Պակիստան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պակիստան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր | ||||
Ներառում է | Բելուջիստան, Խյբեր Փախթունխվա, Փենջաբ, Սինդ, դաշնային մայրաքաղաքային տարածք, Գիլգիտ-Բալտիստան և Ազադ Քաշմիր | ||||
Պետական լեզու | անգլերեն[1] և Ուրդու[1] | ||||
Մայրաքաղաք | Իսլամաբադ | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Պակիստանի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Ասիֆ Ալի Զարդարի | ||||
Կառավարության ղեկավար | Շահբազ Շարիֆ | ||||
Մակերես | 803 940 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲223 773 700 մարդ (2021)[2] | ||||
Խտություն | 224,9 մարդ/կմ² | ||||
Կրոն | իսլամ[3], քրիստոնեություն[3], հինդուիզմ[3] և Ահամադիյա[3] | ||||
Հիմն | Պակիստանի օրհներգ | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 14, 1947 թ. | ||||
Արժույթ | պակիստանյան ռուփի | ||||
Կենտրոնական բանկ | Պակիստանի պետական բանկ | ||||
Ժամային գոտի | UTC+5 և Ասիա/Կարաչի[4] | ||||
Հեռախոսային կոդ | +92 | ||||
Ինտերնետ-դոմեն | .pk | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,544[5] | ||||
pakistan.gov.pk |
Պակիստանի Իսլամական Հանրապետություն (ուրդու՝ اسلامی جمہوریۂ پاکستان), պետություն Հարավային Ասիայում՝ Արաբական ծովի ափին։
Երկրի արևելյան և հարավարևելյան մասերում տարածվում է Ինդոս գետի ցածրադիր հարթավայրը, որի հյուսիսային մասը կոչվում է Փենջաբ, իսկ հարավայինը՝ Սինդ, որը ողողվում է Արաբական ծովի ջրերով։ Հյուսիսում վեր են խոյանում Հինդիկուշի (ամենաբարձր գագաթը Տիրիշմիր լեռն է, 7690 մ) և Հիմալայների համակարգին պատկանող բարձր լեռները։ Երկրում մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները։ Բնակչությունը՝ ▲223 773 700 մարդ (2021)[2]։
Անվան ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պակիստան» բառը պարսկերենից և ուրդույից թարգմանաբար նշանակում է «մաքուրների, անթերիների երկիր»։ Այս անվանումը առաջին անգամ օգտագործել է իսլամական երկիր ստեղծելու ակտիվիստներից մեկը՝ Ռահմաթ Ալին, 1933 թվականին իր կողմից թողարկված բրոշյուրի մեջ, որտեղ նա կոչ էր անում Բրիտանական Հնդկաստանի տարածքում ստեղծել երկիր «30 մլն մուսուլման – եղբայրների համար» և որպես երկրի անվանում օգտագործել է «Պակստան» անվանումը, որը կազմված էր Բրիտանական Հնդկաստանի հյուսիսային 5 նահանգների անվանումներից՝ Փանջաբից, Աֆղանստանից, Քաշմիրից, Սինդից, Բելուջիստանից։ «Ի» տառը ավելացել է հետագայում՝ արտասանությունը ավելի հեշտ դարձնելու համար։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդերքում կան նավթի, գազի, ածխի, երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, քրոմիտների, ծարիրի, բարիտի, ծծմբի, քարաղի, գիպսի, կրաքարերի և կավերի հանքավայրեր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանը գտնվում է Հարավային Ասիայում։ Հյուսիսում և հյուսիս–արևմուտքում սահմանակից է Աֆղանստանի (2430 կմ), արևելքում և հարավ-արևելքում՝ Հնդկաստանի (2912 կմ), հարավ-արևմուտքում՝ Իրանի (909 կմ) հետ։ Հարավում ողողվում է Արաբական ծովի ջրերով։ Տարածքը 769․100 կմ² է։
Բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի արևելյան և հարավարևելյան մասերում տարածվում է Ինդոս գետի ցածրադիր հարթավայրը, որի հյուսիսային մասը կոչվում է Փենջաբ, իսկ հարավայինը՝ Սինդ, որը ողողվում է Արաբական ծովի ջրերով։ Հյուսիսում վեր են խոյանում Հինդիկուշի (ամենաբարձր գագաթը Տիրիշմիր լեռն է, 7690 մ) և Հիմալայների համակարգին պատկանող բարձր լեռները։ Երկրում մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները։ Գլխավոր գետը Ինդոսն է՝ Սաթլեջ և Քաբուլ վտակներով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման արևադարձային է, հյուսիս-արևմուտքում՝ մերձարևադարձային։ Լեռներում հստակ արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ինդոս գետի հովտում 13 °C է, հուլիսինը՝ 32°-49 °C: Հյուսիսում և լեռնային շրջաններում՝ ձմռան օդի ջերմաստիճանը 0 °C–ից ցածր է։ Տարեկան տեղումները՝ 125 մմ–ից (հյուսիս–արևելքում) 500 մմ (Փենջաբում) է։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանական աշխարհը բազմազան է. կան ընձառյուծ, բորենի, շնագայլ, պարսկական եղնիկ վայրի ոչխար, կրծողներ, օձեր, Ինդոսում՝ կոկորդիլոսներ։ Արաբական ծովը հարուստ է ձկներով։ Բուսականությունը առավելապես տափաստանային և կիսաանապատային է։ Անտառները կազմում են երկրի 37 %-ը։ Ծառատեսակներից հանդիպում են կաղնի, եղևնի, սոճի, հիմալայան մայրի։ Հովիտներում, բնակավայրերի մերձակայքում կան փյունիկյան արմավենու, ցիտրուսների, ձիթենու, թթենու տնկադաշտեր, մրգատու այգիներ։
Պետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանը անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Պետական կարգը՝ իսլամական հանրապետություն։ Քաղաքական կուսակցություններն են՝ Պակիստանյան ժողովրդական կուսակցություն, Պակիստանի աշխատանքային կուսակցություն, Պակիստանի ազգային կուսակցություն և այլն։
Պակիստանը ֆեդերատիվ հանրապետություն է։ Կազմված է 4 պրովինցիաներից՝ Փենջաբ, Սինդհ, Հայբեր – Պահտունհվա և Բելուջիստան։ Բացի պրովինցիաներից Պակիստանի կազմի մեջ են մտնում նաև Ֆեդերալ կառավարվող ցեղային տարածքները և Ազադ Քաշմիր և Գիլիգտ – Բալտիստան շրջանները։ Հիմնադիր օրենքը սահմանադրությունն է։ Առանձնահատկություններից մեկն այն է, որ երկիրը պետք է կառավարի միայն մուսուլման ղեկավարը։
Երկիրը գլխավորում է նախագահը, ով ընտրվում է 5 տարին մեկ անգամ պարլամենտի կողմից։ Նախագահը համարվում է երկրի զորքերի գերագույն և գլխավոր հրամանատար։ Ներկայիս նախագահը Արիֆ Ալվին է։
Երկրի կառավարությունը գլխավորում է վարչապետը։ Պարլամենտի պատգամավորներից մեկին նախագահը նշանակում է վարչապետ։ Վարչապետի խորհրդով նախագահը նշանակում է պատգամավորներին։
Պարլամենտը կազմված է երկու պալատից՝ Սենատից և Ազգային Ասսամբլեայից։ Սենատը կազմված է 100 հոգուց և ընտրվում է 6 տարին մեկ ժամկետով։ Ազգային Ասսամբլեան կազմված է 342 պատգամավորներից, որոնք ընտրվում են 5 տարին մեկ ուղիղ գաղտնի քվեարկությամբ։
Դատական համակարգը կազմված է Բարձրագույն դատարանից (նշանակվում են նախագահի հրամանով) և Իսլամական ֆեդերալ շարիաթական դատարանից։
Զինված ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանի զինված ուժերը կազմված են ցամաքային ուժերից, ծովային նավատորմից, օդային ուժերից և կիսաբանակային կազմավորումներից։ ԶՈՒ աշխատողների թվով Պակիստանը աշխարհում 6-րդն է։ Պակիստանը իր տրամադրության տակ ունի նաև միջուկային զենք։ ԶՈՒ գեներալները հաճախ զբաղեցրել են պետական կառավարման բարձր պաշտոններ, ինչպես նաև մասնակցություն են ունեցել քաղաքական իրադարձություններին, արտակարգ դրություններ հայտարարել և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլեոլիթի դարաշրջանում Պակիստանի տարածքում գոյություն ուներ սոանական մշակույթը, որը իր անվանումը ստացել է Սոան գետից։ Մ.թ.ա. 7-ից 6-րդ հազարամյակներում Բելուջիստանի տարածքում գոյություն է ունեցել այնպիսի քաղաքակրթություն, որի կրողները զբաղվել են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, ինչպես նաև ապրել են աղյուսից պատրաստված տներում։
Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածքում գոյություն ունեին մի քանի զարգացած մշակույթներ, որոնցից, թերևս, ամենահայտնին Հարապպայի մշակույթն էր։ Հարրապայում զարգացած էր բրոնզաձուլությունը և շինարարությունը։ Այստեղ նույնիսկ կային մասնավոր սեփականությանը վերաբերող հարաբերություններ, իսկ գյուղատնտեսության հիմքում ընկած էր հողագործությունը։ Այս մշակույթի հետ մի որոշ ժամանակ կարող էր համեմատվել Ամրիի մշակույթը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջում և 1-ին հազարամյակի սկզբում դեպի Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածք և Հնդկաստան սկսեցին շարժվել հնդարիական ցեղերը, որոնք այստեղ ստեղծեցին իրենց պետությունը և իրենց մշակույթը՝ համադրելով տեղի մշակույթի տարրերի հետ(հիմնականում պահպանել են Հարրապայի մշակութային տարրերը)։ Մոհենջո- Դարոյում հայտնաբերվել են մարդկության պատմության առաջին հասարակական զուգարանները, ինչպես նաև կոյուղու առաջին նախագիծը։ Հնդարիացիները այստեղ ստեղծեցին նաև Գանդահարի մշակույթը, որը Վեդայական մշակույթի մի մասն էր։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածքը անցավ Աքեմենյան կայսրության իշխանության տակ։ Աքեմենյանների կայսրության փլուզումից հետո Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքներով հասավ այստեղ։ Տեղի բոլոր թագավորները առանց պատերազմի ճանաչեցին Ալեքսանդրի գերիշխանությունը բացառությամբ Պոռ կամ Պուռուռավա թագավորի։ Երբ Ալեքսանդրը դեսպաններ է ուղարկել Պոռի մոտ և ասել նրան, որ պատրաստ լինի հարկ վճարելու և ինձ դիմավորելու, թագավորը հպարտորեն պատասխանել է. «Ես քո հրամաններից միայն մեկը կկատարեմ. կգամ քեզ դիմավորելու, բայց զենքով»։ Մ.թ.ա. 326 թվականին Գիդապս գետի ափին նրանց միջև տեղի ունեցած ճակատամարտում հնդկական կողմը պարտվեց, իսկ Պոռ թագավորը գերի ընկավ։ Այսպիսով Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածքը դարձավ Ալեքսանդրի կայսրության մի մասը։ Ալեքսանդրի ստեղծած կայսրության փլուզումից և մասնատումից հետո այս տարածքը անցավ բուդդայական Մաուրյաների կայսրության իշխանության տակ։ Այս կայսրության անկումից հետո այստեղ կրկին եկան հույները և ստեղծեցին Հնդկա-հունական թագավորությունը։ Հելլենիստական թագավորության անկումից հետո այստեղ եկան սկյութները, որոնք ստեղծեցին Հնդկա-սկյութական թագավորություն։ Հետագայում այս տարածքը իրենց իշխանություն տակ վերցնելու համար պայքարել են Սասանյանները, հեփթաղները և գուպտաները։
8-րդ դարից արաբ զորավարՄուհամեդ Իբն Կասիմի արշավանքների շնորհիվ Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածքում սկսեց տարածվել իսլամը։ 712 թվականին Իբն Կասիմը Սինդի տարածքը միացրեց Արաբական Օմայան խալիֆայությանը և մայրաքաղաք հռչակեց Ալ-Մանսուրահ քաղաքը։ Սակայն հետագայում Օմայաններին պարտության մատնեցին Հնդկաստանի հյուսիսային թագավորությունների թագավորներ Վիկրամադիտյա II-ը և Նագաբհատան։ 10-րդ դարի վերջին այս տարածքում կառավարում էին Հնդկական թագավորները, որոնք ենթարկվում էին Ղազնավյաններին։ 11-րդ դարում Մահմուդ Ղազնևին խորացրեց Իսլամի դիրքերը այստեղ։ Մահմուդը նախ գրավեց Խորասանի մի մասը, այնուհետև արշավեց Փեշավար 1005 թվականին։ Նրա թգավորությունը արևմուտքում հասնում էր Քուրդիստան, իսկ արևելքում՝ Ջամնա գետ։ 1160 թվականին աֆղանական Ղուրիդների թագավորությունը գրավեց Ղազնի քաղաքը և Ղազնավյանների մայրաքաղաքը տեղափոխվեց Լահոր, իսկ 1187 թվականին գրավելով նաև Լահորը վերջ դրեց Ղազնավյանների թագավորութանը։ Ղուռիի նվաճումներով ստեղծվեց Դելիի սուլթանությունը։ Այնուհետև այստեղ կառավարեցին մոնղոլները և Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածքը անցավ Չինգիզ խանի հսկայածավալ կայսրության իշխանության տակ։ Մոնղոլներից հետո ներկայիս Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Աֆղանստանի տարածքում Բաբուրը, ով Չինգիզ խանի և Լենք Թեմուրի սերնդից էր, ստեղծեց մի կայսրություն, որը կոչվեց Մեծ մողոլների կայսրություն։ Մողոլների կայսրությունը բռնեց անկման ուղին 1707 թվականից, իսկ Պակիստանի շրջանները աստիճանաբար սկսեցին անկախություն ձեռք բերել։ Այնուամենայնիվ, մողոլների դերը Պակիստանի տարածքում մշակույթի զարգացման մեջ բավականին մեծ է։ 18-րդ դարում Սինդում, Բելուջիստանում, Փենջաբում կազմավորվել էին ֆեոդալական պետություններ, ինչպես նաև հզոր Սիքհիական, Դուրանի կայսրությունները։ 19-րդ դարում այստեղ եկան բրիտանացիները և առաջինը գրավեցին հենց Պակիստանի այսօրվա զբաղեցրած տարածքը։ Հետագայում Պակիստանը դարձավ Բրիտանական Հնդկաստանի մի մասը։ Շուտով սկսվեցին ապստամբությունները։ Մուսուլմանները հավաքվեցին և որոշեցին, որ Բրիտանիայի տիրապետությունից դուրս գալուց հետո պետք է ստեղծեն իսլամական պետություն, որտեղ ղեկավարը կլինի իսլամադավան և կկառավարի մուսուլմանին վայել։
Պակիստանի անկախացումը:Քաշմիրի վիճելի հարցը։ Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջին պատերազմը: 1947 թվականին Հնդկաստանի բաժանումից հետո կազմավորվեց Պակիստանի դոմինիոնը, որի կազմում, բացի իր այսօրվա զբաղեցրած տարածքից, մտնում էր նաև Արևելյան Բենգալիան։ Ինչպես նաև Բրիտանական Հնդկաստանի Փենջաբ նահանգը բաժանվեց 2 մասի՝ մուսուլմանաբնակ հատվածը անցավ Պակիստանի կազմի մեջ, իսկ 2-րդը մնաց Հնդկաստանի կազմում։ Միայն մուսուլմանաբնակ Ջամմու և Քաշմիր նահանգը շարունակում էր մնալ Հնդկաստանի կազմում։ Քաշմիրի բնակչության 77 %-ը մուսուլմաններ էին և ցանկանում էին միավորվել Պակիստանին։ Այդ պատճառով մահառաջա Հարի Սինգհի դեմ, ով դավանում էր Հինդուիզմ, ելույթներ էին սկսվել, քանի որ Քաշմիրը առանձին էր Պակիստանից։ Հարի Սինգհը որոշում է Քաշմիրը հայտարարել Հնդկաստանի նահանգ և օգնություն է խնդրում Հնդկաստանի կառավարությունից պայքարելու ապստամբների դեմ։ Սրանով սկսվեց առաջին Պակիստանա-հնդկական պատերազմը։ 1947 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր բանակցություններ էին ընթանում Հնդկաստանի և Պակիստանի միջև այս հարցի շուրջ և կողմերը համաձայն էին լսելու և հաշվի առնելու Քաշմիրցիների կարծիքը, սակայն միևնույն ժամանակ շարունակվում էին մարտական գործողությունները։ Պատերազմը տևեց ավելի քան մեկ տարի։ 1949 թվականի հունվարի 1-ին այստեղ եկան ՄԱԿ-ի պատվիրակները և խաղաղություն հաստատելու նպատակով Քաշմիրը բաժանեցին կողմերի միջև 2 մասի։ 1956 թվականին Պակիստանը ստացավ լիակատար անկաախություն։ Երկրի գեներալ – նահանգապետի պաշտոնը փոխարինվեց նախագահի պաշտոնով։ Առաջին նախագահը դարձավ Իսկանդեր Միրզան։
1958 թվականին տեղի ունեցավ զինված հեղաշրջում և երկրի նախագահ դարձավ Մուհամեդ Այուբ Խանը։ Նա փոփոխություններ կատարեց սահմանադրության մեջ, որով ավելի էր ամրապնդում նախագահի պաշտոնը։ Մուհամեդ Այուբ Խանը վարում էր ամերիկամետ քաղաքականություն։ Նրա օրոք սկսվեց Հնդկաստանի և Պակիստանի միջև երկրորդ պատերազմը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև երկրորդ պատերազմը:
1965 թվականի մարտ – ապրիլ ամիսներին Հնդկաստանի և Պակիստանի միջև եղավ տարաձայնություն՝ կապված Մեծ Կատչի Ռանն տարածքի հետ։ Սկսվեց պատերազմ կողմերի միջև։ Պակիստանը որոշել էր դիվերսանտների միջոցով ապստամբություն սկսել Քաշմիրում և հանկարծակի հարձակումներով գրավել վերջինս, սակայն Հնդկաստանի ԶՈՒ-ին հայտնի է դառնում այս ծրագիրը և ստացվում է կանխել նախօրոք մշակված ծրագրի իրագործումը։ Հնդկաստանը հակագրոհ ձեռնարկելով հասնում է մինչև Լահորի մատույցները, սակայն Պակիստանը կարողանում է հետ շպրտել հնդիկներին։ Մի քանի ամիս տևած կռիվներից հետո հունիսի 30-ին Մեծ Բրիտանիան միջամտեց հարցին և կողմերը համաձայնվեցին հրադադարի։ Հետագայում, արդեն 1969 թվականին կնքվեց համաձայնագիր՝ ըստ որի Մեծ Կատչի Ռանն տարածքից 900 կմ2 անցավ Պակիստանին։ Դա իրականում լավ ցուցանիշ էր Հնդկաստանի համար, քանզի Պակիստանը հավակնում էր ավելի մեծ տարածք գրավելու։
Նրան փոխարինեց Յաղյա Խանը, ում օրոք սկսվեց Հնդկաստանի և Պակիստանի միջև երրորդ պատերազմը։
Արևելյան Պակիստանի(Արևելյան Բենգալիայի) ապստամբությունը: 1948 թվականի սկզբին Պակիստանի կառավարությունը ուրդուն ընդունեց որպես պետական լեզու, ինչն առաջացրեց դժգոհություն Արևելյան Պակիստանում(Արևելյան Բենգալիայում)։ 1952 թվականին սկսվեց շարժում բենգալերենի դիրքերի համար։ Ձևավորվեց Լիգա Ավամի կուսակցությունը որպես բենգալալեզու ժողովրդի պաշտպան։ Հակաիշխանական ելույթները շարունակվում էին երկար։ Անկախության կոչեր հնչեցնող կուսակցության առաջնորդին՝ Շեյխ Մաջիբուռ Ռահմանին 1966 ձերբակալեցին, սակայն երեք տարի հետո ազատ արձակեցին։ 1970 թվականին Արևելյան Պակիստանում եղավ ցունամի, որի հետևանքով ավելի քան կես միլլիոն մարդ մահացավ։ Պակիստանի կենտրոնական իշխանությունը միջոցներ ձեռնարկեց չեզոքացնելու աղետի բերած վնասները, սակայն ոչ այն մասշտաբով, որը ակնկալում էր տուժված ժողովուրդը, և, մեծ հաշվով, այդ միջոցները արդյունավետ չէին։ Սա, իհարկե, կրկին անգամ առաջացրեց Արևելյան Պակիստանի ժողովրդի դժգոհությունը։ Նույն թվականին տեղի ունեցան պարլամենտական ընտրություններ, որում Լիգա Ավամի կուսակցությունը Շեյխ Մաջիբուռ Ռահմանի գլխավորությամբ գրավեց առաջին տեղը։ Սկսվեցին բանակցություններ Մաջիբուռ Ռահմանի և Պակիստանի նախագահ Յաղյա Խանի միջև, որը ձախողվեց, ինչից հետո, 1971 թվականի մարտի 26-ին, Յաղյա Խանը հրաման արձակեց ձերբակալել Մաջիբուռ Ռահմանին։ Սկսվեց «Լուսարձակ» օպերացիան, որը միտված էր հնազանդեցնելու արևելապակիստանցիներին։ Պակիստանի ձեռնարկած գործողությունները արյունալի էին, թիրախում մտավորականներն ու հինդուիստներն էին։ Իր ձերբակալման նախօրեին Շեյխ Մաջիբուռ Ռահմանը հայտարարել էր Բանգլադեշի անկախությունը և կոչ էր արել բոլորին պայքարել այնքան ժամանակ, մինչև վերջին պակիստանցի զինվորը չլքի Բանգլադեշի տարածքը։ Պատերազմը տևեց 9 ամիս։ 1971 թվականի դեկտեմբերին Բանգլադեշին օգնության հասավ հնդկական բանակը։ Նույն ամսին Հնդկա-բենգալական բանակը հաղթանակ տարավ պակիստանյան զորքի նկատմամբ։ Այսպիսով Բանգլադեշը դուրս եկավ Պակիստանի տիրապետությունից և դարձավ անկախ։ Պակիստանյան բանակի գերիների թիվը կազմում էր ավելի քան 90 000 զինվոր(այդ թվում և սպաներ)։ Հնդկաստանի միջամտությունը այս հարցին և ծավալված մարտական գործողությունները հնդկա-պակիստանյան բանակների միջև համարվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև երրորդ պատերազմը։
Ծանր պարտություն կրելուց և Բանգլադեշի անջատվելուց հետո պետության գլուխ բարձրացավ Զուլֆիկար Ալի Բհուտտոն։ Նրա օրոք նախագահի լծակները կրճատվեցին, նա նաև խաղաղություն կնքեց Ինդիրա Գանդիի հետ, ինչպես նաև դադարեցրեց ամերիկամետ քաղաքականությունը և սկսեց երկիրը ղեկավարել իսլամական սոցիալիզմի գաղափարով։ Մուհամեդ Զիա-Ուլ-Հակին, ով այդ ժամանակ ցամաքային ուժերի հրամանատարն էր, նա չէր տեսնում ԶՈՒ հրամանատարի պաշտոնում, սակայն հենց Զիա-Ուլ-Հակը 1977 թվականին տեղի ունեցած զինված հեղաշրջման արդյունքում դարձավ նախագահ։ Նրա հրամանով Բհուտտոն ձերբակալվեց քաղաքական հակառակորդների սպանությունների համար և երկու տարի անց դատապարտվեց մահվան։ Մուհամեդ Զիա-Ուլ-Հակը իշխանության գլուխ գալով օրենքներում կատարեց որոշ փոփոխություններ, որոնք ուղղված էին իսլամի ամրապնդմանը՝ մասնավորապես քրեական օրենսգրքում։ 1988 թվականին Պակիստան վերադառնալիս՝ Լահոր քաղաքի մոտ Զիա-Ուլ-Հակի ինքնաթիռը վթարի ենթարկվեց. զոհվեցին բոլոր 37 ուղևորները։ Հետագայում արված հետազոտություններից պարզ դարձավ, որ ինքնաթիռում տեղի էր ունեցել թունավոր գազի արտահոսք, և օդաչուները խեղդվել էին, իսկ օդանավը չունենալով կառավարիչ՝ վթարի էր ենթարկվել։ Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Սենատի քարտուղար Գուլամ Իսհակ Խանը։
Նույն թվականին տեղի ունեցան պարլամենտական ազատ ընտրություններ, որտեղ հաղթեց Պակիստանի ազգային կուսակցությունը(ՊԱԿ) Զուլֆիկար Ալի Բհուտտոյի աղջկա՝ Բենազիր Բհուտտոյի գլխավորությամբ։ Նա մի քանի տարի անցկացրել էր բանտում, իսկ ազատ արձակվելուց հետո հեռացվել էր երկրից։
Այս շրջանում երկրում սկսեց տիրել ժողովրդավարություն, ընդլայնվեցին ընդդիմության իրավունքները, բարելավվեցին Հնդկաստանի հետ հարաբերությունները։ Սակայն երկրում աճ էր գրանցում նաև կոռուպցիան, որի մեջ, հավանաբար, ներքաշված էր նաև Բհուտտոյի ամուսինը։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ 1990 թվականին նախագահը լուծարեց Բենազիրի կառավարությունը։
Նույն թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Պակիստանի Ժողովրդավարական(դեմոկրատական) կուսակցությունը (ՊԺԿ), իսկ վարչապետ ընտրվեց Նավազ Շարիֆը։ Նա 1992 թվականին սկսեց իրագործել «Մաքրում» օպերացիան, որը միտված էր քաղաքական անստաբիլությունը թոթափելուն Կարաչի քաղաքում։ Միևնույն ժամանակ նրա կառավարությանը չհաջողվեց կանխել պակիստանական ռուփիի արժեքի անկումը։ 1993 թվականին նախագահ Գուլամ Իսհակ Խանը լուծարեց Շարիֆի կառավարությանը՝ մեղադրելով կոռուպցիայի և քաղաքական հակառակորդների սպանությունների մեջ։ Լուծարելով նաև խորհրդարանը, նա նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն Բարձրագույն դատարանը, լինելով Շարիֆի կողմնակից, չեղարկեց նախագահի որոշումը։ Սկսվեցին բանակցություններ նախագահի և կառավարության ղեկավարի միջև։ Շուտով երկուսն էլ հրաժարական տվեցին։ 1993 թվականին կայացան արտահերթ ընտրություններ, որտեղ հաղթեց ՊԱԿ-ը՝ Բենազիր Բհուտտոյի գլխավորությամբ։ Նույն թվականին նախագահ ընտրվեց Բհուտտոյի կողմնակից Ֆարուկ Լեգարին։
1996 թվականին Բհուտտոյի կառավարությունը լուծարվեց։ Տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ՊԺԿ կուսակցությունը՝ Շարիֆի գլխավորությամբ։ Իշխանության գալով նա սկսեց կատարել փոփոխություններ, որով նախագահի լծակները սահմանափակվում էին։ Այսուհետ նախագահը չէր կարողանալու լուծարել կառավարությունը և խորհրդարանը։ Ինչպես նաև, այս փոփոխությունները թույլ էին տալիս խմբակցության ղեկավարին զրկել մանդատներից այն պատգամավորներին, ովքեր համակարծիք չէին լինի մեծամասնության հետ։ Շուտով հրաժարական տվեց նաև նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրեց Ռաֆիկ Տարարը։ Այդ տարում ընդունվեց նոր դատական համակարգ, որը միտված էր ահաբեկչության դեմ, սակայն այն հաջորդ տարի Բարձրագույն դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվեց։ Հանգստյան օր համարվող ուրբաթ օրվա չեղարկումը Շարիֆի կողմից առաջացրեց մեծ դժգոհություններ, այդ թվում և իր կողմնակիցների մոտ։ 1998 թվականին՝ ի պատասխան Հնդկաստանի միջուկային զենքի փորձարկումների, Պակիստանը նույնպես սկսեց փորձարկել միջուկային զենքը։
1999 թվականին Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններում նկատվում է մտերմացում։ Հնդկաստանի վարչապետը այցելում է Լահոր քաղաք, որտեղ բացվում է ավտոբուսային կապը դեպի Փենջաբ։ Կնքվում է նաև Լահորի համաձայնագիրը, որը միտված էր ատոմային զենքի անհարկի օգտագործումը կանխելուն։ Միակ չհարթված խնդիրը մնում էր Քաշմիրի խնդիրը։ Քաշմիրում պարբերաբար գործում էին ապստամբները, որոնք կողմ էին Քաշմիրի միավորմանը Պակիստանին։ Պակիստանի բարձրագույն էլիտան կողմ էր Հնդկաստանի հետ հարաբերությունների լավացմանը, սակայն Պակիստանի Ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Պերվեզ Մուշարրաֆը մշակել էր մի պլան, ըստ որի պակիստանական բանակը պետք է մտներ Քաշմիրի հնդկական տարածք և այնտեղ ահաբեկելով բնակիչներին՝ ստիպեր լքել իրենց տները և առանց խոչընդոտների նվաճել Քաշմիրը։ Այս ծրագիրը հաջողություն չունեցավ, քանզի հնդկական կողմը պատրաստ էր այս ամենին և կարողացավ ետ մղել պակիստանյան բանակին։ Շուտով, երկրի վարչապետ Շարիֆը հայտարարեց, որ ծավալվող մարտական գործողությունների մասին տեղեկացել է միայն հնդկական կողմից։ 1999 թվականին հոկտեմբերի 12-ին Շարիֆը հեռացրեց պաշտոնից Մուշարրաֆին և վռնդեց երկրից, սակայն տեղի ունեցավ զինված հեղաշրջում, որի արդյունքում երկիրը գլխավորեց Պերվեզ Մուշարրաֆը։ Շարիֆը ձերբակալվեց և դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Մուշարրաֆը խոստացավ վերջ դնել կոռուպցիային և ահաբեկչությանը։ Բարձրագույն դատարանը պահանջեց նրանից, որպեսզի նա մինչև 2002 թվականը երկիրը դարձնի ժողովրդավարական (դեմոկրատական)։ Նա 2001 թվականին ընտրվեց նախագահ, միևնույն ժամանակ պահպանելով գործադիր իշխանության գլխավորողի և ԶՈՒ-ի հրամանատարի պաշտոնը։ Սա դժգոհություն առաջացրեց ՊԱԿ-ի առաջնորդ Բենազիր Բհուտտոյի մոտ և մեղադրեց նախագահին սահմանադրությունը խախտելու մեջ։
2003-2005 թվականներին Մուշարրաֆի դեմ տեղի են ունեցել ավելի քան 14 մահափորձեր։
2004 թվականին Պակիստանում 3 անգամ փոխվեց վարչապետը. Առաջին անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Զաֆարուլլա Խան Ջամալին, այնուհետև՝ Չոուդհրի Շուջատ Հուսեյնը, ավելի ուշ՝ Շաուկատ Ազիզը։
2007 թվականին Պակիստանի Բարձրագույն դատարանը թույլատրում է Մուշարրաֆին թեկնածություն դնել նախագահական ընտրություններում։ 9 դատավորներից 6-ը կողմ էին քվեարկել։ Ընդդիմադիրները պնդում էին, որ նա իրավունք չունի միաժամանակ զբաղեցնել և՛ նախագահի, և՛ ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնը։
2007 թվականի հոկտեմբերի 6-ին Մուշարրաֆը ընտրվեց նախագահ, բայց Բարձրագույն դատարանը չընդունեց նրա նախագահությունը այն պատճառով, որ նորընտիր նախագահը շարունակում էր մնալ ԶՈՒ գլխավոր հրամանատարը։
Նույն թվականի նոյեմբերի 3-ին նորընտիր նախագահը երկրում արտակարգ դրություն մտցրեց։ Անջատվեց հեռախոսային կապը, դադարեցվեց հեռուստաընկերությունների աշխատանքը, ձերբակալվեցին բոլոր դեմ քվեարկած դատավորները, բոլոր ընդդիմադիր ակտիվիստները, իսկ Բենազիր Բհուտտոն ենթարկվեց տնային կալանքի։ Իր զեկույցում Մուշարրաֆը հայտարարեց, որ այս ամենը արվում է ծայրահեղական-իսլամիստների դեմ ուղղված պայքարի համար։ Շուտով Մուշարրաֆը կրկին ընտրվեց նախագահ և խոստացավ հրաժարվել ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նոյեմբերի 27-ին Մուշարրաֆը հրաժարական ներկայացրեց ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Հաջորդ օրը նա պաշտոնապես ընդունեց նախագահի պաշտոնը։
Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին սպանվեց Բենազիր Բհուտտոն՝ Պակիստանի երբեմնի հզոր առաջնորդներից մեկը։
2008 թվականինին վարչապետ նշանակվեց Յուսուֆ Ռեզա Գիլանին։ Շուտով, հրաժարական տվեց երկրի նախագահը, և նախագահ ընտրվեց Ասիֆ Ալի Զարդարին։
2012 թվականին վարչապետ ընտրվեց Ռաջա Պերվեզ Աշրաֆը։
2013 թվականին Ռաջա Աշրաֆը և մի քանի այլ պաշտոնյաներ ձերբակալվեցին Պակիստանի էլեկտրոէներգիայի միջոցների վատնման համար։ Նույն թվականին չորրորդ անգամ Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Նավազ Շարիֆը։
Շուտով նախագահ ընտրվեց Մամնուն Հուսեյնը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանի բնակչությունը կազմում է 207 774 520 մարդ։ Ծնելիությունը այստեղ տարեցտարի աճում է 2,4 %-ով։ Քաղաքային բնակչությունը կազմում է 36 %։
Այստեղ ապրում են տարբեր ցեղերի ներկայացուցիչներ. գերակշռում են փենջաբցիները` 44 %, աֆղաններ կամ պուշտուններ՝ 15 %, սինդհիներ՝ 14 %, սերաիկներ՝ 8 %, մուհաջիրներ՝ 7 %, բելուջիներ 4 % և այլն։
Պակիստանի պետական կրոնը իսլամն է։ Այստեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 95 %-ը կամ 173 000 000 մարդ իսլամադավան է (75 % սուննիներ, 20 % շիաներ)։ Տարածված է նաև Հինդուիզմը՝ 1,85 % կամ 3 200 000 մարդ, Քրիստոնեությունը՝ 1,6 % կամ 2 800 000 մարդ համապատասխանաբար դավանում են այս կրոնները։ Պակիստանի սահմանադրությունը թույլ է տալիս ժողովրդին հարել ցանկացած դավանանքի, սակայն միաժամանակ սահմանափակում է ոչ մուսուլմանների իրավունքները. ոչ մուսուլմանը չի կարող զբաղեցնել երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնը։
Պետական լեզուն ուրդուն է։ Թույլատրվում է պաշտոնական ոլորտում օգտագործել նաև անգլերենը։ Տարածված է նաև փենջաբին, սինդհին, պուշտուն, բելուջերենը և այլն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Երկրագործության համար ամենահարմար տարածքն Ինդոսի հովիտն է (Փենջաբ)։ Այդ պատճառով էլ մարդիկ վաղուց ի վեր բնակություն են հաստատել Փենջաբում։ Դաշտերը ոռոգելու համար Ինդոսն ու նրա վտակները միացվել են մեծ ու փոքր բազմաթիվ ջրանցքներով։ Ոռոգվող հողերում մշակում են ցորեն, բամբակենի, բրինձ, շաքարեղեգ, ծխախոտ, բանջարեղեն։ Տարեկան 2 անգամ բերք են հավաքում։ Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող, նավթաքիմիական, քիմիական, գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը։ Կան ավտոհավաքման, պարարտանյութերի, ցեմենտի, ապակու արտադրության ձեռնարկություններ։ Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Արտահանում է նավթ, նավթամթերք, կաշի, հագուստ, բրինձ, բամբակ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, քիմիական արդյունաբերության արտադրանքներ, սննդամթերք, հանքային վառելիք։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Սաուդյան Արաբիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 2891 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ պակիստանյան ռուփի (PKR)։
Գյուղատնտեսությունը մեծ դեր ունի երկրի տնտեսության մեջ և կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 20 %-ը։ Չնայած նրան, որ արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 24 %-ը, բնակչության միայն 20 %-ն է զբաղված այս ոլորտում, իսկ գյուղատնտեսությամբ զբաղված է բնակչության 43 %-ը։ Գործազրկությունը կազմում է 15 %։
Պակիստանի արտահանման 2/3-ը կազմում են կարի և տեքստիլ արդյունաբերությունները. արտահանվում են նաև բրինձ, բամբակ, միս, կաշի, մրգեր, շաքար և այլն։ Գլխավոր գնորդներն են՝ ԱՄՆ-ն՝ 15 %, Չինաստանը՝ 8 %, Գերմանիան՝ 7 %, Աֆղանստանը՝ 7 %, Մեծ Բրիտանիան՝ 6 % և այլն։
Հիմնականում ներկրվում են մեքենաներ և սարքավորումներ, քիմիկատներ, էլեկտրական սարքավորումներ, նաֆթամթերք և այլն։ Հիմնական ներկրողներն են՝ Չինաստանը՝ 30 %, ԱՄԷ-ն՝ 12 %, ԱՄՆ-ն՝ 4,3 % և այլն։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Պակիստան են այցելել 1 միլիոն զբոսաշրջիկներ, որի հետևանքով պետական բյուջե է գնացել ավելի քան 90 միլլիարդ դոլար։ Հիմնականում զբոսաշրջիկները այցելում են Լահոր, Փեշավար, Կարաչի և այլն։ Զբոսաշրջիկները այցելում են բուդդայական Թախթ-ի-Բահիյի և Տաքսիլայի ավերակները տեսնելու, ինչպես նաև 5000 տարի վաղեմություն ունեցող Մոհենջո-Դարո և Հարապպա քաղաքների մշակույթներին ծանոթանալու։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանի մշակույթը հիմնված է, հիմնականում, իսլամական մշակույթի վրա, բայց իր մեջ պարունակում է նաև մինչմուսուլմանական դարաշրջանի տարրեր, այսինքն հնդարիական մշակույթի տարրեր։ Մեծ ազդեցություն է թողել նաև բրիտանական գաղութացման դարաշրջանը։ Այդուհանդերձ, վերջին տասնամյակներում այստեղ իր տեղն ունի նաև ամերիկյան մշակույթը, հատկապես երիտասարդության շրջանում։ Այստեղ սիրում են դիտել հոլիվուդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր, խաղալ ամերիկյան վիդեոխաղեր, կրել ամերիկյան ոճի հագուստներ, ուտել ֆաստֆուդ և խմել ամերիկյան ըմպելիքներ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանում տարածված է ֆուտբոլը, թենիսը, հոկեյը, ըմբշամարտը, բռնցքամարտը, կրիկետը և այլն։
Պակիստանի կրիկետի հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույններից մեկը։ Նրանց հիմնական մրցակիցները Բրիտանիայից, Հնդկաստանից և Ավստրալիայից են։ 1992 թվականին Պակիստանի կրիկետի հավաքականը հաղթել է աշխարհի առաջնությունում։
Խոշոր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանի մեծ քաղաքների հնգյակը կազմում են հետևյալ քաղաքները.
- Կարաչի - 13 205 339 մարդ
- Լահոր - 7 129 609 մարդ
- Ֆեյսալաբադ - 2 600 000 մարդ
- Ռավալփինդի - 1 100 000 մարդ
- Իսլամաբադ - 1 082 000 մարդ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 251 // Constitution of Pakistan (урду)
- ↑ 2,0 2,1 https://www.worldometers.info/world-population/pakistan-population/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.pbs.gov.pk/sites/default/files/population/2017/tables/pakistan/Table09n.pdf
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պակիստանի կառավարության պաշտոնական կայք
- Պակիստանի նախագահի պաշտոնական կայք Արխիվացված 2008-07-05 Wayback Machine
Վիքիճամփորդն ունի Պակիստանին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
|
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակիստան» հոդվածին։ |
|