Jump to content

Ուկրաինայի կինեմատոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինայի կինեմատոգրաֆիա (ուկրաիներեն՝ Український кінематограф), Ուկրաինայի կինոարվեստ և կինոարդյունաբերություն։ Որոշ չափով ներառում է Ուկրաինայի պրոդյուսերների ասոցիացիան և Ուկրաինայի կինոընկերության վարկանիշային համակարգը։

Ուկրաինական կինոյի զարգացումը իրականում սկսվել է դեռևս 1893 թվականին, երբ ինժեներ Իոսիֆ Տիմչենկոն, Լյումիեր եղբայրներից երկու տարի առաջ, ստեղծել է կինեսկոպի սարք, որը հարմար է եղել նկարահանումների և ֆիլմերի պրոյեկցիայի համար[1]։

Ուկրաինական կինոն իր պատմության 70 տարիների ընթացքում եղել է խորհրդայինի մաս։ Այս ժամանակներում, չնայած ազգայնացման քաղաքականությանը, կենտրոնացված պետական կառավարմանը և կինեմատոգրաֆիայի գրաքննությանը, ուկրաինական կինոն իր ծաղկման մի քանի ալիքներ է ապրել 1920-ականների ՀՈՒՖԿՎ-ի և 1960-ականների «ուկրաինական բանաստեղծական կինոյի» ժամանակ։

Առաջին կինոնկարահանումներ (1893-1921)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ուկրաինայի տարածքում առաջին ֆիլմերը ցուցադրվել են կինոյի գյուտից անմիջապես հետո՝ Լյումիեր եղբայրների կողմից 1895 թվականին[2]։

1893 թվականին Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի մեխանիկ-դիզայներ Իոսիֆ Տիմչենկոն ստեղծել է ապարատ՝ էկրանին վերարտադրելու մարդկանց և առարկաների շարունակական շարժումը[1]։ Միաժամանակ նա կատարել է ձիավորների և նիզականետների առաջին նկարահանումները, որոնք ցուցադրվել են «Ֆրանսիա» հյուրանոցում (Օդեսա) 1893 թվականի նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ 1894 թվականի հունվարի 9-ին գյուտը ցուցադրվել է Մոսկվայում՝ ռուս բնագետների և բժիշկների IX կոնգրեսի ֆիզիկայի բաժնի 6-րդ գիտաժողովում։ Այժմ տեսախցիկը գտնվում է Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանի ֆոնդերում[3]։ 1896 թվականի սեպտեմբերին Խարկովում լուսանկարիչ Ալֆրեդ Ֆեդեցկին նկարահանել է մի քանի տարեգրական սյուժեներ։ Դեկտեմբերին, գրեթե մեկ տարի անց Փարիզում առաջին հանրային կինոցուցադրմամբ, Ալֆրեդ Ֆեդեցկին կազմակերպել է կինոսեանս Խարկովի օպերային թատրոնում։ Լվովում 1896 թվականի սեպտեմբերի 13-ին Գաուսմանի անցուղում (Կրիվայա Լիպա հատված) սկսվել են ֆրանսիական ֆիլմերի կանոնավոր ցուցադրություններ, որոնք տևել են մի քանի օր։

Ուկրաինական կինոյի առաջամարտիկներից է եղել եկատերինոսլավցի օպերատոր և կինոռեժիսոր Դանիիլ Սախնենկոն։ 1911 թվականին Եկատերինոսլավի արվարձանում (Լոցմանսկայա Կամենկա ավանում) նա նկարահանել է «Զապորոժսկայա Սեչ» լիամետրաժ համր ֆիլմը, որը համարվում է Ուկրաինայի ազգային արտադրության առաջին խաղարկային ֆիլմը[4]։

1900-ականների սկզբին ուկրաինական կինոյի առաջամարտիկները գերադասել են տեղական հայտնի ներկայացումների էկրանավորումները, ինչպիսիք են «Նատալկա Պոլտավկան» (հայտնի դերասանուհի Մարիա Զանկովեցկայայի մասնակցությամբ), «Մոսկալ- հրաշագործը» և «Սպասավորը»։ Միաժամանակ փորձեր են կատարվել ստեղծելու թատերական հիմքով ուկրաինական պատմական թեմաներով ֆիլմեր՝ (Միխայիլ Ստարիցկու պիեսի հիման վրա «Բոգդան Խմելնիցկի»)։ Շատ սիրված դերասանների ստեղծագործություններ կապված են Ուկրաինայի նախահեղափոխական կինոյի հետ։ Այդ ժամանակների էկրանի թագուհին է եղել Վերա Խոլոդնայան, ով ծնվել է Պոլտավայում և շատ է նկարահանվել Օդեսայում։

ՀՈՒՖԿՎ (1922-1929)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դովժենկոն նկարահանումների ժամանակ 1932 թվական

1919 թվականից Ուկրաինական ԽՍՀ-ում սկսվել է կինոյի համընդհանուր ազգայնացումը։ 1922 թվականին հիմնադրվել է Համաուկրաինական ֆոտո-կինո վարչությունը, որին հաջողվել է վերակառուցել Օդեսայի և Յալթայի կինոստուդիաները, իսկ 1928 թվականին շահագործման է հանձնել Կիևի կինոֆաբրիկան (Ա. Դովժենկոյի անվան Կիևի ապագա կինոստուդիան)՝ ամենամեծերից ու ամենաժամանակակիցներից մեկը այդ ժամանակ աշխարհում։ Միևնույն ժամանակ, գեղարվեստական ֆիլմերը փորձել են համատեղել հեղափոխական թեմաները նախորդ շրջանի ավանդական մելոդրամայի և արկածային ժանրերի հետ (Պյոտր Չարդինինի «Ուկրասիա», Ալեքսանդր Դովժենկոյի «Դիվանագիտական սուրհանդակի պայուսակը» և «Սիրո հատապտուղը» Ալեքսանդր Դովժենկոյի)։ Այդ ժամանակ էլ Ուկրաինայում հայտնվել են նաև ազգային գրականության դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ «Տարաս Տրյասիլո», «Նիկոլայ Ջերյա», «Բորիսլավը ծիծաղում է»։

Օդեսայում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնք էկրանավորվել են մոսկովյան կինոգործիչների կողմից։ 1925 թվականին էկրան է բարձրացել Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմը, որը մտել է համաշխարհային կինոյի լավագույն ֆիլմերի տասնյակ և դարձել Օդեսայի այցեքարտը։  

1920-ականների վերջերին ուկրաինական կինեմատոգրաֆիայում նոր ու ավելի բարձր մոդեռնիստական միտում է սկսել ինքնահաստատվել, որը ձևավորվել է ռեժիսոր Լես Կուրբասի և գրողներ Մայք Գերվասիևիչ Յոհանսենի և Յուրի Յանովսկու համագործակցությամբ։ Յուրօրինակ ռեժիսոր և սցենարիստ, հայտնի քանդակագործ Իվան Կավալերիձեն («Ցնցուղ», «Պերեկոպ») հաղթահարել են կինոյի չտրորված ճանապարհը։ Ալեքսանդր Դովժենկոյի «Զվենիգորա» (1928), «Արսենալ» (1929), «Երկիր» (1930) ֆիլմերը հատուկ դեր են խաղացել ուկրաինական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում։ Նրա աշխատանքը համաշխարհային մակարդակի է բարձրացրել ուկրաինական կինոն։ 1958 թվականին Բրյուսելի (Բելգիա) Համաշխարհային ցուցահանդեսում անցկացված հարցման արդյունքում 26 երկրների 117 ականավոր քննադատների և կինոգետների շրջանում «Երկիր» ֆիլմը ընդգրկվել է բոլոր ժամանակների 12 լավագույն ֆիլմերի շարքում։  

1930 թվականի նոյեմբերին ՀՈՒՖԿՎ-ն վերակազմավորվել է «Ուկրաինաֆիլմի» և ենթարկվել «Սոյուզկինոյին»։

«Ուկրաինֆիլմ» և հնչուն կինոյի սկիզբ (1930-1950)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին Ուկրաինայում հայտնվել է առաջին հնչյունային ֆիլմը՝ Ձիգա Վերտովի «Էնտուզիազմ. Դոնբասի սիմֆոնիա» վավերագրական ֆիլմը, իսկ հաջորդ տարի հանդիսատեսը լսել է Ա. Սոլովյովի «Ռազմաճակատ» գեղարվեստական ֆիլմի դերասանների ձայները։

1930-ականների վերջերին ԽՍՀՄ-ում համապարփակ տեռորը զուգորդվել է ազգային-պատմական թեմաներին պատեհապաշտ վերադարձով։ Ալեքսանդր Դովժենկոյի «Շչորս» (1939) և Իգոր Սավչենկոյի «Բոգդան Խմելնիցկի» (1941) ֆիլմերը ռեժիսորական և դերասանական ակնհայտ տաղանդի զարմանալի համադրություն են եղել։

Ուկրաինական կինոն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մասամբ տարհանվել է դեպի արևելք և հիմնականում ենթարկվել պատերազմի գաղափարական խնդիրներին։ Դրա հետ մեկտեղ, այդ ժամանակ նկարահանվել են նաև կինոյի իսկական գլուխգործոցներ։ Դրանց թվին է դասվում Վանդա Վասիլևսկայայի սցենարով նկարահանված Մարկ Դոնսկոյի «Ծիածան» ֆիլմը, որը արտասովոր գեղարվեստական հզորությամբ է ներկայացնում նացիստների կողմից գրավված ուկրաինական գյուղի ողբերգությունը։ Ֆիլմն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, չնայած տարածված խոսակցություններին, այն երբեք Օսկար չի ստացել։

Ալեքսանդր Դովժենկոյի «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմի սցենարը սկզբում հավանության է արժանացել Ստալինի կողմից, ապա ենթարկվել ջախջախիչ քննադատության, իսկ հեղինակը՝ նշավակության։ Դրա պատճառներից մեկը, որի մասին ակնարկել են Դովժենկոյին, այն է, որ սցենարում ոչինչ չի ասվում թշնամուն հաղթելու գործում Ստալինի որոշիչ դերի մասին։ Բացի այդ, պատերազմի մասին ֆիլմերում «առաջնորդի» ցուցումով առաջ է տարվում ֆաշիզմի դեմ արագ և հեշտ հաղթանակի գաղափարը։

1945-1953 թվականների ուկրաինական ֆիլմերը ենթարկվել են «սոցիալիստական ռեալիզմի» կանոններին, նրանց մեծ արժեքը դերասանական խաղի բարձր մակարդակն է եղել (այդ տարիներին էկրանին հայտնվել են Միխայիլ Ռոմանովը, Ամվրոսի Բուչման, Դմիտրի Միլյուտենկոն, Սերգեյ Բոնդարչուկը) և կինոօպերատորների բարձր պրոֆեսիոնալիզմը («Հետախույզի սխրանքը» (1947), ռեժիսոր՝ Բորիս Բառնետ, օպերատոր՝ Դանիիլ Դեմուցկի, «Տարաս Շևչենկո»  (1951), ռեժիսոր՝ Իգոր Սավչենկո, օպերատոր՝ Դանիիլ Դեմուցկի և ուրիշներ)։

Կինոն Ուկրաինայի գերմանական օկուպացիայի տարիներին (1941-1943)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմատոգրաֆիական կյանքը շարունակվել է Ուկրաինայում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Գերմանիայի կողմից օկուպացիայի ժամանակ։ Նրա կենտրոնը եղել է Կիևը, որտեղ «Ուկրաինա-ֆիլմ» ընկերությունը Կիևի կինոստուդիայի հիման վրա սկսել են նկարահանել քարոզչական վավերագրական և ժամանակագրական ֆիլմեր։ Այդ ժամանակ ստուդիայում աշխատել են մի քանի հայտնի կինոգործիչներ, մասնավորապես՝ օպերատորներ Նիկոլայ Տոպչին և Յուրի Տամարսկին։ Կիևում գործել են նաև ութ կինոթատրոններ։

Կինո «հալոցքներ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների երկրորդ կեսի - 1960-ականների սկզբի քաղաքական «հալոցքի» ժամանակ ուկրաինական կինոարտադրությունն արագորեն աճել է։ Հայտնվել են ֆիլմեր, որոնք մինչ օրս մեծ հաջողություն են վայելում հանդիսատեսների շրջանում՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956, ռեժիսորներ՝ Մարլեն Խուցիև և Ֆելիքս Միրոներ), «Ծարավ» (1959, Եվգենի Տաշկով), «Իվաննա» (1960, Վիկտոր Իվչենկո), «Քուն» (1964, Վլադիմիր Դենիսենկո) «Երկու նապաստակների հետևից» (1961, ռեժիսոր՝ Վիկտոր Իվանով

Ուկրաինական բանաստեղծական կինո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թվականների ուկրաինական կինոն ներկայացված է աշխարհահռչակ անուններով՝ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանով, Յուրի Իլյենկո, Լեոնիդ Օսիկա, Նիկոլա Մաշչենկո, դերասաններ Իվան Միկոլայչուկ, Յուրի Շումսկի, Գնատ Յուրա, Կոնստանտին Ստեպանկով, Նիկոլայ Գրինկո, Բոգդան Ստուպկա։

Այդ ժամանակ հայտնվել են ֆիլմեր, որոնք հիմք են դրել «ուկրաինական բանաստեղծական կինոյի» եզակի ֆենոմենին՝ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (1964), որը Արգենտինայի 7-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի. Յուրի Իլյենկոյի «Ջրհորը ծարավների համար» (1965), Լեոնիդ Օսիկայի «Քարե խաչ» (1968), Պյոտր Տոդորովսկու «Հավատարմություն» (1965)։

Արգելվել է Կիրա Մուրատովայի «Երկար հրաժեշտ» (1971) ժապավենը։ Դրամատիկական ճակատագրի է արժանացել նաև Յուրի Իլյենկոյի «Իվան Կուպալայի երեկոն» (1968) ֆիլմը, սակայն նրա «Սև նշանով սպիտակ թռչունը» (1971) ֆիլմն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալի։

Այնուհետև, ուկրաինական բանաստեղծական կինոյի գեղագիտությանը նպաստել է դերասան Իվան Միկոլայչուկի ռեժիսորական դեբյուտը (Բաբելոն XX, 1979), իսկ  բանաստեղծական կինոյի էական տարրերը հայտնվել են Նիկոլա Մաշչենկոյի «Կոմիսարներ» (1971) և «Ինչպես էր կոփվում  պողպատը» (1973) ֆիլմերում։

Խաղարկային և անիմացիոն ֆիլմերի ծաղկումը 1970-ականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1980-ական թվականներին ուկրաինական ոչ խաղարկային կինոն իսկական ծաղկում է ապրել։ Գիտահանրամատչելի ֆիլմերի Կիևի կինոստուդիան նկարահանել է ֆիլմերի հսկայական շարք, որոնց թվում կային ժանրի իրական գլուխգործոցներ (ռեժիսոր Ֆելիքս Սոբոլևի «Կենդանիների լեզուն», «Կենդանիներն արդյոք մտածում են», «Հորիզոնից յոթ քայլ այն կողմ», ռեժիսոր Լեոնիդ Օսիկայի «Զախար Բերկուտ» և այլն)։

Այդ շրջանը չափազանց հաջող է եղել նաև ուկրաինական անիմացիոն ֆիլմերի համար։ Ռեժիսոր Վլադիմիր Դախնոյի («Կազակների նման…» հեռուստասերիալ), Դավիթ Չերկասկու («Կապիտան Վրունգելի արկածները», «Թևեր» և այլն), Լեոնիդ Զարուբինի («Ծղոտե ցլիկը»), Վլադիմիր Գոնչարովի («Ծիր կաթին») ֆիլմերը մեծ համբավ են բերել ուկրաինական անիմացիային արտասահմանում։

«Վերակառուցման» կինո

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերակառուցման» տարիներին ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր՝ նվիրված սոցիալական սուր խնդիրներին՝ Կիրա Մուրատովայի «Աստենիկ սինդրոմը» (1989), Օլեգ Ֆիալկոյի «Աստծո խարազանը» (1988), Միխայիլ Բելիկովի «Անկում» (1990) և այլն։ Յուրի Իլյենկոյի «Կարապի լիճ։ Գոտի» (1989) ֆիլմը միջազգային մեծ հաջողություններ է ունեցել՝ դառնալով յուրօրինակ հակատոտալիտար կինոխորհրդանիշ։

Կինեմատոգրաֆիան անկախ Ուկրաինայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի հարցերի վերաբերյալ Ուկրաինայի պետական քաղաքականության կարգավորումը հաստատվել է 1998 թվականի հունվարի 13-ին, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ուկրաինայի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը։

Անկախության շրջանում ուկրաինական կինոյին բնորոշ է 1990-ականների կինոարտադրության անկումը և 2000-2010-ական թվականներին այն վերականգնելու փորձերը։

1990-ականներին Խորհրդային Միության փլուզման և տնտեսական ճգնաժամի հետ մեկտեղ ուկրաինական կինոն սկսել է անկում ապրել։ Կինոթատրոններում հանդիսատեսների թիվը 1990 թվականի տարեկան 552 միլիոնից 1999 թվականին նվազել է մինչև 5 միլիոն։ Միաժամանակ աստիճանաբար մեծացել է հեռուստաալիքների լսարանը։ Ուկրաինայում տարեկան նկարահանվող գեղարվեստական ֆիլմերի թիվը 1992 թվականի 45-ից 2000 թվականին հասավ 4-ի։ 1990-ականներին Ուկրաինայում նկարահանված 136 ֆիլմերից 82-ը նկարահանվել են ռուսերենով։ 1990-ականների ուկրաինական կինոն փորձել է առևտրայնացվել։ Բիզնես կառույցները հաճախ դարձել են ֆիլմերի պատվիրատուներ և հովանավորներ։ Այդ հանգամանքն ազդել է ֆիլմերի բովանդակության վրա, նրանց զվարճալի լինելու փորձերը, հանրաճանաչություն են ձեռք բերել քրեական դրամաները, արկածային և էրոտիկ ֆիլմերը։

1990-ականների սկզբին ուկրաինական հեռուստատեսությունը սկսել է ակտիվորեն նկարահանել հեռուստասերիալներ, մասնավորապես, հայտնի է «Ռոկսոլանա»-ն, որի ռեժիսորն է Բորիս Նեբիերիձեն, իսկ ֆիլմը Հյուրրեմ-սուլթանի մասին է, այդ տարիներին մեծ ճանաչում է ստացել նաև ռեժիսոր Օլեգ Բիյմայի «Սիրո կղզին» ֆիլմը։ 2000-ականների սկզբին մեծ հաջողություն է ունեցել լեհ ռեժիսոր Եժի Հոֆմանի «Կրակով և սրով» ֆիլմը, որտեղ ուկրաինացի դերասան Բոգդան Ստուպկան խաղացել է Զապորոժիեի հետման Բոգդան Խմելնիցկու դերը։ Բոգդան Ստուպկան դարձել է ուկրաինական էկրանի գլխավոր հետմանը, նա հանդես է եկել նաև Նիկոլայ Զասեև-Ռուդենկոյի «Սև ռադա» պատմական սերիալում (2000) և Յուրի Իլյենկոյի «Աղոթք հետման Մազեպայի համար» (2001) ֆիլմում։ 2006 թվականին կայացել է նաև ուկրաինական առաջին թրիլլերի «Շտոլնյա»-ի պրեմիերան (պրոդյուսեր և օպերատոր՝ Ալեքսեյ Խորոշկո, ռեժիսոր՝ Լյուբոմիր Կոբիլչուկ)։ 2008 թվականին էկրան է բարձրացել ուկրաինացի կինոռեժիսոր Ալեքսանդր Կիրիենկոյի «Վախի պատրանք» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Տուրչինովի համանուն ստեղծագործության հիման վրա։

2010-ական թվականներին Ուկրաինայում նկատվել է կինոարտադրության ծավալների աստիճանական աճ։ Տեխնոլոգիաների առաջընթացի և ծախսերի կրճատման շնորհիվ զգալիորեն ավելացել է կարճամետրաժ ֆիլմերի թիվը։ Ուկրաինական կինեմատոգրաֆիա է եկել կինոգործիչների նոր սերունդ։ Ի հայտ են եկել նաև ուկրաինացի ռեժիսորների կոլեկտիվ նախագծերը՝ «Արուներ։ Արաբենիք», «Ուկրաինա, Goodbye!», «Բաբելոն 13»։ Կենտրոնացված կինոարդյունաբերության անկմանը զուգընթաց սկսվել է անկախ կինոստուդիաների, դիստրիբյուտորների և կինոթատրոնների ցանցի զարգացումը։

2003 թվականին Բեռլինալեի գլխավոր մրցույթում ուկրաինացի անիմատոր Ստեպան Կովալի «Ինը համարի տրամվայը շարժվում է» ֆիլմը ստացել է «Արծաթե արջ» մրցանակ։ 2005 թվականին ուկրաինացի երիտասարդ ռեժիսոր Իգոր Ստրեմբիցկու «Ուղեկիցներ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին։ 2007 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում կայացել է Իգոր Պոդոլչակի «Լաս Մենինաս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Հետագայում ֆիլմը մասնակցել է 27 միջազգային կինոփառատոնի, որոնցից 10-ում՝ ծրագրում, մյուսներում՝ պաշտոնական ընտրության մրցույթում։ 2011 թվականին Մարինա Վրոդան Կաննի կինոփառատոնում ստացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» «Խաչ» կարճամետրաժ ֆիլմի համար։ 2014 թվականին Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» գեղարվեստական ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի «Քննադատական շաբաթ» մրցութային ծրագրին և ստացել միանգամից երեք մրցանակ՝ Գան հիմնադրամի մրցանակ, Բացահայտում և Գրան պրի մրցանակներ։ 2017 թվականին Ստանիսլավ Գուրենկոյի «Dustards» ուկրաինական վավերագրական ֆիլմը դարձել է Անկախ կինոյի միջազգային մրցանակաբաշխության պլատինե մրցանակակիրներից մեկը վավերագրական ֆիլմ անվանակարգում։

Կինոփառատոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կիևյան «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոն,
  • Կիևի միջազգային կինոփառատոն,
  • Օդեսայի միջազգային կինոփառատոն,
  • «КРОК» կինոփառատոն,
  • «Խարկովյան յասաման» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն։

Կինոստուդիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դովժենկոյի անվան Ազգային կինոստուդիա (Կիև)
  • Օդեսայի կինոստուդիա (Օդեսա)
  • Ուկրաինայի ազգային կինեմատեկա

Կինոթատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի կինոասոցիացիայի տվյալներով 2015 թվականի դրությամբ Ուկրաինայում հաշվառված է մոտ 169 կինոթատրոն, որտեղ տեղակայված են շուրջ 464 էկրաններ[5][6]։

Կինոդիստրիբյուտորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի պետական կինոգործակալության տվյալներով 2016 թվականի դրությամբ Ուկրաինայում կինովարձույթի գծով հաշվառված են 105 իրավաբանական անձ-ընկերություն, ինչպես նաև 13 ֆիզիկական անձ[7][8]։ Կինովարձույթի գծով այդ 107 ընկերություններից չորս կինոդիստրիբյուտորներին բաժին է ընկնում շուկայի ավելի քան 90%-ը (ըստ հասույթի), դրանք են մասնավորապես B&HfilmDistribution Company-ն, UFD-ն, Kinomania-ն և MMD-ն։

Անվանում Շուկան 2010 թվականին[9] Շուկան 2011 թվականին[10] Շուկան 2012 թվականին[10] Շուկան 2013 թվականին[10][11][12] Շուկան 2014 թվականին[10] Շուկան 2015 թվականին[10]
1 B&H Film Distribution Company 43.2 % 51 % 48.9 % 49.1 % 41.4 % 55.7 %
2 Ukrainian Film Distribution 20.5 % 22.1 % 21.5 % 14.3 % 26 % 22.8 %
3 Кіноманія 15.9 % 13.4 % 9.6 % 15.00 % 16 % 8.5 %
4 Мульті Медіа Дістріб’юшн 2.6 % 4.7 % 3.4 % 7.8 % 3.6% 3.8 %
5 Інтер-Фільм - 4.7 % 4.4 % 7.6 % 2.5 % -
- Մնացած մասը 18 % 4.2 % 12.2 % 6.4 % 10.5 % 9.3 %
- Ընդամենը 100 100 100 100 100 100

Ուկրաինայի պետկինո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի կինոյի պետական գործակալությունը համարվում է գործադիր իշխանության կենտրոնական մարմինը, որն ապահովում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության իրականացումը։

Ուկրաինայի պետկինոյի ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1922-1924 - Վ. Պրոկոֆև (ՀՈՒՖԿՎ)
  • 1924-1927 - Զախար Չելմնո (ՀՈՒՖԿՎ)
  • 1927-1928 - Ալեքսանդր Շուբ (ՀՈՒՖԿՎ)
  • 1928-1930 - Իվան Վորոբյով (ՀՈՒՖԿՎ)
  • 1963-1972 - Սվյատոսլավ Իվանով (Ուկրաինական ԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտե)
  • 1972-1979 - Վասիլի Բոլշակ (Ուկրաինական ԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտե)
  • 1979-1983 - Յուրի Օլենենկո (Ուկրաինական ԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտե)
  • 1983-1988 - Վլադիմիր Ստադնիչենկո (Ուկրաինական ԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտե)
  • 1991-1992 - Յուրի Իլյենկո (Ուկրաինայի կինեմատոգրաֆիայի պետական հիմնադրամ)
  • 2006-2010 - Աննա Չմիլ (Ուկրաինայի պետական կինոգործակալություն)
  • 2010-2014 - Եկատերինա Կոպիլովա (Ուկրաինայի պետական կինոգործակալություն)
  • 2014 թվականից - Ֆիլիպ Իլյենկո (Ուկրաինայի պետական կինոգործակալություն)

Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միությունը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել ուկրաինական էկրանային արվեստի զարգացմանը՝ որպես ազգային և համաշխարհային մշակույթի օրգանական բաղադրիչ, մասնակցում է կինոարդյունաբերության և հեռուստատեսության զարգացման և համագործակցության հայեցակարգերի ստեղծմանը, պաշտպանում Միության անդամների ստեղծագործական մասնագիտական, հեղինակային և սոցիալական իրավունքները։

Կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դովժենկոյի ազգային կենտրոնը համարվում է Ուկրաինայի գեղարվեստական ֆիլմերի պետական կինոարխիվը, Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի (FIAF) միակ ասոցացված անդամն է Ուկրաինայում, որը զբաղվում է ուկրաինական արխիվային կինոյի պահպանմամբ, վերականգնմամբ և ռեստավրացիայով։ Այն ընդգրկում է նաև ֆիլմերի պատճենահանման պետական լաբորատորիան։ Կատարում է գիտական հետազոտություն կինեմատոգրաֆիայի բնագավառում, հրատարակում է կինոյի պատմության վերաբերյալ տեղեկատու գրականություն, մասնագիտացված կինոհրատարակություններ, խթանում է ուկրաինական և համաշխարհային կինոյի մասսայականացմանը։

Դովժենկոյի կենտրոնում պահվում են ավելի քան 50,000 միավոր կինոնյութեր (ավելի քան 7,000 անուն կինոստեղծագործություններ)՝ գեղարվեստական, անիմացիոն, վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմեր, հիմնականում ուկրաինական արտադրության։ Դրանցից շատերը ներկայացված են բնօրինակ նյութերի տեսքով՝ նեգատիվների, պոզիտիվ ժապավենների և թվային կրիչների վրա։ Դովժենկոյի կենտրոնում պահվում են 1992 թվականից հետո նկարահանված բոլոր ուկրաինական ֆիլմերի սկզբնական նյութերը։ Խորհրդային շրջանի ֆիլմերի նյութերը հիմնականում ներկայացված են նեգատիվ կամ պոզիտիվ ժապավենների վրա։

Ուկրաինական ոչ խաղարկային և հեռուստատեսային ֆիլմերի զգալի մասը պահպանվում է Ուկրաինայի Գ. Ս․ Պշենիչնիի անվան կենտրոնական պետական կինոֆոտոարխիվում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Жукова А. Є. Українське радянське кіномистецтво : 1917–1929 / Жукова А. Є., Журов Г. В.. - К. : Видавництво АН УРСР, 1959. - 144 с.
  • Журов Г. В. З минулого кіно на Україні : 1896–1917 / АН УРСР, Ін-т мистецтвознавства, фольклору та етнографії. - К. : Видавництво АН УРСР, 1959. - 148 с.
  • Роміцин, А. А. Українське радянське кіномистецтво : 1941–1954 : нариси / А. А. Роміцин ; ред. М. К. Йосипенко. - К. : Видавництво АН УРСР, 1959. - 229 с.
  • Шупик О. Б. Становлення українського радянського кінознавства. - К., 1977
  • А.Є.Жукова. Українська кінопанорама. - К., 1972
  • Миславський В. Н. Кінословник: Терміни, визначення, жаргонізми. - Харків, 2007. - 328 с. ISBN 966-8246-59-4
  • Ґєршевска Б. З історії культури кіно у Львові 1918-1939 рр. [Текст] I Барбара Гєршевска; пер. з польськ. - Львів: Незалежний культурологічний журнал «Ї», 2GG4. - 98 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Журов, 1959, էջ 5
  2. Журов, 1959, էջ 10
  3. «Французький прожектор(«Історія українського кінематографа» Любомира Госейка) - Статті - KINOKOLO.UA». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
  4. Першому в історії кіно українському ігровому фільму виповнилося 100 років
  5. Кіносвіт Диджитал 2015
  6. http://www.abcnews.com.ua/ru/markets/kinotieatry-boiatsia-novogho-ghoda Արխիվացված 2017-02-14 Wayback Machine Кинотеатры боятся нового года(ռուս.)
  7. Державний реєстр розповсюджувачів фільмів (станом на 31 березня 2015 року) — Державне агентство України з питань кіно
  8. http://data.gov.ua/passport/ff54b0ff-1c89-4b2a-89aa-2d119e7c96d9 Արխիվացված 2016-04-09 Wayback Machine Державний реєстр виробників та розповсюджувачів фільмів (станом на 31 березня 2015 року) — Державне агентство з питань електронного урядування України, оприлюднено 24.02.2016
  9. Кінопрокат: хто привозить фільми в Україну — Tochka.net, 20 червня 2011
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Дані Media Resources Management
  11. «Держкіно: звіт 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
  12. http://kirovograd.comments.ua/article/2014/02/09/194724.html Արխիվացված 2016-08-20 Wayback Machine Кінопрокатники відбирають фільми у конкурентів
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy