Content-Length: 172796 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%BD%D5%BF_%D5%A1%D5%B2%D5%AB%D6%84

Հաստ աղիք - Վիքիպեդիա Jump to content

Հաստ աղիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաստ աղիք
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասorgan with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էաղիքներ
Կազմված էկույր աղիք[1], colon?[1] և ուղիղ աղիք[1]
Զարկերակվերին միջընդերային զարկերակ, inferior mesenteric artery? և Ընդհանուր զստային զարկերակ
Երակվերին միջընդերային երակ
Ավշային հանգույցՍտորին միջընդերային ավշային հանգույցներ
Լիմֆատիկ դրենաժՍտորին միջընդերային ավշային հանգույցներ
MeSHA03.556.124.526 և A03.556.249.249
Foundational Model of Anatomy7201
Terminologia Anatomica 98A05.7.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և 1911 Encyclopædia Britannica
 Large intestines Վիքիպահեստում
Մարդու հաստ աղիք․
1 — Վերել հաստ աղիք,
2 — Լայնական հաստ աղիք,
3 — Վայրէջ հաստ աղիք,
4 — Սիգմայաձև աղիք,
5 — Ուղիղ աղիք.

Հաստ աղիքը (intestinum crassum) կոչվում է նաև խթաղի (colon), ձգվելով բարակ աղիքի վերջին ծայրից մինչև սրբանը, բաժանվում է հետևյալ մասերի՝

  1. կույր աղիք (cecum)՝ իր որդանման ելունով (processus vermicularis),
  2. վերել հաստ աղիք (colon ascendens),
  3. լայնական կամ հորիզոնական հաստ աղիք (colon transversum),
  4. վայրէջ հաստ աղիք (colon descendes),
  5. սիզմայաձև հաստ աղիք (colon sigmoideum)։

Հաստ աղիքի ընդհանուր երկարությունը 1.5-2 մ է։ Նրա լայնությունը կույր աղիքի շրջանում 7 սմ է, այստեղից աստիճանաբար պակասում է և վայրէջ հաստ աղիքում հավասարվում է 4 սմ-ի։ Բացի իր ավելի մեծ տրամագծից, հաստ աղիքը արտաքուստ բարակ աղիքից տարբերվում է նաև հետևյալ առանձնահատկություններով.

  • նրա ամբողջ երկարությամբ, բացի վերջնաղիքից (rectum), նկատվում են հարթ մկանաթելերից կազմված ձգաներ կամ ժապավեններ (teniae coli),
  • բնորոշ արտափքվածքներ (haustrae coli)
  • շճամզի ելուններ, որոնք պարունակում են ճարպ։

Հաստ աղիքի ժապավենները (tenia coli) երեքն են, սկսվում են որդանման ելունի հիմից և, տեղակալվելով միմյանցից հավասար հեռավորության վրա, ձգվում են մինչև վերջնաղիքը (rectum)։ Որդանման ելունի վիրահատման ժամանակ այն փնտրելիս պետք է կույր աղիքի վրա գտնել այն տեղը, որտեղ 3 ժապավենները կարծես միանում են իրար։ Ժապավենները կազմված են ի հաշիվ երկայնաձիգ մկանաշերտի, որն այստեղ մի լրիվ պատյան չի կազմում, այլ փեղեքվում է երեք ժապավենի։ Յուրաքանչյուր ժապավեն ունի իր անունը՝ ազատ (tenia libera), միջընդերային (t. mesosolica) և ճարպային (t. omentalis) ժապավեններ։

Հաստ աղիքի արտափքվածքները (haustra coli), երբ աղիքը որոշ չափով լայնացած է, նրա ներքին երեսին երևում են պարկաձև փոսերի ձևով, իսկ դրսից նրանք ունեն փքվածքների տեսք։ Հաուստրաները անհետանում են, երբ ժապավենները կտրում ենք, քանի որ արտափքվածքները՝ haustra ծագումը կախված է նրանցից, որ ժապավենները քիչ ավելի կարճ են (1/6 ականով), քան ինքը՝ աղիքը։

Հաստ աղիքի լորձաթաղանթը տարբերվում է նրբաղիքի լորձաթաղանթից իր նուրբ ու հարթ մակերեսով, որովհետև զուրկ է թավիկներից։ Նա պարունակում է լիբերկունյան գեղձեր և մենավոր ավշային հանգույցներ. պեերյան կուտակումներ չեն հանդիպում։ Լայնակի դասավորված կիսալուսնաձև ծալքերը (plicae semilunares coli) կազմված են ոչ միայն լորձաթաղանթից, այլև աղիքի պատի մնացած շերտերից։ Կիսալուսնաձև ծալքերը ֆունկցիոնալ հարմարաքներ են՝ կախված աղիքի նյարդամկանային համակարգի գործունեությունից։ Մկանային պատյանը բաղկացած է երկու շերտից. արտաքին երկայնաձիգ և ներքին շրջանաձև։ Միապաղաղ է համարվում միայն ներքին շրջանաձևը, արտաքին շերտը վերածվել է երեք ժապավենների։

Շճամիզը աղիքի մի քանի բաժինները ծածկում է լրիվ, մյուսները՝ մասամբ։

Կույր աղիքը (intestinum cecum) հաստ աղիքի սկզբի մասն է մինչև այն կետը, որտեղ բարակ աղիքը բացվում է հաստ աղիքի մեջ։ Այն 6սմ ուղղաձիգ և 7-7.5սմ լայնակի չափեր ունեցող մի պարկ է։ Կույր աղիքը տեղավորված աջ զստափոսում, պուպարյան կապանի կողմնային կեսից անմիջապես վեր, երբեմն գրավում է ավելի բարձր դիրք, հասնելով լյարդին (պահպանում է սաղմնային դիրքը)։ Իր առջևի երեսով կույր աղին (cecum) հպվում է անմիջապես որովայնի խոռոչի առաջային պատին կամ բաժանված է նրանից մեծ ճարպոնով։ Կույր աղիքի միջային-հետին երեսից 2.5-3.5 սմ ցած, որտեղ նրա մեջ բացվում է նրբաղիքը, դուրս է գալիս որդանման ելունը (processus vermicularis)։ Ելունի երկարությունը և դիրքը խիստ փոփոխվում են. միջին երկարությունը 8.6 սմ, սակայն 2% դեպքերում հասնում է 3 սմ-ի, ելունի լրիվ բացակայություն հազվադեպ է հանդիպում։ Ինչ վերաբերում է նրա դիրքին, ապա այն ամենից առաջ սերտորեն կապված է կույր աղիքի դիրքի հետ։ Որպես կանոն, որդանման ելունը, ինչպես և կույր աղիքը, ընկած է աջ զստափոսում, բայց կարող է տեղակալվել և ավելի բարձր, երբ կույր աղիքը ունի բարձր դիրք, կամ իջնել կոնքը՝ աղիքի ցածր դիրքի դեպքում։

Կույր աղիքի նորմալ դիրքի դեպքում որդանման ելունը ունենում է հետևյալ դիրքերը՝

  1. Վայրէջ դիրք (40-50% դեպքում)
  2. Կողմնային դիրք (մոտ 25% դեպքերում)
  3. Միջային դիրք (17-20% դեպքում)
  4. Վերել դիրք կույր աղիքի հետին մասով (մոտ 13% դեպքերում);

Վերել հաստ աղիքը (colon ascendens) կույր աղիքի անմիջական շարունակությունն է, ընդ որում նրանց սահմանը համարվում է բարակ աղիքի բացման տեղը (ներսից՝ valva iliocecalis-ը), ծածկված չէ որովայնամզով։

Լայնական հաստ աղիքը (colon transversum) հաստ աղիքի ամենաերկար հատվածն է (երկարությունը 25-50 սմ, այնինչ վերել հատվածը ունի մոտ 12 սմ, իսկ վայրէջը՝ 10սմ երկարություն), ձգվում է հաստ աղիի աջ ծնկից մինչև ձախ ծունկը՝ փայծաղի ստորին ծայրի մոտ, որտեղ հաստ աղիքը ծալվում է երկրորդ անգամ և դառնում վայրէջ հաստ աղի։

Վայրէջ հաստ աղիքը (colon descendens) ձախ ենթակողում սկսվում է հաստ աղիքի ձախ ծալվածքից, իջնում է ցած որովայնի խոռոչի ձախ կողմով և ձախ զստոսկրի կատարի մակարդակին փոխվում է սիգմայաձև աղիքի։

Սիգմայաձև աղիքը (colon sigmoideum) վայրէջ հաստ աղիքի շարունակությունն է և տարածվում է մինչև ուղիղ աղիքի (վերջնաղիքի) սկիզբը։ Սիգմայաձև աղիքի գալաների մեծությունը և ձևը ենթակա են մեծ անհատական փոփոխությունների՝ կախված երկարությունից և լցման աստիճանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ հաստ աղիք Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստ աղիք» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%BD%D5%BF_%D5%A1%D5%B2%D5%AB%D6%84

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy