Թոմաս Մելորի
Թոմաս Մելորի Thomas Malory | |
---|---|
Ծնվել է | մոտ 1405[1][2] |
Ծննդավայր | Ուորիքշիր, Անգլիա[3] |
Վախճանվել է | մարտի 14, 1471[4] |
Վախճանի վայր | Newgate Prison, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Christ Church Greyfriars |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Արթուրի մահը |
Thomas Malory Վիքիպահեստում |
Թոմաս Մելորի (անգլ.՝ Sir Thomas Malory, մոտ 1405[1][2], Ուորիքշիր, Անգլիա[3] - մարտի 14, 1471[4], Newgate Prison, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա), անգլիացի գրող, «Գիրք Արթուր արքայի և նրա՝ Կլոր սեղանի քաջակորով ասպետների մասին» ստեղծագործության հեղինակ։ Այն բաղկացած է Արթուր արքայի և Կլոր սեղանի ասպետների մասին ութ վեպերից և իրենից ներկայացնում է Արթուր արքայի մասին լեգենդի սպառիչ ժողովածու։ 1485 թվականին անգլիացի թարգմանիչ Ուիլյամ Քեքստոնը Մելորիի գիրքը հրատարակել է «Արթուրի մահը» խորագրով (ֆր.՝ Le Morte d'Arthur)։ Այն դարձել է Արթուրի առասպելի յուրօրինակ հանրագիտարան։
Ամենայն հավանականությամբ՝ Մելորին ծնվել է ազնվականի ընտանիքում, Ուորկշիր կոմսությունում 15-րդ դարասկզբին։ Սուղ տեղեկություններ են պահպանվել նրա կյանքի մասին։ Որպես ասպետ՝ մասնակցություն է ունեցել Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմին. կոմս Ուրոիկի կողմնակիցն է եղել։ 1444 կամ 1445 թվականին անգլիական պառլամենտում ներկայացրել է իր կոմսությունը։ Դուքս Բեկինհեմի կողմնակիցների հարձակման և ամուսնացած կանանց նկատմամբ բազմիցս տեղի ունեցած բռնությունների պատճառով բանտարկվել է Մաքստոկ ամրոցում, որտեղից փախուստի է դիմել՝ լողալով ջրով լի փոսը։
Կյանքի վերջին քսան տարիներն անցկացրել է բանտում, որտեղ և գրել է իր վեպերը։ Ակնհայտ է, որ գերության ընթացքում իր նախորդների՝ զգալի քանակով ձեռագրերն օգտագործելու հնարավորություն է ունեցել։ Անհայտ է մնացել, թե գրքում ինչպիսի դասավորություն են ունեցել վեպերը։ Հնարավոր է՝ վեպերի՝ մեզ ծանոթ դասավորվածությունը սահմանել է ընդօրինակողը կամ հենց ինքը՝ Ուիլյամ Քեքստոնը։
- «Պատմություն Արթուր արքայի մասին» (1–4 գրքեր, հրատարակիչ՝ Քեքստոն)․ պատմվում է Արթուր արքայի ծագման մասին։
- «Պատմություն Արթուր արքայի և Լուցիայի կայսեր մասին» (գիրք 5)․ պատմում է հռոմեացիների դեմ Արթուրի ճակատամարտի և հռոմեական գահը նվաճելու մասին։
- «Փառավոր պատմություն պարոն Լանսելոտի մասին» (գիրք 6)։
- «Գիրք Գարեթ Օրկնեացու մասին» (գիրք 7)։
- «Գիրք պարոն Տրիստամի մասին» (7–12 գրքեր)․ «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» ֆրանսերեն արձակ ստեղծագործության սյուժեի մշակում։
- «Պատմություն Սանգրեալի մասին կամ Սուրբ Գրաալի սխրանքը» (12–17 գրքեր)։
- «Գիրք պարոն Լանսելոտի և թագուհի Գվինևրայի մասին» (18–19 գրքեր)։
- «Արթուրի մահը» (20–21 գրքեր)։
Մերոլին ի մի է հավաքել կելտական հեքիաթները, բազմաթիվ լեգենդներ և վեպեր՝ Արթուր թագավորի և «Կլոր սեղանի» ասպետների մասին ու դրանց մշակումները։ Գրել է վեպեր, որտեղ արտացոլվել են նրա ապրած ժամանակի տրամադրությունները։ Համարվում է, որ Մերոլիի ստեղծագործությունների համար աղբյուրներ են ծառայել ֆրանսիական ասպետական վեպերը։ Այնուամենայնիվ, Մերոլիին հաջողվել է իր աշխատություններին անգլիական կոլորիտ հաղորդել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մելորի» հոդվածին։ |
|