Մթնոլորտի աղտոտում
Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի,ֆիզիկական ազդակների և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին։
Բնական աղտոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները, լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը։
Մարդածին աղտոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը։
Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝
- տեղային
Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ։
- տարածաշրջանային
Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ։
- խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում
Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված են մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ։
Մթնոլորտն աղտոտող նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս (2006) հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։
Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը, օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրի մակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։
Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։
Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։
Սմոգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ՝ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ առաջացնելով նոր աղտոտող նյութեր։
Աերոզոլային մասնիկների և սմոգների վտանգն ավելի է մեծանում մթնոլորտի ճառագայթաակտիվ աղտոտման ժամանակ, երբ դրանց միանում են ճառագայթաակտիվ իզոտոպները։ Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, որի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունակությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման։ Արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտն օդն աղտոտում են նաև աղմուկով։ Օդում տարբեր ախտածին մանրէների առկայության պատճառով առաջանում են որոշ վարակիչ հիվանդություններ, որոնք հանգեցնում են հատկապես օդակաթիլային վարակների տարածմանը։
Մթնոլորտի աղտոտումը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։
Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները։ Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում։ Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները։
Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները։ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%։
Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;
Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994)։
Աղտոտիչ նյութի անվանումը | Կոնցենտրացիան, մգ/մ³ | |||||
Երևան | Վանաձոր | Ալավերդի | ||||
առավելա գույնը |
միջին ամսականը |
առավելա գույնը |
միջին ամսականը |
առավելա գույնը |
միջին ամսականը | |
Փոշի | - | 0, 23 | - | 0, 38 | - | 0, 13 |
Ծծմբի երկօքսիդ (SO2) | 0, 47 | 0, 11 | 0, 17 | 0, 06 | 1, 04 | 0, 54 |
Ազոտի երկօքսիդ (NO2) | 0, 365 | 0, 107 | 0, 16 | 0, 033 | 0, 106 | 0, 047 |
Ազոտի օքսիդ (NO) | 0, 24 | 0, 06 | 0, 04 | 0, 01 | 0, 06 | 0, 02 |
Գետնամերձ օզոն | 0, 099 | 0, 063 | - | - | - | - |
Բենզոլ | 0, 296 | 0, 062 | - | - | - | - |
Տոլուոլ | 1, 308 | 0, 213 | - | - | - | - |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |