Ջեյմս Մեյս
Ջեյմս Մեյս | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1831[1] |
Ծննդավայր | Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 30, 1910[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ջեյմս Մեյս (անգլ.՝ James "Jem" Mace, ապրիլի 8, 1831[1], Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1910[1], Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի բռնցքամարտիկ։ Հայտնի էր մարտական իր հատուկ ոճով՝ ուղեկցվող կայծակնային գրոհներով։ Մեյսը վերջին բռնցքամարտիկն էր, ով դարձել է բռնցքամարտի Անգլիայի չեմպիոն լոնդոնյան կանոնների համաձայն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը ծնվել է 1831 թվականի ապրիլի 8-ին Նորֆոլկի Բիստոն քաղաքի բանվորական թաղամասում։ Նա ընտանիքի չորրորդ որդին էր։ Ըստ նրա՝ մանկության ամենասիրելի ժամանցը պատուհանից փողոցի բռնցքամարտեր դիտելն էր։ Ավարտել է տարրական դպրոցը։
15 տարեկան հասակում ծնողների ցանկությամբ Մեյսն աշակերտում է փայտագործ Ֆոքսի մոտ։ Նույն մարդը Ջեյմսին ջութակի դասեր է տալիս, ինչը տղային շատ դուր է գալիս։
Որոշ ժամանակ անց Ջեյմսը սկսում է աշխատել պանդոկում որպես ջութակահար՝ չթողնելով ուսումը միստր Ֆոքսի մոտ։ Սակայն երեք տարի անց անհայտ պատճառներով նա ընդհատում է ուսումը և վերադառնում տուն։
Շուտով նա աշխատանք է գտնում Նաթ Լանգհամի բռնցքամարտի խմբում, որը շրջում էր երկրի տոնավաճառներում։ Լանգհամը Մեյսին սովորեցնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի այն ժամանակվա առաջատար տեխնիկան։ Մեյսի հաղթանակները տոնավաճառային ռինգերում գրանցվել են «Ֆիստիանա»-ում (բռնցքամարտի պատմության գիրք)։
1861 թվականին Մեյսը դառնում է Անգլիայի չեմպիոն՝ հաղթելով նշանավոր բռնցքամարտիկ Սեմ Հյորստին։ Այդ պահին բռնցքամարտն այլևս Մեյսի հիմնական զբաղմունքը չէր. նա Լոնդոնում գտնվող պանդոկի սեփականատեր էր։
Որոշ ժամանակ անց վաճառելով պանդոկը՝ գնում է շապիտո, շրջագայում Անգլիայում՝ ժամանակ առ ժամանակ մասնակցելով լուրջ մարտերի։
1869 թվականին Մեյսը տեղափոխվում է ԱՄՆ։ 1877 թվականին շրջում է Ավստրալիայում՝ մասնակցելով անօրինական մարտերին, իսկ 1882 թվականին մեկնում է Նոր Զելանդիա։ 1883 թվականին վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ շարունակելով մասնակցել անօրինական մարտերին։
Վերջին անգամ Մեյսը ռինգ է մտել 73 տարեկան հասակում։
Մահացել է 79 տարեկան հասակում Դարհեմ քաղաքում և թաղվել Լիվերպուլում։
Հաջողություն և նվաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Մեյսին անվանում են ժամանակակից բռնցքամարտի հայր, քանի որ ենթադրվում է, որ հենց նրա շնորհիվ են հայտնի դարձել «Կուինսբերի կանոնները» (անգլ.՝ Queensberry Rules): Նա առաջիններից էր, ով օգտագործում էր բռնցքամարտի ձեռնոցներ և ամեն կերպ նպաստում էր նոր կանոնների պահպանմանը։ Ենթադրվում է նաև, որ Մեյսը ստեղծել է բռնցքամարտի միջազգային մրցումներ։
Իր կյանքի ընթացքում Մեյսը մասնակցել է 37 մենամարտի (բացառությամբ տոնավաճառների, որոնք նա համարում էր մարզում), որից 25-ը հաղթել է, 4-ը պարտվել, իսկ 5-ը ավարտվել է ոչ ոքի։ Եվ երբեք նոկաուտի չի ենթարկվել։ BoxRec-ի տվյալների համաձայն՝ նա անցկացրել է 29 մարտ, որից 1-ը շահել է, 1-ը պարտվել, իսկ 27-ն ավարտվել է առանց արդյունքի հայտարարման։ Համարվում է իր ժամանակի ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ «Ջեյմս Մեյսը բռնցքամարտի ռեկորդ». Cyber Boxing Zone. CBZ. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեյսի համառոտ կենսագրությունը բռնցքամարտի հանրագիտարանում
- Ջեյմս Մեյս, աշխարհի չեմպիոն(անգլ.)
- Ջեյմս Մեյսը The Cyber Boxing-ում, մարտերի ցանկ(անգլ.)
- Մեյսը բռնցքամարտի փառքի սրահում(անգլ.)
- Ջեյմս Մեյսը հայտնի մրցանակային ռինգում(անգլ.)
- Ջեյմս Մեյսը «Բրիտանիկա» հանրագիտարանում(անգլ.)
|