Content-Length: 213799 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%B0%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4

Նիհիլիզմ - Վիքիպեդիա Jump to content

Նիհիլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիհիլիզմ տերմինը հայտնի է դարձել ռուս գրող Իվան Տուրգենևի շնորհիվ

Նիհիլիզմ (լատին․՝ nihil՝ ոչինչ), փիլիսոփայական ուսմունք, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, որի համաձայն՝ կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն[1]։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն, և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։

Տերմինը հաճախ օգտագործվում է անոմիայի հետ հարաբերության մեջ՝ գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու նպատակով, երբ ինչ-որ մեկը հասկանում է նորմերի, օրենքների և կանոնների անհրաժեշտության ավելորդությունը[2]։ Ֆուտուրիզմը, դեկոնստրուկցիոնիզմը[3] և այլ շարժումներ տարբեր ժամանակներում և տարբեր կոնտեքստներով բնորոշվել են որպես նիհիլիստիկ։

Նիհիլիզմը օգտագործվել է նաև տարբեր ժամանակաշրջանները բնութագրելու համար, օրինակ՝ Ժան Բոդրիլարը և այլք պոստմոդեռնիզմը անվանել են նիհիլիստիկ ժամանակաշրջան[4]։ Որոշ քրիստոնյա աստվածաբաններ և կրոնական այլ հեղինակություններ պնդում են, որ պոստմոդեռնիզմը[5] և մոդեռնիզմի շատ տեսակետներ[3] բացառում են թեիզմը, որն իրեն հերթին առաջ է բերում նիհիլիզմ։

Տերմինի առաջացման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյորեն Կիերկեգոր

Միջին դարերում գոյություն ուներ նիհիլիզմի ուսմունքը, որը բանադրանքի ենթարկվեց Ալեքսանդր Երրորդի կողմից 1179 թվականին։ Նիհիլիզմի ուսմունքը, որը սխալմամբ վերագրվում էր Պետրոս Լոմբարդացուն, ժխտում էր Քրիստոսի մարդկային բնույթը։

Արևմտյան փիլիսոփայության մեջ «նիհիլիզմ» տերմինը ներմուծել է գերմանացի գրող ու փիլիսոփա Ֆ. Գ. Յակոբին։ Այդ հասկացությունն օգտագործել են շատ փիլիսոփաներ։ Ս. Կյերկեգորը նիհիլիզմի սկզբնաղբյուր էր համարում քրիստոնեության ճգնաժամն ու Ֆրիդրիխ Նիցշեի «գեղագիտական» աշխարհընկալման տեսության տարածումը (համաձայն այդ տեսության, Աստված և կրոնական հավատը թվացյալ ու կարգավիճակից զուրկ երևույթներ են՝ «Աստված մահացել է»)։ Օ. Շպենգլերը նիհիլզմը անվանեց ժամանակակից եվրոպական մշակույթի բնորոշ գիծ։ Այդ մշակույթը, նրա խոսքերով, «մայրամուտ» և «հին արժեքների մերժում» է ապրում, ինչը կխանգարի նրան հասնել զարգացման առավել բարձր մակարդակների։ Մ. Հայդեգերը, Նիհիլիզմը դիտարկում էր, որպես արևմուտքի պատմության մագիստրալ շարժում, որը կարող է հանգեցնել համաշխարհային ողբերգության։

Նիհիլստներն առաջնորդվում են հետեևյալ պնդումներով, կամ պնդումներից որոշներով.

  • Չկա (անվիճելի) համընդհանուր արարչի կամ կառավարչին վերաբերող գիտակից ապացույց։
  • Անհատական բարոյականություն գոյություն չունի։
  • Կյանքը, ընդհանուր առմամբ, չունի ճշմարտություն, և ոչ մի գործողություն միանշանակ ճիշտ կամ սխալ չի կարող լինել բոլորի համար։

Նիհիլիզմի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհիլիզմը ունի տարբեր իմաստներ և օգտագործվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներ բացատրելու նպատակով։ Տարբերում են նիհիլիզմի հետևյալ տեսակները՝

  • Մետաֆիզիկական նիհիլիզմը փիլիսոփայական տեսություն է, համաձայն որի իրականության մեջ օբյեկտների գոյությունը անհրաժեշտ չէ։
  • Իմացաբանական (էպիստոմոլոգիական) նիհիլիզմը կարող է ընդունվել, որպես սկեպտիցիզմի ծայրահեղ ձև, որը ընդհանրապես բացառում է իմացության գոյությունը[6]։
  • Մերեոլոգիական նիհիլիզմը տեսակետ է, որի համաձայն մասերից կազմված օբյեկտները (ինչպես տարածական, այնպես էլ ժամանակի մեջ գոյություն ունեցող օբյեկտները) գոյություն չունեն։
  • Էքզիստենցիալ նիհիլիզմը տեսակետ է, որի համաձայն կյանքը չունի որևէ իմաստ և արժեք։ Էքզիստենցիալ նիհիլիզմը պնդում է, որ մարդը կամ նույնիսկ բոլոր մարդիկ միասին տիեզերքի համեմատ որևէ նշանակություն չունեն։ Կյանքի անիմաստության գաղափարը շատ հաճախ է հանդիպում էքզիստենցիալիստական դպրոցներում։
  • Բարոյական նիհիլիզմը բացառում է բարոյականության գոյությունը, գոյություն չունեն բարոյական և ոչ բարոյական արժեքներ։
  • Քաղաքական նիհիլիզմը անհրաժեշտ չի համարում քաղաքական և հասարակական շատ կառույցների գոյությունը, ինչպիսիք են կառավարությունը, ընտանիքը, օրենքը[7]։
  • Իրավական կամ իրավաբանական նիհիլիզմ Օրենքի՝ որպես սոցիալական արժեք ներկայացնող երևույթի նկատմամբ ժխտողական վերաբերմունք, դրսևորվում է օրենքները դիտավորյալ խախտելու, իրավակարգն անտեսելու և ընդհանրպես օրենքի անհրաժեշտությունը կասկածի տակ դնելու միջոցներով. առկա է երկու հիմնական տարատեսակ՝ ակտիվ և պասիվ. պասիվ ձևը դրսևորվում է օրենքի հանդեպ անտարբերությամբ, իսկ ակտիվ ձևը ՝ օրենքը խախտելու ակտիվ գործողություններով[8]։

Նիհիլիզմը հոգեբանների ուսումնասիրություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիխ Ֆրոմն առաջարկում էր նիհիլիզմին վերաբերել, որպես հոգեբանական պաշտպանության տեսակ։ Նա կարծում էր, որ մարդու կենտրոնական խնդիրը սեփական գոյության մասին ունեցած մարդու ներքին կարծիքն է, հակասությունն է «աշխարհում իր դերի» նկատմամբ և այն, որ մարդն իրեն վեր է համարում բնությունից, քանի որ կարող է ճանաչել ինքն իրեն։ Ֆրոմը պնդում է, որ մարդու զարգացումը տեղի է ունենում երկու հիմնական ձգտումների ձևավորման արդյունքում. դեպի ազատություն, և դեպի օտարացում ձգտումը։ Մարդու զարգացումն ավելի հաճախ ընթանում է «ազատության» ձգտման ուղով, բայց յուրաքանչյուր մարդ չի կարողանում ադեկվատ ձևով օգտվել դրանից, սեփական օրգանիզմում առաջացած հոգեկան ապրումները ստիպում են նրան գնալ «օտարացման» ուղով։ Արդյունքում մարդը կորցնում է իր ինքնությունը (կամ Եսը)։ Առաջանում է պաշտպանական մեխանիզմ՝ «փախուստ ազատությունից», որին բնորոշ են սադիզմի ու մազոխիզմի տարրեր, դեստրուկտիվիզմ, մարդու աշխարհն ավերելու հակում, ավտոմատ կոնֆորմիզմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Internet Encyclopaedia of Philosophy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Macmillan, 1967, Vol. 5, "Nihilism", 514 ff, p. 515.
  3. 3,0 3,1 Phillips, Robert (1999). «Deconstructing the Mass». Latin Mass Magazine (Winter).
  4. Woodward, Ashley: Nihilism and the Postmodern in Vattimo's Nietzsche Արխիվացված 2010-04-05 Wayback Machine, ISSN 1393-614X Minerva - An Internet Journal of Philosophy, Vol. 6, 2002, fn 1.
  5. For example, Leffel, Jim; Dennis McCallum. «The Postmodern Challenge: Facing the Spirit of the Age». Christian Research Institute. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. «…the nihilism and loneliness of postmodern culture...»
  6. «Internet Encyclopedia of Philosophy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. L. Strauss, “German Nihilism”, Interpretation 26 (3) (1999): pp. 353-378.
  8. Проф. В.А. Туманов
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 302








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%B0%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy