Jump to content

Ֆուլկ (Երուսաղեմի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուլկ
Foulque, Foulques
Ֆուլկ
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի արքա
1131 - 1143
Համակառավորող Մելիսենդա
Նախորդող Բալդուին II
Հաջորդող Մելիսենդա և Բալդուին III
Դրոշ
Դրոշ
Անժուի կոմս
1109 - 1129
Նախորդող Ֆուլկ IV Անժուացի
Հաջորդող Ժոֆրուա V Անժուացի
Դրոշ
Դրոշ
Մենի կոմս
1100 - 1126
Նախորդող Էլի I դյու Մեն
Հաջորդող Ժոֆրուա V Անժուացի
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1092 թվական
Ծննդավայր Անժի, Ֆրանսիա
Վախճանի օր 1143
Վախճանի վայր Աքքա
Թաղված Սուրբ Հարության տաճար
Դինաստիա Գատինե-Անժուացիներ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Ֆուլկ IV Անժուացի
Մայր Բերթրուդա դը Մոնֆոր
Ամուսին Իրմենգարդա Մենացի
Մելիսենդա
Զավակներ 1-ին ամուսնությունից՝ Մաթիլդա Անժուացի
Ժոֆրուա V Անժուացի
Էլի II Անժուացի
Սիբիլ
Իզաբել
2-րչ ամուսնութունից՝ Բալդուին III
Ամորի I

Ֆուլկ (լատին․՝ Fulco, ֆր.՝ Foulque, Foulques, 1092 թվական, Անժու, Ֆրանսիա - 1143 թվական, Աքքա), նաև հայտնի է որպես Ֆուլկ Երուսաղեմցի, Ֆուլկ V Երիտասարդ, Անժուի կոմս (1089/1092 - 1143 թվական նոյեմբերի 13)։ Անժուի և Տյուրոսի կոմս 1109-1129 թվականներին, Մենի կոմս 1110-1129 թվականներին, Երուսաղեմի արքա 1131 թվականից։ Երուսաղեմի թագուհի Մելիսենդայի ամուսինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլկը ծնվել է Անժուում, 1089-ից 1092 թվականների միջև և հանդիսանում էր Անժուի կոմս Ֆուլկ IV-ի և Բերթրուդա դը Մոնֆորի որդին։ 1092 թվականին Բերթրուդան լքում է ամուսնուն և ամուսնանում արքա Ֆիլիպ I-ի հետ։

Ֆուլկը Անժուի կոմս է դառնում հոր մահվանից հետո, 1109 թվականին։ Հաջորդ տարի նա ամուսնանում է Էրմենգարդա Մենցու հետ, այդպիսով ամրապնդելով անժուացիների վերահսկողությունը Մեն կոմսության վրա։

Սկզբնապես Ֆուլկը արքա Հենրի I Անգլիացու հակառակորդն էր և արքա Լուի VI-ի կողմնակիցն էր, սակայն 1118 կամ 1119 թվականին նա դաշինք է կնքում Հենրիի հետ և Հենրին կազմակերպում է իր որդի և ժառանգորդ Վիլհելմ Ադելինի ամուսնությունը Ֆուլկի դուստր Մաթիլդայի հետ։

1119 կամ 1120 թվականին Ֆուլկը խաչակրաց արշավանքի է մեկնում և հարում տամպլիերներին։ Նա հայրենիք է վերադառնում 1121 թվականին, որից հետո սկսում է դրամական օժանդակություն հատկացնել տամպլիերներին։

1127 կամ 1128 թվականին Հենրի I-ը էլ ավելի է ամրապնդում Անժուի հետ դաշինքը, իր դուստր Մաթիլդային կնության տալով Ֆուլկի որդի Ժոֆրուային։

Ամուսնություն Մելիսենդայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուլկի և Մելիսենդայի ամուսնությունը

1127 թվականին Ֆուլկը պատրաստվում էր վերադառնալ Անժու, երբ գրություն է ստանում Երուսաղեմի արքա Բալդուին II-ից։ Բալդուինը չուներ արական սեռի ժառանգ և իր ժառանգորդ է հայտարարում դուստր Մելիսենդային։ Արքան հույս ուներ պաշտպանել դստեր ժառանգությունը նրան կնության տալով հեղինակավոր ասպետի։ Ֆուլկը հարուստ և փորձառու խաչակիր էր և, միևնույն ժամանակ, ամուրի։ Ռազմական բնագավառում նրա փորձը պետք է ծայրահեղ արժեքավոր լիներ թագավորության սահմանների պաշտպանության գործում։

Սակայն Ֆուլկը հավակնում էր ավելի բարձր կարգավիճակի, քան ուղղակի կառավարող թագուհու ամուսին, նա ցանկանում էր լինել արքա՝ Մելիսենդայի հետ։ Բալդուին II-ը խորհելով նրա առաջարկությունների շուրջ, արդյունքում համաձայնվում է։ Ֆուլկը հրաժարվում է կոմսի տիտղոսից՝ հօգուտ իր որդի Ժոֆրուայի և մեկնում է Երուսաղեմ, որտեղ ամուսնանում է Մելիսանդայի հետ 1129 թվականի հունիսի 2-ին։ Հետագայում Բալդուին II-ը ավելի է ամրապնդում թագավորությունում Մելիսենչայի դիրքերը, նրան դարձնելով Ֆուլկից նրա որդի Բալդուին III-ի միակ խնամակալը, ով ծնվել էր 1130 թվականին։

Ֆուլկի թագադրումը

Ֆուլկը և Մելիսենդան դառնում են Երուսաղեմի համատեղ կառավարիչները 1131 թվականին, Բալդուին II-ի մահից հետո։ Ֆուլկը սկսում է հավակնել ստանալու թագավորության վրա միանձնյա վերահսկողությունը։ Նա բարոններ է հրավիրում Անժուից և ցուցաբերում էր ձգտում կենտրոնացնելու իշխանությունը։ Հյուսիսում գտնվող խաչակիրների այլ պետություններ երկյուղում էին, որ Ֆուլկը կփորձի պարտադրել Երուսաղեմի ավատատիրությունը նրանց նկատմամբ։ Մելիսենդայի քույր Ալիս Անտիոքցին, ում Բալդուին II-ը վտարել էր թագավորությունից, իր վերահսկողության տակ է վերցնում Անտիոքը։ Նա դաշինքի մեջ է մտնում Տրիպոլիի կոմս Պոնսի և Ժոսլեն II Եդեսացու հետ և կազմակերպում են իրենց հողերի պաշտպանությունը Ֆուլկի կողմից հնարավոր ոտնձգություններից։ 1132 թվականին Ֆուլկը և Պոնսը ընդհարում են ունենում մի փոքրիկ ճակատամարտում, որի արդյունքներով հաշտություն է կնքվում և Ալիսը նորից վտարվում է։

Ֆուլկի պահվածքը վրդովեցնում էր քրիստոնյաների երկրորդ սերնդին, ովքեր մեծացել էին այնտեղ խաչակրաց առաջին արշավանքից։ «Տեղաբնակները» համախմբվում են Մելիսենդայի ոչ հարազատ եղբայր Հուգո II դը Պյուզեի՝ Յաֆֆայի կոմսի, շուրջ, ով անսահմանորեն հավատարիմ էր թագուհուն։ Ֆուլկը Հուգոյի մեջ հակառակորդ է տեսնում։ 1134 թվականին, որպեսզի վարկաբեկի Հուգոյին, Ֆուլկը նրան մեղադրում է Մելիսենդայի հետ սիրային կապի մեջ։ Հուգոն, ի նշան բողոքի, ապստամբում է և դաշինքի մեջ է մտնում Ասկալոնի մուսուլմանների հետ։ Նա կարողանում է հաղթել բանակին, որը նրա դեմ էր ուղակել Ֆուլկը, սակայն դա չի փոխում իրավիճակը։ Ընդհարմանը խառնվում է պատրիարքը։ Ֆուլկը համաձայնվում է հաշտության և Հուգոն երեք տարով վտարվում է թագավորությունից։

Հուգոյի կյանքի նկատմամբ մահափորձ է կատարվում։ Ֆուլկին և նրա կողմնակիցներին ավանդաբար համարում են պատասխանատու դրա համար, սակայն ուղղակի ապացույցներ չկային։ Խառնաշփոթը ձեռք է տալիս թագուհուն, ով պալատական հեղաշրջում է իրականացնում և իրեն է վերադարձնում արքունիքում առաջատար դիրքերը։ Վիլհելմ Տյուրոսցին գրում է, որ այդ ժամանակից ի վեր «երբեք չի փորձել իր վրա վերցնել նախաձեռնությունը, նույնիսկ մանրուքներում, առանց Մելիսենդայի համաձայնության»։ Արդյունքում Մելիսենդան 1136 թվականից ստանում է անսահմանափակ վերահսկողություն թագավորության վրա։ 1136 թվականից քիչ առաջ Ֆուլկը հաշտվում է Մելիսենդայի հետ և շուտով ծնվում է երկրորդ որդին՝ Ամորին։

Սահմանների պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երուսաղեմի թագավորությունը և հարևան երկրները 1135 թվականին

Երուսաղեմի թագավորության հյուսիսային սահմանը լուրջ անհանգստություն էր պատճառում։ Բալդուին II-ը Ֆուլկին նշանակում է Անտիոքի դքսության խնամակալ։ Անտիոքի հետ կապերի ամրապնդման նպատակով նա Ռայմունդ Անտիոքցուն ամուսնացնում է 10-ամյա Կոնստանցիայի հետ՝ Մելիսենդայի ազգականուհու և Բոհեմունդ II (Անտիոքի դուքս) ու Ալիսի դուստրը։

Ֆուլկի կառավարման ժամանակ առավել անհանգստություն առաջացնում էր Մոսուլից աթաբեկ Իմադ ալ-Դին Զանգիի հզորացումը։ 1137 թվականին Ֆուլկը, դաշինքի մեջ լինելով Դամասկոսի վեզիր Մուին ադ-Դին Ունուրի հետ, պարտություն է կրում Բաարինի ճակատամարտում։ Դամասկոսը նույնպես գտնվում էր Իմադ ալ-Դին Զանգիի կողմից վտանգի տակ։ Ֆուլկը գրավում է Բանիասի ամրոցը, Տիբերասից հյուսիս և այդպիսով ամրացնում է հյուսիսային սահմանը։

Ֆուլկը նաև ուժեղացնում է թագավորության հարավային սահմանները։ Նրա ծառայապետ Պայեն դը Միլին կառուցում է Կերակ ամրոցը Մեռյալ ծովից արևելք, իսկ որպեսզի անվտանգ դարձնի թագավորությունը եգիպիտական ասպատականություններից Կարմիր ծովի և Ասկալոնի կողմից, Ֆուլկը կառուցում է Բլանշ Գարդ, Իբելին և այլ ամրոցներ։

1137 և 1142 թվականներին բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսը այցելում է Սիրիա և փորձում է խաչակիրներին ենթարկել իր ավատատիրության։ Կայսրի մտադրությունը բանակի ուղեկցությամբ Երուսաղեմ ուխտագնացություն կազմակերպելու մասին, անհանգստացնում է Ֆուլկին և նա նամակ է գրում կայսրին, նշելով, որ իր թագավորությունը անկման և կործանման եզրին է և չի կարող տեղավորել նրա ամբողջ ազդեցիկ բանակը։ Այդ հարգալից և շողոքորթ պատասխանը ստիպում է Հովհաննես II Կոմնենոսին հրաժարվել ուխտագնացության գաղափարից։ Արդյունքում Հովհաննեսը մահանում է, այդպես էլ չհասցնելով կատարել այդ ուխտագնացությունը[1]։

Ֆուլկի մահը։ Մանրանկար Վիլհելմ Տյուրոսցու «Պատմություններ»-ից

1143 թվականին, այն ժամանակ, երբ արքան և թագուհին հանգստանում էին Աքքայում, Ֆուլկը մահանում է որսորդության ժամանակ դժբախտ պատահարից։ Նրա նժույգը սայթաքում է, ընկնում և Ֆուլկի գանգը սեղմվում է թամբի տակ, «և նրա ուղեղը դուրս է թափում ականջներից և ռունգերից», ինչպես նկարագրում է Վիլհելմ Տյուրոսցին։ Արքան բերվում է Աքքա, որտեղ ուշագնաց վիճակում պառկած է մնում երեք օրվա ընթացքում, որից հետո մահանում է։ Նա թաղվում է Երուսաղեմի Աստծո Գերեզման տաճարում։ Չնայած նրանց ամուսնությունը երջանիկ չէր, Մելիսենդան ողբում է նրան և սուգ է տանում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վիլհելմ Տյուրոսցու խոսքերի, Ֆուլկը «վարդագույն այտերով տղամարդ էր, ինչպես Դավիթը... հավատարիմ և նուրբ, սիրալիր և բարի... փորձառու ռազմիկ, լի համբերությամբ և իմաստությամբ ռազմական գործում»։ Նրա գլխավոր թերությունը անունների և դեմքերի թույլ հիշողությունն էր։

Իբն ալ-Կալանիսին լռում էր, որ իր բոլոր ռազմական տաղանդների առկայությամբ, Ֆուլկը թույլ կազմակերպիչ էր։ Նա չէր կարողանում անվտանգ դարձնել իր թագավորություննը Զանգիներից, ինչը արդյունքում հանգեցրեց Եդեսիայի անկմանը 1144 թվականին և Խաչակրաց երկրորդ արշավանքին։

1110 թվականին Ֆուլկը ամուսնանում է Էրմենգարդ Մենացու հետ։ Այդ ամուսնությունից ծնվում են.

  • Մաթիլդա Անժուացի (1111-1154), Վիլհելմ Ադելինի կինը, նրա մահից հետո՝ Ֆոնտևրո աբբայության մայրապետ
  • Ժոֆրուա V Պլանտագենետ (1113-1151), Հենրի II Պլանտագենետի հայրը
  • Սիբիլ Անժուացի (1112-1165), Վիլհելմ Կլիտոնի կինը, 1134 թվականից՝ Տյերի Էլզասցու
  • Էլի II (մահացել է 1151 թվականին), Մենի կոմս

1129 թվականին Ֆուլկը ամուսնանում է Մելիսենդայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվում են.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Runciman, Steven (1952) A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem, Cambridge University Press.
  • Medieval Women, the Ecclesiastical History Society, 1978
  • Payne, Robert. The Dream and the Tomb, 1984
  • The Damascus Chronicle of Crusades, trans. H.A.R. Gibb, 1932.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Runciman, pp. 212-213, 222-224

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy