Մժեղներ (լատին․՝ Simuliidae), երկթևանիների կարգի արյունածուծ միջատներիընտանիք։ Մարմնի երկարությունը 1,5-7 մմ է։ Արտաքինից նման են ճանճերին։ Կուրծքը սապատավոր է, հանգիստ վիճակում թևերը ծալվում են իրար վրա։ Թրթուրը և հարսնյակը, զարգանում են հոսող ջրերում։ Ձմեռում են ձվերը, երբեմն՝ թրթուրները։ Տարեկան տալիս են 1-4 սերունդ։ Արուները սնվում են բույսերի հյութով, էգերը սովորաբար արյունածուծ են։ Թուքը թունավոր է, առաջացնում է ընդհանուր թունավորման երևույթներ (թուլություն, ջերմության բարձրացում, գլխացավ, սրտխառնոց)։ Ակտիվ են առավոտյան և երեկոյան ժամերին։ Մժեղները մարդու և ընտանի կենդանիների ճիճվային և վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (օնխոցերկոզ, տուլարեմիա և այլն)։
Տարածված են երկրագնդի տարբեր շրջաններում, սակայն որպես օնկոցերխոզ հիվանդության հարուցիչների փոխանցողներ հանդիպում են միայն Աֆրիկայում և Հարավային ու Կենտրոնական Ամերիկայում։ Դրանք խայթում են հիմնականում մարդու ազդրի և իրանի կողային մասերը, որտեղ և կուտակվում են օնկոցերկայի միկրոֆիլարիաներ ը։
Հայտնի է մժեղների ավելի քան 1200 տեսակ։ ՀՀ ցածրադիր վայրերում տարածված մժեղները տարեկան տալիս են 2-4 սերունդ։ Յուրաքանչյուր սերնդի զարգացման տևողությունը 18-25 օր է։ Լեռնային բարձրադիր շրջանների հոսող ջրերում տալիս են 1 սերունդ, որի զարգացման տևողությունը 80—105 օր է։ Հայաստանում առավել վտանգավոր են համարվում Wilhelmia paraequina, W․ mediterranea, Odagmia kiritschenkoi, Od․ caucasica, Testisimulium condiciտեսակները։ Պայքարի միջոցները՝ ինսեկտիցիդներ և վախեցնող նյութեր՝ ռեպելենտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 521)։