։ Ալբոմը բարձրացավ 106-րդ հորիզոնական ամերիկյան չարթում[39]։ Նույն թվականին խումբը նոր լեյբլում թողարկեց իր տասներկուերորդ ձայնասկավառակը, որը պարզապես կոչվում էր The Cure, և ձայնագրեցին այն նոր պրոդյուսերի՝ Ռոս Ռոբիսոնի հետ, որն ավելի վաղ աշխատել էր Korn-ի և Slipknot-ի հետ, ինչը արտահայտվեց նոր ալբոմի հնչողության մեջ[12]։ Սկավառակը հայտնվեց Ատլանտիկայի երկու կողմերի չարթերի թոփ-10-ում[21][39]։ Սկավառակի աջակցության համար մայիսին խումբը որպես հեդլայներ նվագեց Կոաչելայի ժամանակ։ Օգոստոսի 24-ից մինչև 29-ը The Cure-ը ԱՄՆ-ում Curiosa անունը կրող համերգային շրջագայություն անցկացրեց։ Յուրաքանչյուր համերգի ժամանակ երկու բեմ ին ձևավորում. գլխավոր բեմի վրա նվագում էին The Cure, Interpol, The Rapture և Mogwai, իսկ երկրորդ բեմի վրա հանդես եկողների թվում էին Muse, Scarling, Մելիսա Աուդ դեր Մաուրը և Thursday: Curiosa-ն դարձավ 2004 թվականին Ամերիկայում անցկացրած ամենահաջողված ամառային փառատոններից մեկը[63]։ Նույն թվականին խումբը ստացավ MTV Icon մրցանակը և հանդես եկավ հեռուստատեսությունում։

The Cure-ի համերգը 2004 թվականին։ Ձախից աջ՝ Ռոբերտ Սմիթ, Ջեյսոն Քուփեր և Սայմոն Գելափ

2005 թվականի մայիսի Ռոջեր Օ’Դոնելը և Փերի Բեմոունթը դուրս եկան խմբից։ Օ’Դոնելի խոսքերով՝ Սմիթն իրեն ասել էր, որ պատրաստվում էր խմբի անդամների քանակը հասցնել երեքի։ Առավել վաղ Օ’Դոնելն ասել էր, որ իմացել էր շրջագայության ամսաթվերի մասին միայն շնորհիվ խմբի երկրպագուների կայքի[64]։ Խմբի մնացած անդամները՝ Սմիթը, Գելափը և Քուփերը, մի քանի անգամ հանդես եկան որպես եռյակ, մինչ հունիսին հայտարարվեց Փորլ Թոմփսոնի՝ խումբ վերադառնալու մասին, որը դարձավ խմբի լիիրավ անդամ ամառային փառատոնների ժամանակ, այդ թվում՝ հուլիսի 2-ին Փարիզում կայացած Live 8-ի ժամանակ։ Ավելի ուշ խումբը ձայնագրեց Ջոն Լենոնի «Love» երգի քավերը Make Some Noise ձայնասկավառակի համար։ 2006 թվականի ապրիլի 1-ին The Cure-ը հանդես եկավ Ալբերտ հոլում Teenage Cancer Trust կազմակերպության բարեգործական համերգի ժամանակ։ Այդ թվականին դա նրանց վերջին ելույթն էր։ Դեկտեմբերին թողարկվեց The Cure: Festival 2005 համերգային DVD-ն, որը ընդգրկում էր 2005 թվականի շրջագայությունից երեսուն երգ։

The Cure-ը անցավ տասներեքերորդ ձայնասկավառակի համար նոր նյութի ձայնագրությանը 2006 թվականին։ Սկզբում Սմիթը ծրագրում էր ձայնագրել կրկնալի սկավառակ[65]։ Օգոստոսին՝ ամենավերջին պահին, խումբը հայտարարեց, որ սկավառակի աշխատանքների հետ կապված՝ նրանց աշնանային հյուսիսամերիկյան շրջագայությունը տեղափոխվում է 2007 թվականի աշնանից 2008 թվականի գարուն[66]։ 4:13 Dream ձայնասկավառակը թողարկվեց 2008 թվականի աշնանը և ստացավ տարբեր կարծիքներ ինչպես մամուլում, այնպես էլ երկրպագուների շրջանում[67]։ Ձայնասկավառակի թողարկումից առաջ The Cure-ը թողարկում էր մեկական սինգլ մայիսից մինչև օգոստոս ընկած ամիսների յուրաքանչյուր երեսուներորդ օրը, իսկ սեպտեմբերին թողարկեց EP Hypnagogic States-ը, որից ստացած ողջ եկամուտը տրվեց ամերիկյան «Կարմիր խաչ» ֆոնդին։ 2009 թվականի փետրվարի 25-ին խումբը հաղթեց Godlike Genius («Աստվածանման հանճար») անվանակարգում և հանդես եկավ 2009 թվականի ShockWaves NME Awards մրցանակաբաշխության ժամանակ Լոնդոնում։

2011 թվականի սեպտեմբերի 5-ին The Cure-ը դարձավ Ուայթ կղզում անցկացվող «Bestival» փառատոնի հեդլայները՝ նվագելով վերադարձավ Ռոջեր Օ’Դոնելի հետ միասին։ Դեկտեմբերի 5-ին ելույթի տեսագրությունը թողարկվեց որպես կրկնակի համերգային սկավառակ՝ Bestival Live 2011[68][69]: Ձայնասկավառակը բաղկացած է 32 ստեղծագործությունից և թողարկվել է Sunday Best անհայտ լեյբլով։ Bestival Live-ը դարձավ խմբի առաջին համերգային սկավառակը՝ սկսած 1993 թվականից։ 2012 թվականին The Cure-ը որպես հեդլայներ հանդես եկավ Եվրոպայի ամառային փառատոններին, դրանց թվում էին՝ Primavera SoundԲարսելոնայում, Maxidrom-ը՝ Մոսկվայում, Ռոսկիլեի փառատոնը և Ռեդինգի ու Լիդսի փառատոնը[70]։ Շրջագայության ընթացքում խմբի երկրորդ կիթառահարը դարձավ Ռիվզ Գեբրելսը։ 2013 թվականին խումբը հանդես եկավ մի քանի խոշոր ամերիկյան և ասիական ռոք փառատոնների ժամանակ։

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Cure-ի վաղ տեսահոլովակները ցածր որակի էին, ինչը խոստովանում էին հենց իրենք՝ երաժիշտները։ Թոլհերսթն ասում էր. «Այդ հոլովակները բացարձակ սարսափ էին. մենք դերասաններ չէինք և չէինք կարող հանդիսատեսին հասցնել մեր անհատականությունը»[71]։ Օրավիճակը փոխվեց «Let’s Go to Bed»-ի թողարկումից հետո. այն առաջին տեսահոլովակն էր, որը նկարահանվել էր ռեժիսոր Թիմ Փոուփ հետ համագործակցությամբ։ Փոուփը The Cure-ի տեսահոլովակներին խաղի տարրեր ավելացրեց։ Ինչպես ասել էր Փոուփը Spin ամսագրին տված հարցազրույցում, նա «միշտ կարծել է, որ նրանք ունեն այդպիսի կողմ ևս, ուղղակի դա երբեք ցույց չէին տալիս»[14]։ 1980-ական թվականներին Փոուփը անընդհատ աշխատում էր խմբի հետ, և նրա տեսահոլովակները կարևոր դեր խաղացին խմբի ճանաչման գործում։ Նեդ Ռեգեթի (Allmusic) խոսքերով՝ նրա տեսահոլովակները դարձան The Cure-ի հոմանիշը[72]։ Փոուփը խոսում էր The Cure-ի մասին այսպես. «Ռոբերտ Սմիթն իսկապես հասկանում է տեսախցիկին։ Նրա երգերը կինոգենիկ են։ Ես նկատի ունեմ սա. առաջին մակարդակում հիմարությունն ու հումորն են, դրա տակ՝ Սմիթի հոգեբանական մանիան և կլաուստրոֆոբիան»[73]։

Ոճ և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Cure-ը Լիսաբոնում (2008 թվական)

The Cure-ը համարվում գոթիկ ռոքի և պոստպանկի ստեղծողներից և ամենանշանակալի կերպաներից մեկը[74][75]։ Բացի այդ՝ Սմիթը չէր ցանկանում, որ իր խմբին գոթիկ ռոթ ոճը վերագրեին. «Ցավալի է, որ մեզ պիտակում են որպես «գոթերի»։ Մենք դասակարգման ենթակա չենք։ Հնարավոր է՝ սկզբում մենք փոստպանկ էինք նվագում, սակայն, ընդհանուր առմամբ, դա անհնար է»[76]։ Սմիթը խոսում էր գոթիկ ռոքի մասին որպես «անհավատալիորեն ձանձրալի և միանման երաժշտության մասին։ Այն թաղումային է»[73]։ The Cure-ը նվագում էր նաև փոփին ուղղված երաժշտություն։ Ինչպես նշում էր Spin-ի խմբագիրը՝ «The Cure-ը միշտ երկուսից մեկն էր. կա՛մ <…> Ռոբերտ ՍՄիթը լողում է գոթական տխրության մեջ, կա՛մ շրթներկոտ մատներով նվագում է քաղցր, շաքարի բամբակի նման փոփ»[77]։

Խումբն առանձնանում Սմիթի ճանաչելի վոկալով։ Սմիթը չունի լայն վոկալային դիապազոն, սակայն վիբրատոյի օգտագործումը, առանցքային բառերի առանձնացումը, երգեցողության արագության փոփոխությունը Սմիթի երգելը դարձնում են էմոցիոնալ և զգացական[78]։

The Cure-ը դարձավ առաջին ալետրնատիվ խմբերից մեկը, որ կարողացավ հայտնվել չարթերում և կոմերցիոն հաջողություններ գրանցել, երբ ալտերնատիվ ռոքը դեռ չէր դարձել մեյնսթրիմի մաս։ 1992 թվականին NME-ը բնորոշեց The Cure-ին որպես «հիթերի ստեղծման գոթական սարք, միջազգային ֆենոմեն, և, սակայն, շատ հաջողակ ալտերնատիվ խումբ, որը երբևէ աշխարհի վրա գոյություն է ունեցել»[79]։ 1980-ական թվականներին The Cure-ն ավելի հաջողակ էր, քան իր ժամանակակիցները՝ The Smiths-ը և Happy Mondays-ը, չնայած 1990-ական թվականներին խմբի ճանաչվածությունը սկսեց անկում ապրել[80]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
Տարեթիվ Ձայնասկավառակ
1979 Three Imaginary Boys
1980 Seventeen Seconds
1981 Faith
1982 Pornography
1983 Japanese Whispers
1984 The Top
1985 The Head on the Door
1987 Kiss Me, Kiss Me, Kiss Me
1989 Disintegration
1992 Wish
1996 Wild Mood Swings
2000 Bloodflowers
2004 The Cure
2008 4:13 Dream
2024 Songs of a Lost World

The Cure-ի կազմն անընդհատ փոփոխությունների էր ենթարկվում, և միակ անփոփոխ մասնակիցը խմբում Ռոբերտ Սմիթն է։ Մշտական անդամներ կարելի է համարել նաև Սայմոն Գելափին (խմբում է 1979 թվականից,ոչ մեծ դադար. 1982-1985) և Ռոջեր Օ’Դոնելին (1987 թվականից, դադարներ. 1990-1995 և 2005-2011)։ 1995 թվականց սկսած մինչև ներկա ժամանակներս խմբի կազմի մեջ է մտնում Ջեյսոն Քուփերը։ Խմբի կազմի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2012 թվականին։

Ընթացիկ կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փորլ Թոմփսոն՝ կիթառ, ստեղնաշարային գործիքներ (1976-1978, 1984-1992, 2005-2010)
  • Մայքլ Դեմփսի՝ բաս-կիթառ (1976-1979)
  • Լոլ Թոլհերսթ՝ հարվածային գործիքներ (1976-1982, 2011), ստեղնաշարային գործիքներ (1981-1988, 2011)
  • Մեթյու Հարթլի՝ ստեղնաշարային գործիքներ (1979-1980)
  • Էնդի Անդերսոն՝ հարվածային գործիքներ (1984)
  • Ֆիլ Թորնելի՝ բաս-կիթառ (1983-1985)
  • Բորիս Ուիլյամս՝ հարվածային գործիքներ (1984-1994, 2001)
  • Փերի Բեմոունթ՝ ստեղնաշարային գործիքներ, կիթառ (1990-1994), կիթառ (1995-2005)

Ժամանակային սանդղակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lee, Steve. (2004 թ․ հուլիսի 8). «Move Day 2: The Cure interview». ManchesterEveningNews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 31-ին.
  2. Apter, 2006, էջ 26
  3. Apter, 2006, էջ 38
  4. Apter, 2006, էջ 46
  5. 5,0 5,1 Frost, Deborah. Taking The Cure With Robert // Creem Magazine. - 1987. - October 1.
  6. Apter, 2006, էջ 56-57
  7. Apter, 2006, էջ 62
  8. Apter, 2006, էջ 68
  9. Blashill, Pat Just Like Hell // Spin. — март 2000. — В. 3. — Т. 16. — С. 100-106. — ISSN 0886-3032.
  10. Hull, Robot A. The Cure: …Happily Ever After // Creem. - 1982. - January.
  11. Thrills, Adrian. Ain’t No Blues for the Summertime Cure // NME. - 1978. - December 16.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Crandall, B. (2004 թ․ հունիսի 18). «The Cure: Album by Album». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. Apter, 2006, էջ 84
  14. 14,0 14,1 14,2 Sweeting, Adam. «The Cure - Curiouser and Curiouser». Spin. July 1987.
  15. Apter, 2006, էջ 105
  16. [Interview of Robert Smith made by Alexis Petridis in 2003, Mark Paytress, ‘the Siouxsie & The Banshees official biography’, Sanctuary 2003, page 96]
  17. Apter, 2006, էջ 106
  18. Apter, 2006, էջ 112
  19. Apter, 2006, էջ 100-101
  20. Apter, 2006, էջ 114
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 Roberts, David (ed.). British Hit Singles & Albums. Nineteenth edition. HIT Entertainment, date=2006. Pg. 130. ISBN 1-904994-10-5
  22. 22,0 22,1 22,2 Steven Grant; Ira Robbins, Brad Reno. «Cure». Trouser Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  23. Apter, 2006, էջ 117
  24. Kent, Nick. Seventeen Seconds review // NME. 1980. - April 26.
  25. Gosse, Van. The Cure Play It Pure // Village Voice. - 1980. - April 21.
  26. Morley, Paul. Days of Wine and Poses // NME. - 1980. - July 12.
  27. Apter, 2006, էջ 126
  28. Apter, 2006, էջ 132
  29. Apter, 2006, էջ 136
  30. Apter, 2006, էջ 141
  31. Reynolds, Simon. Rip It Up and Start Again: Postpunk 1978-1984. - Penguin, 2005. - P. 358. - ISBN 0-14-303672-6.
  32. Apter, 2006, էջ 161
  33. Apter, 2006, էջ 158-159
  34. Apter, 2006, էջ 166-167
  35. Apter, 2006, էջ 171
  36. Sutherland, Steve. The Incurables // Melody Maker. - 1982. - December 18.
  37. Apter, 2006, էջ 174
  38. Apter, 2006, էջ 176
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 39,6 39,7 «Artist Chart History – The Cure: Albums». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  40. Kent, Nick. The Top review // Melody Maker. - 1984. - May 5.
  41. Apter, 2006, էջ 205
  42. Apter, 2006, էջ 207
  43. Apter, 2006, էջ 208
  44. Sutherland, Steve. A Suitable Case for Treatment // Melody Maker. - 1985. - August 17.
  45. Apter, 2006, էջ 209-210
  46. Apter, 2006, էջ xii-xiii.
  47. «Gold & Platinum: Searchable Database». Recording Industry Association of America. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Note: User needs to enter «The Cure» as a search term for the Artist.
  48. 48,0 48,1 48,2 «Artist Chart History – The Cure: Singles». Billboard. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  49. Apter, 2006, էջ 229
  50. Witter, Simon. The Cure: The Art of Falling Apart // Sky. - 1989. - June.
  51. Apter, 2006, էջ 238
  52. Apter, 2006, էջ 240
  53. Apter, 2006, էջ 252
  54. «Brit Awards > 1991». Brit Awards Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  55. Mitchell, Daniel. (2003). «Интервью Лоуренса Толхерста». Ink19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  56. Apter, 2006, էջ 255
  57. Christgau, Robert. «The Cure». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  58. Apter, 2006, էջ 270
  59. Apter, 2006, էջ 275
  60. Apter, 2006, էջ 281, 284
  61. Apter, 2006, էջ 284
  62. 62,0 62,1 Hodgkinson, W. (30 мая 2003). «Timeless tunesmith». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  63. Apter, 2006, էջ 295
  64. MacNeil, Jason. (2005 թ․ մայիսի 27). «Update: Two Members Exit The Cure». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
  65. Cohen, Jonathan. (2007 թ․ հուլիսի 9). «The Cure seeing double on 13th studio album». Yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  66. «North American Fall 2007 Cure shows re-scheduled for Spring». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  67. «Top of the Morning to You Sir Suretone Press Release». thecure.com. 2008 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  68. Lenta.ru: Музыка: The Cure выпустят благотворительный концертный альбом
  69. «The Cure – «Bestival Live 2011»». rollingstone.ru. 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  70. «2012 summer festivals». The Cure official homepage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  71. Apter, 2006, էջ 177-178
  72. Raggett, Ned. «Staring at the Sea: The Images». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  73. 73,0 73,1 Sandall, R. Caught In The Act // Q. — Май 1989.
  74. David Punter, Glennis Byron The Gothic. — Wiley-Blackwell, 2004. — P. 59. — 315 p. — ISBN 9780631220633
  75. Erlewine, Stephen Thomas. «The Cure». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  76. «Smith seeks cure for writers' block». Yahoo!. 6 декабря 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  77. Greenwald, Andy The Cure - The Head on the Door // Spin. — 2005. — В. 12. — Т. 21.
  78. Charles Allen Mueller The Music of the Goth Subculture: Postmodernism and Aesthetics. — ProQuest, 2008. — P. 70. — 245 p. — ISBN 9781109045741
  79. Collins, Andrew. The Mansion Family // NME. — 18 апреля 1992.
  80. Willmott, Ben. (14 августа 2007). «Have you goth an opinion on the Cure's comeback?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Apter, Jeff. Never Enough: The Story of the Cure (անգլ.). — Omnibus Press, 2006. — ISBN 1-84449-827-1.
  • Barbarian, Steve Sutherland L; Smith, Robert. Ten Imaginary Years (անգլ.). — Zomba Books, 1988. — ISBN 0-946391-87-4.
  • Bétrisey, Jean-Christophe; Fargier, David, One Hundred Songs The Dark Side Of The Mood (ֆր.)(անգլ.). — Editions du Tricorne, 2007.
  • Carman, Richard. Robert Smith: “The Cure” and Wishful Thinking (անգլ.). — Independent Music Press (UK), 2005. — ISBN 978-0-954-97041-3
  • Jeremy Wulc : My dream comes true : Carnet de route avec The Cure (ֆր.). — Camion Blanc, 2009.
  • Hopkins, S.; Smith, Robert; Foo, T. The Cure: A Visual Documentary (անգլ.). — Omnibus Press, 1988. — ISBN 0-7119-1387-0.
  • Thompson, Dave. In Between Days: An Armchair Guide To The Cure (անգլ.). — Helter Skelter Publishing, 2005. — ISBN 1-905139-00-4.
  • Thompson, Dave; Greene, Jo-Ann. The Cure: A Visual Documentary (անգլ.). — Omnibus Press, 1988. — ISBN 0-7119-1387-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Cure» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/The_Cure

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy