Հերոս քաղաք
Հերոս քաղաք (ռուս.՝ город-герой, ուկրաիներեն՝ місто-герой, բելառուս․՝ горад-герой), պատվավոր կոչում, որին արժանացել են 1941-1945 թվականների «Հայրենական Մեծ պատերազմի» ժամանակ իրենց հերոսական դիմադրությամբ հռչակված նախկին ԽՍՀՄ քաղաքներ Մոսկվան, Լենինգրադը, Կիևը, Օդեսան, Սևաստոպոլը, Վոլգոգրադը, Մինսկը, Կերչը, Նովոռոսիյսկը, Տուլան։ Մոսկվայի պաշտպանությունը տևել է 1941 թվականի սեպտեմբերի 30-ից դեկտեմբեր 5-ը, Լենինգրադինը՝ 1941 թվականի հուլիսի 10-ից 1944 թվականի հունվարի 14-ը, Կիևինը՝ 1941 թվականի հուլիսի 10-ից սեպտեմբերի 19-ը, Օդեսայինը՝ 1941 թվականի օգոստոսի 10-ից հոկտեմբեր 16-ը, Սևաստոպոլինը՝ 1941 թվականի հոկտեմբերի 30-ից 1942 թվականի հուլիսի 4-ը, Ստալինգրադինը (այժմ՝ Վոլգոգրադ)՝ 1942 թվականի հուլիսի 17-ից նոյեմբերի 18-ը, Նովոռոսիյսկինը՝ 1942 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբեր 26-ը, Տուլայինը՝ 1941 թվականի հոկտեմբեր 24-ից դեկտեմբեր 5-ը։
Ի նշանավորումն զորքերի սխրանքի և այդ քաղաքների բնակչության մասսայական հերոսության՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1942 թվականի դեկտեմբեր 22-ին հաստատվեցին «Լենինգրադի պաշտպանության համար», «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», 1944 թվականի մայիսի 1-ին՝ «Մոսկվայի պաշտպանության համար», 1961 թվականի հունիսի 21-ին՝ «Կիևի պաշտպանության համար» մեդալներ, որոնցով պարգևատրվեցին պաշտպանության բոլոր մասնակիցները, իսկ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1965 թվականի մայիսի 8-ի հրամանագրով քաղաքներին շնորհվեց հերոս քաղաք պատվավոր կոչումը։ Հերոս քաղաքում կանգնեցվում էր կոթող՝ Լենինի շքանշանի, «Ոսկե աստղ» մեդալի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրի տեքստի պատկերմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 382)։ |