«Երկաթե մարդը 3» (անգլ.՝ Iron Man 3), ռեժիսոր Շեյն Բլեքի ֆիլմը, որը Marvel Comics ստուդիայի նախորդ ֆիլմերի շարունակությունն է։ Ֆիլմը առաջին անգամ էկրան է բարձրացել 2013 թվականի ապրիլի 24-ին։ Հանդիսանում է Երկաթե մարդը (ֆիլմ, 2008), Երկաթե մարդը 2 և Վրիժառուները ֆիլմերի շարունակությունը[18]։ Գլխավոր հերոսը, ինչպես նախկին ֆիլմերում, այստեղ նույնպես Ռոբերտ Դաունի կրտսերն է։ Սա վերջին ֆիլմն է, որտեղ օգտագործվում է Paramount լոգոտիպը։
Բեռն, Շվեյցարիա, 1999 թվական. երիտասարդ Թոնի Սթարքը ամանորյա երեկույթի ժամանակ ծանոթանում է Մայա Հանսեն անունով մի աղջկա հետ, ով «Էկստրեմիս» ծրագրի ստեղծողն է։ Մայայի հյուրանոցային համար գնալու ճանապարհին նրանք հանդիպում են Օլդրիչ Կիլիանին՝ հաշմանդամ ուսանողի և Թոնի Սթարքի գործունեության մեծ երկրպագուի, ով առաջարկում է նրանց միանալ իր ընկերությանը՝ AIM-ին։ Սթարքը նրա հետ հանդիպում է նշանակում հյուրանոցի տանիքում, սակայն այդպես էլ չի հայտնվում։ Իսկ Օլդրիչ Կիլիանը լցվում է ատելությամբ և որոշում է վրեժ լուծել Թոնի Սթարքից։
Մեր օրեր. Թոնին վհատված է իր ընկերության վրա այլմոլորակայինների հարձակումից հետո (Նյու Յորք)։ Դրանից հետո Թոնին որոշում է ստեղծել նոր հագուստներ, ինչպես նաև նոր Mark 42 մոդել, որը ավտոմատ կերպով հավաքվում է մարմնի վրա և կառավարվում է համակարգի միջոցով։ Թոնիի վարքը լարվածություն է մտցնում իր և Պեպեր Պոտսի հարաբերությունների մեջ։ Պեպերը, որպես Սթարք ընկերության ղեկավար, անսպասելի կերպով հանդիպում է առողջացած Կիլիանի հետ, ով նրան առաջարկում է համագործակցել, սակայն Պեպերը հրաժարվում է, որովհետև նրա համագործակցության արդյունքում կարող են ստեղծվել վտանգավոր զենքեր։ Այս ժամանակ համաշխարհային տերորիստ Մանդարինը սկսում է ահաբեկել ԱՄՆ-ին և նրա նախագահին։ Արդյունքում նրա մարդկանցից մեկը կոմայի մեջ է գցում Սթարք Ինդասթրիզի անվտանգության համակարգում աշխատող Հեփի Հոգանին։ Սա Սթարքին հունից հանում է և Թոնին հեռուստատեսությամբ Մանդարինին մարտահրավեր է նետում։ Տերորիստը իրեն սպասեցնել չի տալիս և պատասխանում է Թոնիի առանձնատան վրա հարձակվելով։ Պեպերը և հարձակումից առաջ եկած մի աղջիկ, ով եկել էր, որպեսզի զգուշացնի հարձակման մասին (աղջիկը Մայա Հանսենն էր) փրկվում են հենց Mark 42 մոդելի շնորհիվ, որը Թոնիի հրամանով համակարգը հագուստը հավաքել էր Պեպերի մարմնի վրա։ Երբ աղջիկները արդեն ապահով էին, Սթարքը հագուստով պատասխան է տալիս հարձակվողներին, սակայն ընկնում է ծովը։ Բոլորը Սթարքին համարում են մահացած։
Սակայն Ջարվիսին հաջողվում է փրկել Սթարքին և նա դուրս է գալիս ջրից։ Ջարվիսը անգիտակից Թոնիին ուղարկում է Թենեսի նահանգում գտնվող փոքրիկ քաղաք, ուր իմանում է, որ հագուստի մեջ առկա էներգիան բավարար չէ ետ վերադառնալու համար։ Նա հասնում է ամենամոտ գտնվող տունը, որտեղ հանդիպում է 10 տարեկան տղայի Հարլի անունով, ով ցույց է տալիս Թոնիին պայթյունի վայրը։ Սթարքը հասկանում է, որ այդ պայթյունները Էկստրեմիսի մարդկանց ձեռքի գործն է, որոնց անհավասարությունը կարող է առաջացնել ուժգին պայթյուն, որի հեղինակը և գլխավորը Մանդարինն է։ Նրա գործակալները՝ նախկին զինվորականներ, ովքեր ստացել են Էկստրեմիսի սուպերկարողությունները, հարձակվում են Սթարքի վրա, սակայն Սթարքը նրանց հաղթում է առանց հագուստի։ Ջարվիսի էներգիան արդեն բավարար էր, որպեսզի նա կատարի իր նախկին ֆունկցիաները։ Ջարվիսը հայտնաբերում է այն վայրը, որտեղ մնում է Մանդարինը (Մայամի)։ Այնտեղ Թոնին գտնում է Մանդարինին և պարզվում է՝ իրականում Մանդարինը դերասան-թմրամոլ է, ով Կիլիանի կողմից վարձվել էր, որպեսզի կատարի միջազգային հանցագործի դեր։ Ուսանողը օգտագործել էր Մայա Հենսենի աշխատանքները և հաշմանդամ զինվորականներին առողջացնելով նրանց դարձնում էր սուպերզինվորներ։ Սթարքը գերի է ընկնում և Օլդրիչը ցույց է տալիս, որ նրանք առևանգել են Պեպեր Պոտսին և նրան նույնպես դարձնելու են ռոբոտ-զինվոր։ Կիլիանը սպանում է Մայային, երբ նա ցանկանում էր խանգարել նրան։
Այդ ժամանակ Թոնիի ընկերը՝ Ջեյմս Ռոուդսը, ով հայտնի էր ինչպես Մարտիկ, կրելով Երկաթե մարդու հագուստը փնտրում էր Մանդարինին, ինչպես նաև ապահովում նախագահի անվտանգությունը։ Սակայն Էրիկ Սավին՝ Օլդրիչի օգնականը, գողանում է նրա հագուստը։ Սթարքը կարողանում է ազատվել գերությունից իր հագուստի օգնությամբ և միանում է Ռոուդին, որպեսզի թույլ չտան Սավինին առևանգել նախագահին։ Երկաթե մարդուն հաջողվում է սպանել Սավինին, բայց ոչ կանգնեցնել առևանգումը։ Թոնին և Ռոուդսը կարողանում են գաղտնի մուտք գործել չարագործի բազա, որտեղ Օլդրիչը մահապատժի էր ենթարկելու նախագահին ուղիղ եթերով, ում փոխարինելու էր փոխնախագահը, ով համագործակցում էր Օլդրիչի հետ հանուն իր աղջկա առողջության վերականգման։ Սթարքը Ջարվիսի միջոցով ստանում է իր բոլոր հագուստները և կառավարում դրանք։ Ռոուդսը փրկում է նախագահին, իսկ Թոնին կռվի է բռնվում Օլդրիչի հետ (վերջինս օգտագործում էր իր Էկստրեմիսի հատկությունները)։ Պայքարի ժամանակ Պեպերը հայտնվում է պայթյունի կենտրոնում։ Երկաթե մարդը թակարդի մեջ է գցում Օլդրիչին Mark 42 հագուստի միջոցով։ Չնայած սրան Կիլիանը փրկվում է և այն ժամանակ երբ ցանկանում էր հայտարարել, որ նա է իրական Մանդարինը, հայտնվում է Պեպերը, ով փրկվել էր Էկստրեմիսի հատկությունների շնորհիվ, դեպի Օլդրիչը ռումբ է նետում, որը Կիլիանին մասերի է բաժանում։ Հաղթանակից հետո Սթաքրը ոչնչացնում է բոլոր հագուստները, բուժում է Պեպերին, շնորհակալություն է հայտնում Հարլիին, ինչպես նաև որոշում է վիրահատվել և ազատվել իր մարմնում գտնվող երկաթե մասերից։ Այնուհետև նա այս ժամանակահատվածում իրեն մահից փրկող ռեակտորը նետում է ծովը ասելով. «Չնայած այս ամենին, ես միշտ մնալու եմ Երկաթե մարդը»։