Jump to content

Վիկինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկինգներ (այլ կիրառումներ)

Վիկինգներ, (հին անգլերեն wicing՝ ծովահեն[1], դանիերեն և բուկմոլ՝ vikinger, շվեդերեն և նյունորսկ՝ vikingar, իսլանդերեն՝ víkingar) հին սկանդինավյան ծովագնացներ։ Վիկինգները խոսել են հիմնականում հին նորվեգերենով։ Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում[2][3]։ «Վիկինգ» տերմինը տարածվել է նաև ժամանակակից անգլերենում և տեղական բարբառներում։ Այսպես են անվանել վիկինգների համայնքի բնակիչներին, որոնք ապրել են այն ժամանակահատվածում, որը հայտնի է որպես Վիկինգների դարաշրջան։ Սկանդինավյան ռազմականության, առևտրի, ժողովրդագրական էքսպանսիայի այս դարաշրջանն Սկանդինավիայի, Էստոնիայի, Բրիտանական կղզիների, Ֆրանսիայի, Կիևյան Ռուսիայի և Սիցիլիայի թագավորության վաղ միջնադարյան պատմության բաղկացուցիչ մասն է կազմում[4]։

Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Առաջ գնալով հետախուզության, տարածքների ընդլայնման և բնակեցման տևական փուլերով (տեղափոխվելով հիմնականում ծովերով և գետերով)՝ վիկինգների համայնքները և կանոնակարգերը հաստատվել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Եվրոպական Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան կղզիների տարբեր տարածքներում՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափեր։ Դրա ապացույցը հին սկանդինավյան մշակույթի լայն տարածումն է և միաժամանակ՝ դրանում օտար մշակույթների ուժեղ ազդեցությունը։

Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով հաճախ սխալմամբ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը Երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։ Վիկինգների ազնվահոգի վայրենու իդեալականացված կերպարն ի հայտ է եկել 18-րդ դարում, կատարելագործվել է ու տարածվել 19-րդ դարի Վիկինգների պատմության վերականգնման ժամանակ[5][6]։ Վիկինգների մասին ընդունված այն թյուր կարծիքը, որ նրանք բարբարոս ծովահեններ կամ խիզախ արկածախնդիրներ են եղել, մեծապես պարտական է 20-րդ դարի սկզբին ձևավորված՝ վիկինգների մասին զանազան հակասական առասպելներին։ Ներկայումս լայն տարածում գտած վիկինգների մասին բնորոշումները հիմված են հիմնականում կլիշեների և կարծրատիպերի վրա, որոնք դժվարացնում են վիկինգների ժառանգության գնահատումը։ Նման բնորոշումները ոչ միշտ են ճշգրիտ, օրինակ՝ ոչ մի վկայություն չկա, որ վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգական ֆիորդ

Ըստ մի վարկածի՝ վիկինգ բառը ծագում է իգական սեռի վիկ բառից, որը նշանակում է «խորշ, ծովախորշ, փոքրիկ ծոց»[7]։

Շատ թեորիաներ կան, ըստ որոնց վիկինգ բառը ծագել է Նորվեգիայի պատմական մարզ Վիքենի (կամ հին նորվեգերենով՝ Վիքին) անվանումից, որը նշանակում է «մարդ Վիքենից»։ Այս տեսության համաձայն՝ վիկինգ բառը բնութագրել է տվյալ տարածաշրջանի մարդկանց, և միայն վերջին տարիներ է այն լայնորեն տարածվել «վաղ միջնադարում ապրող սկանդինավցի» իմաստով։ Այնուամենայնիվ, տվյալ թեորիայի հետ կապված բազմաթիվ անհամաձայնություններ կան։ Հին նորվեգական ձեռագրերի մեջ Վիկենի տարածաշրջանում ապրած մարդկանց ոչ թե վիկինգներ են անվանել, այլ հիշատակել են «Վիք բնակիչներ»՝ վիքվերիր (ժամանակակից նորվեգերեն) անվամբ։ Բացի այդ, այս արտահայտությունը պատկանում է արական սեռին (հին սկանդինավերեն՝ վիքինգռ), հետևաբար բառացառում է իգական սեռին վերաբերվելը (հին նորվեգերեն՝ վիքինգ)։ Սա վիճելի է, որովհետև հավանականությունն ավելի մեծ է, որ արական սեռն է ծագել իգականից, այլ ոչ՝ հակառակը[8][9][10]։ Շվեդական ռունաքարերի վրա փորագրված մի քանի գրություններում այս տերմինն օգտագործվել է որպես անձնանուն։ Ոչ մի լուրջ վարկած չկա, ըստ որի՝ Վիկինգների դարաշրջանի ավարտից առաջ վիկինգ բառը հարանշանակություն է ունեցել, ընդ որում՝ բացասական։

Վիկինգ բառն ստուգաբանվում է նաև հին նորվեգերենի իգական սեռի վիքա արմատի «ծովային մղոն» նշանակությամբ (այս վարկածը պաշտպանվել է նաև հայտնի ստուգաբան Անատոլի Լիբերմանի կողմից[11]), որը ծագում է «վեիք» կամ «վիք» արմատից և նշանակում է «թիավարների հերթափոխ»։ Սրա հիմքում ընկած է հին սկանդինավերեն «վիքան» բայը, որը նշանակում է «շրջել» և նման է հին իսլանդերեն «վիկջա» («իկվա», «վիկվա») ՝ «շուռ տալ, տեղափոխել» բային և ծովային նշանակություն է ունեցել[12]։ Լեզվաբանական տեսանկյունից, այս վարկածն ավելի հավաստի է[12] և, հավանաբար, վիկինգ բառն ավելի շուտ է առաջացել, քան՝ Հյուսիսարևմտյան Եվրոպայի գերմանական ծագում ունեցող ժողովուրդների ծովային ճանապարահորդությունները, որովհետև հին ֆրիզերեն ուղղագրությունը ցույց է տալիս, որ այդ բառն արտասանվում է քմային ք-ով և ամենայն հավանակնությամբ, Հյուսիարևմտյան Եվրոպայի գերմանական ծագում ունեցող ժողովուրդների շրջանում այն ավելի շուտ է գոյություն ունեցել, քան քմայնացումը, մոտ 5-րդ դարում կամ ավելի շուտ (արևմտյան ճյուղում)[13][14]։ Սրա ետևում թաքնված գաղափարը հետևյալն է․ հավանաբար, հոգնած թիավորները միմյանց ազատել են թիերից և հերթափոխել իրար։ Հավանական է, որ հին նորվեգերեն իգական սեռի վիքինգ բառն (ինչպես՝ ֆառա ի վիքինգ բառակապակցությունը) ունեցել է ծովային ճանապարհորդություն իմաստը և բնութագրվել թիավարների հերթափոխով, այսինքն՝ ճանապարհորդությունների երկարատևությամբ, որովհետև առագաստների դարաշրջանին նախորդող դարաշրջանում ծովային երկարատև ճանապարհորդությունները տարբերակում էին թիավարների հերթափոխով։ Հետևապես, վիքինգռ (արական սեռ) բառով կոչել են այն մարդկանց, որոնք մասնակցել են թիավարների հերթափոխով բնորոշվող ծովային ճանապարհորդություններին։ Ըստ այս դիտարկման՝ վիքինգ բառն սկանդինավցի ծովագնացների հետ որևէ կապ չի ունեցել, այնուամենայնիվ, դրանց հավանական կապը ենթադրվել է այն ժամանակ, երբ սկանդինավցիներն սկսել են գերիշխել ծովափնյա տարածքներում[15]։

Հին անգլերենում, վայսինգ բառն առաջին անգամ հայտնվել է անգլոսաքսոնական «Վիդսիթ» պոեմում, որը հավանաբար, թվագրվում է 9-րդ դարով։ Ե՛վ հին անգլերենում, և՛ Համբուրգ-Բրեմեն քաղաքների արքեպիսկոպոսների պատմության մեջ, որը գրել է Ադամ Բրեմենը մոտ 1070-ական թվականներին, այս տերմինը վերագրվել է սկանդինավցի ծովահեններին ու ծովային արշավանքների մասնակիցներին և ոչ որևէ ժողովրդի կամ մշակույթի, ինչպես հին նորվեգերում։ Այս բառը չի հիշատակվել միջին անգլերենով պահպանված տեքստերից ոչ մեկում։

Իսլանդացի Օռնոլֆուռ Քրիստյանսսոնի տեսության համաձայն՝ վայսինգ բառի ծագման բանալին «Վիդսիթ» պոեմի «վիկինգ տոհմ» ("wicinga cynn") արտահայտությունն է, որով անվանել են այն ժողովրդին կամ տոհմին, որն ապրել է Սկանդինավյան Յորքում (Յորվիկ. 9-րդ դարում այն գտնվել է նորվեգացիների իշխանության տակ)։ Վիկինգ բառը միջին անգլերեն է ներմուծվել 18-րդ դարում՝ Վիկիգների պատմության վերականգնմամբ, որի ժամանակ էլ այն ձեռք բերել «բարբարոս զինվորի» կամ ազնվահոգի վայրենու իդեալականացված, վերամբարձ ենթատեքստ։ 20-րդ դարում, վիկինգ բառը մեկնաբանվել ու լայնորեն տարածվել է ոչ միայն «Սկանդինավիայում և այլ տարածքներում (Իսլանդիա, Ֆարերյան կղզիներ) բնակվող ծովային արշավանքների մասնակիցներ» իմաստով, այլ նաև ունեցել է «8-րդ դարի վերջից մինչև մոտ 11-րդ դարի կեսը, ավելի ստույգ՝ մոտ 700 թվականից մինչև 1100 թվականը, անկախ մշակութային պատկանելիությունից՝ ծովային արշավանքների մասնակից ցանկացած անդամ» իմաստը։ Որպես լրացյալ ածական` վիկինգ բառն օգտագործվում է վիկինգների և նրանց մշակութային կյանքի հետ կապված հասկացությունները, երևույթներն ու գտածոներն անվանելու համար, ինչպես օրինակ՝ Վիկինգների դարաշրջան, Վիկինգների մշակույթ, Վիկինգների արվեստ, Վիկինգների կրոն, Վիկինգների նավ և այլն[16]։

Այլ անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկինգներն իրենց նավերը հացենու փայտից են պատրաստել, այդ պատճառով էլ գերմանացիները նրանց ասկոմաննոներ («հացենի մարդիկ») են անվանել[17]։ Իռլանդացիները վիկինգներին «դուբգեիլ և ֆիննգեիլ», են կոչել, այսինքն՝ «սևամաշկ և սպիտակամաշկ օտարերկրացիներ»[18], գելերը՝ «Լոխլանախ»՝ «լճակի մարդ»[19], իսկ անգլոսաքսոնները՝ «դին»[20]։

Եվրոպան 814 թվականին։ Ռուսլագենը գտնվում է հյուսիսում, վարդագույնով ներկված «Շվեդացիներ և գոթեր» տարածքում:

Սլավոնները, արաբները և բյուզանդացիները վիկինգներին անվանել են ռուսներ (Rhōs)[21], որը հավանաբար ծագել է ռոփս (rōþs) բառի զանազան գործածություններից մեկից և ունեցել՝ «թիավարության հետ առնչություն ունեցող» իմաստը, կամ ծագել է Շվեդիայի արևելքի կենտրոնական հատվածում գտնվող Ռուսլագեն տարածաշրջանի անվանումից, որտեղից էլ սերել են սլավոնական հողերով շրջագայություններ անող վիկինգների մեծ մասը։ Ներկայումս, շատ հնագետներ և պատմագիրներ կարծում են, որ սլավոնական հողերի այս սկանդինավյան բնակավայրերը մեծ նշանակություն են ունեցել Կիևյան Ռուսիայի Դաշնության ձևավորման գործում, հետևաբար, նաև Ռուսաստանի և Բելառուսի անվանումների մեջ։ Վարկածներ կան, որ հարևան երկրների լեզուներում Շվեդիայի այլ անվանումները՝ ֆիններենով Ռոութսի և էստոներենով Ռոթսի, ծագել են ռոփս բառից։

Սլավոններն ու բյուզանդացիները վիկինգներին անվանել են վարյագներ (ռուսերեն՝ варяги, հին նորվեգերեն՝ Væringjar - վարյանգար, որը նշանակում է «երդվյալներ»՝ vàr- «վստահություն, հավատարմության երդում» արմատից, որն էլ կապ ունեցենալ է հին անգլերեն wær «համաձայնություն, դաշնագիր, խոստում» և հին բարձր գերմաներեն wara՝ «հավատարմություն» բառերի հետ[21]Բյուզանդական կայսրության սկանդինավցի թիկնապահները՝ կայսեր պաշտպանությունն ապահովող զինվորականները, հայտնի են եղել Վարյագյան գունդ անվանումով։

Ֆրանկները վիկինգներին անվանել են հյուսիսային մարդիկ կամ դանիացիներ, մինչդեռ, անգլիացիները նրանց անվանել են դանիացիներ (վիկինգներ, ովքեր 8-11-րդ դարերում ներխուժել են Անգլիա) կամ հեթանոսներ, իռլանդացիները՝ դիցապաշտներ կամ այլազգիներ (ոչ քրիստոնյա, ոչ հռոմեացի, ոչ հրեա)[22]։

«Անգլոսկանդինավյան» տերմինը վերաբերվում է 8-13-րդ դարերի հնագիտական և պատմական այն շրջանին, երբ Սկանդինավիայի տարածքում ապրող վիկինգներ կոչվող մարդիկ արտագաղթել են ու գրավել Բրիտանական կղզիները։ Այն էականորեն տարբերվում է «անգլոսաքսոնական» տերմինից։ Գոյություն ունեն շատ այլ նման տերմիններ, օրինակ՝ նորվեգագելական, որը վերաբերվում է Իռլանդիային և Շոտլանդիային։

Վիկինգների դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրություններում հիշատակված ամենավաղ՝ 790-ական թվականների ասպատակություններից մինչև 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումն ընկած տարիներն Սկանդինավյան պատմության մեջ հայտնի են Վիկինգների դարաշրջան անվանումով[23]։ Վիկինգների դեպի հարավն ուղղված ծովային արշավանքներն իրականացվել են Նորվեգական և Բալթիկ ծովերով։ Նորմաններն սերել են վիկինգներից։ 10-րդ դարում, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նորմանդիայի դքսությունում նրանք գերիշխանություն են ստացել, որի շնորհիվ էլ վիկինգների ժառանգները որոշակի իշխանություն են ունեցել Հյուսիսային Եվրոպայում։ Դրա վառ օրինակն է անգլոսաքսերի վերջին թագավոր՝ Հարոլդ Գոդվինսոնը, որը դանիական արմատներ է ունեցել։ Նույնիսկ երկու դանիացիներ Անգլիայի գահին են բարձրացել. Կանութ Դանիացին թագավորել է 1013-1014 թվականներին, իսկ նրա որդի Կնուդ I Մեծը՝ 1016-1035 թվականներին[24][25][26][27][28]։

Անգլիա ներխուժող դանիացի նավաստիների պատկեր:12-րդ դարի պատկերազարդ ձեռագիր մատյան, «Պատառիկներ Սուրբ Էդմունդի կյանքից» (Մորգանի գրադարան և թանգարան)

Աշխարհագրական առումով, Վիկիկինգների դարաշրջանը վերագրվում է ոչ միայն Սկանդինավյան երկրներին (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա), այլ նաև՝ հյուսիս-գերմանական տիրապետության տակ գտնվող տարածքներին, գլխավորապես Դենլոուին (Դանելագ), Նորթումբրիայի թագավորության գտածոների ադմինիստրատիվ կենտրոն Սկանդինավյան Յորքին[29], Մերսիայի որոշ հատվածներին և Արևելյան Անգլիայի թագավորությանը։ Ծովային ճանապարհորդությունների ժամանակ վիկինգ ծովագնացները դեպի հյուսիս, արևմուտք և արևելք նոր ուղիներ են բացահայտել և հիմք դրել Շետլանդյան, Օրկնեյան և Ֆարերյան կղզիներում, Իսլանդիայում և Գրենլանդիայում[30] մի շարք անկախ բնակավայրերի հիմնադրմանը։ Դրանց թվում է նաև Նյուֆաունդլենդի Լ'Անս-օ-Մեդոուս պատմական հուշարձանը, թեպետ որպես բնակատեղի այն շատ կարճ (մոտ 1000 տարի) կյանք է ունեցել[31]։ Սկանդինավցիները Գրենլանդիայում բնակություն են հաստատել մոտ 980 թվականից՝ Միջնադարյան ջերմային դարաշրջանի ընթացքում և15-րդ դարի կեսերին, սակայն լքել են տարածքը՝ պայմանավորված մասամբ կլիմայի փոփոխությամբ[32]։ Վիկինգներից սերող Ռյուրիկովիչների արքայատոհմն իշխել է Արևելյան Եվրոպայի սլավոնախոս և ուգրո-ֆիննախոս մի շարք տարածքներում և 882 թվականին գրավել Կիևը՝ այն դարձնելով Կիևյան Ռուսիայի մայրաքաղաք[33]։

839 թվականից՝ շվեդ հետախույզների Բյուզանդիոն առաջին այցից հետո, սկանդինավցիները Բյուզանդական կայսրությունում որպես վարձու զինվորներ են ծառայել[34]։ 10-րդ դարի վերջին, կայսերական թիկնապահների մի նոր զինվորական միավոր է ձևավորվել, որն իր կազմում մեծ թվով սկանդինավցիներ ներառելու համար Վարյագյան գունդ է կոչվել։ Հնարավոր է, որ Վարյագյան բառն սկանդինավյան ծագում ունի, սակայն սլավոներենում և հունարենում այն վերաբերվել է թե՛ սկանդինավցիներին, թե՛ ֆրանկներին։ Վարյագյան գնդում ծառայող ամենահայտնի սկանդինավցին Հարալդ Հարդրադան է եղել, որը հետագայում Նորվեգիայի թագավոր (1047–1066) է դարձել։

Հնագիտական պեղումները պարզել են, որ վիկինգները հասել են Աբբասյան Խալիֆայության (Իսլամական կայսրություն) կենտրոն՝ Բաղդադ[34]։ Սկանդինավցիները հաճախ են նավարկել Վոլգայով՝ վաճառելով զանազան ապրանքներ. մորթեղեն, ժանիքներ, փոկի ճարպ՝ նավի խցիչի համար և նույնիսկ ստրուկներ։ Այդ ժամանակահատվածի կարևոր առևտրային նավահանգիստներն էին՝ Բիռկան, Հեդեբյուն, Կաուփանգը, Սկանդինավյան Յորքը, Հին Լադոգան, Նովգորոդը և Կիևը։

Ընդհանուր առմամբ, նորվեգացիները տարածվել են հյուսիսային և արևմտյան հատվածներում՝ Իռլանդիայում, Շոտլանդիայում, Իսլանդիայում և Գրենլանդիայում, դանիացիները՝ Անգլիայում և Ֆրանսիայում՝ բնակություն հաստատելով Դենլոուում (Հյուսիսային/Արևելյան Անգլիա) և Նորմանդիայում, իսկ շվեդներն` արևմուտքում՝ Կիևյան Ռուսիայում։

Շվեդական ռունաքարերի արձանագրություններում հիշատակվող անդրծովյան արշավանքների կեսից ավելին, վերաբերվում են դեպի Արևմտյան Եվրոպա ասպատակություններին ու ճանապարհորդություններին։ Իսլանդական սագաների համաձայն՝ շատ նորվեգացի վիկինգներ նաև Արևելյան Եվրոպա են գնացել։ Վիկինգների դարաշրջանում Նորվեգիան, Շվեդիան և Դանիան որպես պետություն գոյություն չեն ունեցել և չնայած աշխարհագրական տարբերություններին՝ այդ շրջանի հասարակությունը եղել է միատարր և մշակույթի ու լեզվի մեջ շատ ընդհանրություններ ունեցել։

Սկանդինավցի թագավորների անունները հայտնի են դարձել միայն Վիկինգների դարաշրջանի վերջին։ Վիկինգների դարաշրջանի ավարտից հետո, մի քանի թագավորություններ աստիճանաբար ինքնություն են ձեռք բերել որպես առանձին ազգեր և ձեռք ձեռքի տված քրիստոնյա են դարձել։ Հետևաբար, վիկինգների դարաշրջանի ավարտն սկանդինավցիների համար ազդարարել է համեմատաբար կարճ Միջնադարի սկիզբը։

Տարածքների ընդլայնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկինգների ճանապարհորդությունները

Նորվեգացի վիկինգների կողմից Իսլանդիայի գաղութացումն սկսվել է 9-րդ դարում։ Առաջին աղբյուրը, որտեղ հիշատակվել է Իսլանդիայի և Գրենլանդիայի մասին, 1053 թվականին գրված պապական նամակներից մեկն է։ Ապա, 20 տարի հետո այդ անունները հայտնվել են նաև Ադամ Բրեմենի «Համբուրգի եպիսկոպոսների գործերը» քրոնիկոնում։ Այդ կղզիներում ապրող ժողովուրդը քրիստոնեականացվել է միայն 1130 թվականից հետո։ Նույն ժամանակ էլ տեղացիները գրավոր նկարագրել են կղզիների պատմությունը, որը պահպանվել է սագաների և քրոնիկոնների ձևով[35]։

Վիկինգները հետազոտել են հյուսիսային կղզիներն ու Հյուսիսատլանտյան ափերը, նույնիսկ, խիզախել են մեկնել ու հետազոտել Հյուսիսային Աֆրիկան, Ռուսաստանի արևելյան ափերը, Կոստանդնուպոլիսը և Միջին Արևելքը[36]։ Ներխուժելով տարբեր բնակավայրեր և շահամոլաբար գաղութացնելով դրանք՝ վիկինգները թալանել են տեղի բնակչությանը և այնտեղ առևտրով զբաղվել[37]։ Վաղ շրջանում վիկինգերը ծովային արշավանքներից հետո հայրենիք են վերադարձել։ Ավելի ուշ, նրանց հաջորդները տուն վերադառնալու փոխարեն գաղութներում են բնակություն հաստատել[38]։

Էրիկ Շիկահերի որդի Լեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ՝ վիկինգները Հյուսիսային Ամերիկա են հասել և ներկայիս Լ'Անս-օ-Մեդոուսում, Նյուֆաունդլենդում և Կանադայում կարճատև բնակության ավաններ հիմնել։ Տարածքների այս ընդլայնումը տեղի է ունեցել Միջնադարյան ջերմային դարաշրջանում[39]։

Մայրցամաքային Եվրոպայում վիկինգների տարածքների ընդլայնումն ավելի նեղ շրջանակ է ընդգրկել։ Հարավում նրանք հզոր մշակույթներ կրող սահմանակիցներ են ունեցել։ Սկզբում, այդ սահմանակիցներից էին սաքսերը, որոնք բնակվում էին ներկայիս Հյուսիսային Գերմանիայի տարածքում գտնվող՝ Հին Սաքսոնիայում։ Սաքսերը դաժան էին և ազդեցիկ։ Նրանք հաճախ են բախվել վիկինգների հետ։ Սաքսոնական հարձակումներին դիմադրելու և սեփական դիրքն ամրապնդելու համար՝ դանիացիները Հեդեբյու բնակավայրում և դրա շուրջ՝ կառուցել են Դանեվիրկեյի պաշտպանական հսկայական ամրաշինությունը[40]։ Վիկինգներն ականատես են եղել 772 թվականից մինչև 804 թվականը ձգվող Սաքսոնիայի պատերազմների 30-րդ տարում, Կառլոս Մեծի գլխավորությամբ իրականցվող՝ սաքսերին իր իշխանությանը հնազանդեցնելու կատաղի փորձերին։ Սաքսերի պարտությունը հանգեցրել է բռնի քրիստոնեականացմանը։ Պատերազմից հետո, Հին Սաքսոնիան միացել է Կարոլինգյան կայսրությանը։ Ֆրանկների հանդեպ վախը վիկինգներին դրդել է նպաստել Դանեվիրկեյի տարածքի ընդլայնմանը, իսկ պաշտպանական կառույցները նույն նպատակով օգտագործվել են Վիկինգների դարաշրջանում և կանգուն մնացել մինչև1864 թվական[41]։

Բալթիկ ծովի հարավային ափն Օբոդրիտների իշխանության տակ է եղել։ Օբոդրիտներն սլավոնական ցեղերի միավորում էին, որոնք հավատարիմ են եղել Կարոլինգներին և ավելի ուշ՝ Ֆրանկական թագավորությանը։ Վիկինգները Գուդֆրեդ թագավորի առաջնորդությամբ՝ 808 թվականին ավերել են Բալթիկ ծովի ափին գտնվող Օբոդրիտ քաղաքը և տեղաբնակ առևտրականներին տեղափոխել Հեդեբյու[42]։ Սա ապահովել է Բալթիկ ծովի շրջակայքում վիկինգների գերիշխանությունը, որն էլ շարունակվել է Վիկինգների ողջ դարաշրջանում։

Արշավանքների դրդապատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն դրդապատճառները, որ վիկինգներին դրդել են ընդլայնել իրենց տարածքները, Սկանդինավյան պատմության մեջ բազմաթիվ բանավեճերի առարկա են դարձել։ Համընդհանուր մի տեսություն հիմք է ընդունել այն, որ Կառլոս Մեծը «հեթանոսներին քրիստոնյա դարձնելու համար ահաբեկել է նրանց և բռնություն գործադրել»՝ ստիպելով մկրտվել և դավանափոխվել, որն էլ հանգեցրել է վիկինգների և այլ հեթանոսների դիմադրությանն ու վրեժխնդիր լինելու ցանկությանը[43][44][45][46][47]։ Սկանդինավիայում քրիստոնեության ներթափանցումը հանգեցրել է Նորվեգիայի գրեթե մեկ դար տևող պառակտմանը[48]։

Վիկինգների գաղութներն ու ծովային ճանապարհորդության ուղիները

Ըստ մեկ այլ մեկնաբանության վիկինգներն օգտվել են հարևան շրջանների հզորության թուլացման պահից։ Ծովին, շատ քաղաքներին ու նավարկելի գետերին մոտ գտնվող Անգլիան, որը նաև երկպառակությունների մեջ էր, համեմատաբար ավելի հեշտությամբ է զոհ դարձել։ Ողջ Արևմտյան Եվրոպայում ռազմածովային դիմադրության պակասը, վիկինգներին թույլ է տվել ազատ նավարկել, իսկ հնարավորության դեպքում նաև՝ արշավանքներ կազմակերպել կամ առևտուր անել։ Հին առևտրային երթուղիների շահութաբերության նվազումը՝ նոր տարածքներ փնտրելու շարժառիթներից մեկն էր։ 5-րդ դարում, Արևմտյան Եվրոպայի և Եվրասիայի մյուս տարածքների միջև տեղի ունեցող առևտուրը ծանր հարված էր ստացել Հռոմեական կայսրության կործանումից[49]։ Արևմտյան Եվրոպայի հետ ունեցած առևտրային կապերի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև 7-րդ դարում սկսվող իսլամի տարածումը[50]։

Եվրոպայում ասպատակություններ են եղել նաև՝ մինչ վիկինգների ի հայտ գալը. գաղութաբնակեցումը և շատ ծովային արշավանքներ սկսվել են հենց Սկանդինավիայում։ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ՝ դանիացիների Բրիտանական կղզիներում բնակություն հաստատելուց երեք դար առաջ, Յուտլանդիայում ապրող յուտերը մեծ թափով Բրիտանական կղզիներ են ներխուժել։ Հետագայում, Եվրոպայից Բրիտանական կղզիներ են ներգաղթել սաքսերը և անգլերը։ Այնուամենայնիվ, վիկինգների ասպատակություններն առաջինն էին, որ գրվել են ականատեսների կողմից և ունեն իրենց փաստաթղթային ապացույցը։ Համեմատած նախորդ ծովային արշավանքների հետ՝ դրանք մասշտաբային բնույթ են կրել և բնութագրվել հաճախականությամբ[51]։

Վիկինգներն իրենց պատկանող տարածքների նման՝ ընդլայնվելու հատկություն են ունեցել, և թեպետ այն դրդապատճառները, որոնք դրդել են ասպատակություններ կազմակերպել, այնքան էլ հստակ չեն՝ պատմաբանները դրանք որպես փաստեր են ընդունում[52]։

Վիկինգները ցանկացել են թալանել հարուստներին և գերիշխող դառնալ։ Առաջնորդվելով դրանով՝ նրանք շատերին են ստրկացրել[պարզաբանել][53]: «Ստրուկների մայրուղին» մի տերմին է, որն օգտագործվել է նկարագրելու համար Բալթիկ ծովով նավարկելու ժամանակ վիկինգների հայտնաբերած այն ուղին, որն Սկանդինավիան անմիջականորեն կապել է Կոստանդնուպոլսի ու Բաղդադի հետ։ 9-րդ դարում, նավերի կատարելագործման շնորհիվ վիկինգները կարողացել են նավարկել նաև Ռուսաստանում և Եվրոպայի որոշ հյուսիսային հատվածներում[54]։

Վիկինգների դարաշրջանի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավցի կանայք ու տղամարդիկ վիկինգների դարաշրջանի ընթացքում ճանապարհորդել են Եվրոպայում և դրա սահմաններից դուրս գտնվող շատ շրջաններում։ Վիկինգների այդ մշակութային հոսքն իր հետքեր է թողել Նյուֆաունդլենդից մինչև Բյուզանդիոն ընկած շրջաններում։ Ակտիվ գործունեությամբ լի այս ժամանակաշրջանը որոշակիորեն ազդել է նաև սկանդինավյան հայրենի երկրների վրա, որոնք զանազան նոր ազդեցությունների համար փորձաքար են ծառայել[55]։ 300 թվականից մինչև 8֊րդ դարի վերջ, երբ ժամանակակից պատմագրերն առաջին անգամ մեկնաբանել են ծովային արշավանքի մասնակից վիկինգների հայտնվելը և մինչև 11֊րդ դարի ավարտը, Սկանդինավիան մշակութային փոփոխությունների է ենթարկվել։

Տեսարան վիկինգների վերջին հանգրվան՝ Սքայ կղզուց

Մինչև 11֊րդ դարի ավարտը, Կաթոլիկ եկեղեցու կողմից (դրանից 300 տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին փոքր ազդեցություն է ունեցել Սկանդինավիայի վրա) օրինական դարձած արքայական դինաստիաները, մեծացնելով իրենց լիազորություններն ու փառասիրությունը, հաստատել են իրենց իշխանությունը։ Այդ ժամանակ էլ ձևավորվել են Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունները։

Քաղաքները աշխարհիկ և հոգևոր վարչական կենտրոնների, առևտրային վայրերի դեր են կատարել։ Դրամային տնտեսությունն առաջացել է անգլիական և գերմանական մոդելների վրա հիմնվելով[56]։ Մինչ այդ ժամանակահատվածն արևելքից իսլամական արծաթադրամի ներհոսք չի եղել, իսկ անգլիական արծաթադրամի հոսքն ավարտվել է դեռ 11֊րդ դարի կեսերին[57]։ Դանիայում և Նորվեգիայում քրիստոնեությունն իր արմատներն է գցել (Սկանդինավիայի քրիստոնեականացում) 11֊րդ դարի թեմերի կազմավորմամբ։ Շվեդիայում նոր կրոնի կարգավորումն ու հաստատումն ավելի արդյունավետորեն է կատարվել։ Արտասահմանցի եկեղեցականներն ու տեղաբնակ էլիտան բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերել քրիստոնեության շահերն առաջ մղելու համար, որոնք ներկայումս, գաղափարախոսության և ապրելակերպի փոփոխություններով պայմանավորված՝ իրենց գործունեությունը միայն քարոզչական հիմքի վրա չեն դնում։ Մինչև 1103 թվականը Սկանդինավիայում, Լունդում, Սկոնեում և ավելի ուշ Դանիայում ի հայտ են եկել առաջին արքեպիսկոպոսարանները։

Քրիստոնյա աշխարհի մշակութային հիմնական ուղիների հետ նորաստեղծ սկանդինայան թագավորությունների միաձուլումն էապես փոխել է սկանդինավյան առաջնորդների ձգտումները, սկանդինավցիների անդրծովյան ճանապարհորդությունների հնարավորություններն ու հարևան երկրների հետ հարաբերությունները։ Վիկինգների եկամտի նախնական աղբյուրներից մեկը ստրկացումն է եղել։ Միջնադարյան եկեղեցին գտնում էր, որ քրիստոնյաները չպետք է ստրկացնեն եղբայրակից քրիստոնյաներին։ Հյուսիսային Եվրոպայում տարածված այդ նոր փորձի շնորհիվ ավանդական ստրկությունն ինչ֊որ չափով նվազել է։ Վերջինիս հետևել է ասպատակությունների դրդապատճառ հանդիսացող տնտեսական գործոնի նվազումը, թեպետ 11֊րդ դարում ստրկացնելու որոշակի դեպքեր գրանցվել են։ Հյուսիսային և Իռլանդական ծովերի շուրջ փռվող քրիստոնյա տարածքներում սկանդինավցիների գիշատչին բնորոշ վարքագիծն ու կողոպուտները նշանակալիորեն նվազել են։

12֊րդ դարում Նորվեգիայի թագավորները շարունակել են իրենց ասպատակություններն ու իշխանություն հաստատել Բրիտանիայի հյուսիսում և Իռլանդիայի որոշ շրջաններում, սակայն սկանդինավցի առաջնորդների ռազմական ձգտումներն այլ կողմ են ուղղվել։ 1107 թվականին Սիգուրդ Ա Խաչակիրը նորվեգացի խաչակիրների հետ նավարկել է Արևելյան Միջերկրական՝ նոր հաստատված Երուսաղեմի թագավորությունը գրավելու համար։ Դանիացիներն ու շվեդներն ակտիվորեն մասնակցել են 12֊րդ և 13֊րդ դարերի Բալթիկ ծովի խաչակրաց արշավանքներին[58]։

Կան մի շարք աղբյուրներ, որոնք լուսաբանում են վիկինգների մշակույթը, գործունեությունը և դավանանքները։ Թեպետ վիկինգները գրագետ չեն եղել, նրանք ոչ գրական ժառանգություն են ստեղծել, որը պահպանվել է ռունաքարերի միջոցով։ Վիկինգներն ունեցել են իրենց սեփական այբուբենը, որի միջոցով էլ փորագրել են ռունաքարերի վրա։ Այդ փորագրություններում վիկինգները բնութագրել են իրենց և իրենց երկիրը։ Վիկինգների մասին ներկայումս պահպանված գրքերն ու գրավոր աղբյուրները գրվել են այլ մշակույթին պատկանող այն ազգերի կողմից, որոնք առնչվել են վիկինգների հետ[59]։ Մինչև 20֊րդ դարի կեսերը հնագիտական աղբյուրները ստեղծել են վիկինգների կյանքի ավելի ամբողջական պատկերը[60][61]։ Հնագիտական արձանագրությունը բավականին խիտ է ու բազմազան և ապահովում է վիկինգների գյուղական և քաղաքային բնակեցման, արհեստների և արտադրության, նավերի և ռազմական սարքավորումների, առևտրային ուղիների մասին տեղեկություններով, ինչպես նաև հեթանոս և քրիստոնյա վիկինգներին վերաբերող գտածոներով։

Լեզու և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեիմսկրինլա սագաներից պահպանված ձեռագրերից մեկը, որը գրել է Սնորրի Ստուրլուսոն մոտ 1260 թվականին։ Այս էջում պատմվում է Օլաֆ II Սուրբ թագավորի մասին։

Վիկինգների մասին պատմող հիմնական աղբյուրները ժամանակակից բնագրեր են, որոնք հայտնաբերվել են Սկանդինավիայում և այն շրջաններից, որտեղ վիկինգներն ակտիվ գործունեություն են ծավալել[62]։ Լատիներեն տառերը Սկանդինավիա են ներմուծվել քրիստոնեության տարածման հետ մեկտեղ և այդ պատճառով էլ Սկանդինավիայի մասին պահպանված փաստագրական աղբյուրները մինչև 11֊րդ դարի վերջ ու 12֊րդ դարի սկիզբ սակավաթիվ են եղել[63]։ Թեպետ սկանդինավցիներն արձանագրություններ են թողել ռունաքարերի վրա, սակայն, սովորաբար, դրանք շատ կարճ են։ Ժամանակակից փաստագրական աղբյուրների մեծ մասը բաղկացած է այնպիսի տեքստերից, որոնք գրվել են Սկանդինավիայից դուրս քրիստոնեական և մուսուլմանական համայնքներում, հաճախ այնպիսի հեղինակների կողմից, որոնք բացասաբար են վերաբերվել վիկինգների գործունեությանը։

Վիկինգների գործունեությունը ճիշտ մեկնաբանելու համար` նրանց մասին ավելի ուշ շրջանում գրված տեղեկությունները նույնպես կարևոր են, սակայն այդ տեղեկություններն առավել շրջահայեցություն են պահանջում։ Տեղաբնակների կողմից գրված աղբյուրները երևան են եկել եկեղեցու դիրքի ամրապնդումից և 11֊12֊րդ դարերում Սկանդինավիայի ու դրա գաղութների միջնադարյան քրիստոնեական մշակույթի հիմնուղիների հետ միաձուլումից հետո։ Դրանք եղել են լատիներենով և հին նորվեգերենով։ Վիկինգների՝ Իսլանդիայում գտնվող գաղութում, 12֊14֊րդ դարերում ծաղկում է ապրել մայրենի գրականությունը, որը հայտնի է իր արտասովորությամբ։ Նույն ժամանակաշրջանում, իսլանդական սագաներում առաջին անգամ գրվել է վիկինգների դարաշրջանի հետ կապված ավանդույթների մասին։ Վիկինգների և սկանդինավցիների անցյալի մասին միջնադարյան արձակ նկարագրությունների բառացի թարգմանությունները կասկածելի են, բայց շատ առանձնահատուկ տարրեր ուշադրության արժանի են մնում, օրինակ՝ 10֊11֊րդ դարերի լաուրեատ բանաստեղծներին վերագրվող սկալդիկ պոեզիայի գերազանց որակը, ծածկազերծված տոհմածառերը, ինքնապատկերները և բարոյագիտական արժեքները, որոնք բոլորն էլ ընդգրկված են այս գրական տեքստերում։

Վիկինգներն իրենց լեզվով, մշակույթով և գործունեությամբ ազդեցություն են թողել հին նորվեգերենի շատ տեղանունների ու բառերի վրա։ Այդ տարածքներից շատերի անուններն այսօր կիրառվում են գրեթե առանց փոփոխության ու բացատրում բնիկների համար առանձնահատուկ լինելը, դրանցից են՝ Իգիլսեյը (էգիլս՝ Էգիլսի կղզի), Օրմսկիրկը (Օրմռ կիրկյա՝ Օրմ Եկեղեցի կամ Որդերի Եկեղեցի), Մելզը (մեռլ՝ Ավազաթմբեր), Սնյոֆալը (Ձյունե սար), Ռեյվենսքառը (Ագռավներ ժայռ), Վինլանդը (Գինու երկիր կամ Հապալասի երկիր), Կաուպանգերը (Նավահանգստի շուկա), Տորսհավնը (Տորի նավահանգիստ) և կրոնական կենտրոն Օդենսե քաղաքը (վայր, որտեղ երկրպագել են գերագույն աստված Օդինին)։ Վիկինգների ազդեցությունն ակնհայտ է նաև աշխարհի ամենահին խորհրդարաներից մեկի՝ Մեն կղզու Թինվալդի վրա։

Ներկայումս անգլերենում հաճախ օգտագործվող շատ բառեր` axle, crook, raft, knife, plough, leather, window, berserk, bylaw, thorp, skerry, husband, heathen, Hell, Norman, ransack և շաբաթվա մի քանի օրեր (Thursday-Թըրսդեյ` Thor's day-Թորի օրը) ծագում են վիկինգյան հին նորվեգերենից, որը հնարավորություն է տալիս հասկանալու վիկինգների և Բրիտանական կղզիների բնակիչների և նրանց մշակույթի միջև փոխադարձ կապը[64]։ Հյուսիսային կղզիների մաս կազմող Շետլանդյան և Օրկնեյան կղզիներում հին նորվեգերենն ամբողջությամբ փոխարինել է տեղական լեզուներին և ժամանակի ընթացքում սկիզբ տվել` մեռած լեզուների շարքին դասվող նորն լեզվին։ Ժամանակակից շատ բառեր և անուններ, ինչպիսիք են` Յորքը, Սուոնսին կամ Հյուսիսային Ֆրանսիայի տեղանուն Տոկվիլը (Tocqueville- Toki's farm- Տոկիի ագարակ), հասկանալի են դառնում միայն միջնադարյան և ավելի ուշ ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունների ուսումնասիրության դեպքում[65]։

Լեզվաբանական և ստուգաբանական հետազոտությունները շարունակում են մնալ վիկինգների մշակույթի, նրանց սոցիալական կառուցվածքի և պատմության, այլ մարդկանց և մշակույթների հետ փոխազդեցության, նրանց միջև տեղի ունեցող առևտրի և ծովային արշավանքների մասին ինֆորմացիայի հիմնական աղբյուրը[66][67]։ Որոշ ենթադրությունների համաձայն` Ֆրանսիայի հարավում գտնվող մի քանի տեղանունների ծագումը նույնպես կապված է վիկինգների հետ[68]։ Տայբուր տեղանունը (Trelleborg նշանակում է Ստրուկների քաղաք կամ Ստրուկների ամրոց) պահպանվել է Ֆրանսիայի ամենահարավային հատվածներից մեկում` Շարանատա գետի հովտում[69]։ Ներկայումս, Ֆրանսիայի տարածքում գտնվող Գասկոնը և դրա շրջակայքը[70] վիկինգների մասին պատմող հնագիտական ակտիվ վայրերից են[71]։ Ակնհայտ է, որ հին նորվեգերենի հետ են կապված ժամանակակից մի շարք լեզուներ. շվեդերենը, նորվեգերենը, դանիերենը, ֆարյորերենը և իսլանդերենը[72]։ Արևելյան Եվրոպայում գտնվող` վիկինգյան գաղութների սլավոնական լեզուների վրա հին նորվեգերենը այնքան էլ մեծ ազդեցություն չի թողել։ Ենթադրում է, որ դրա պատճառը հսկայական տարբերությունն է երկու լեզուների միջև և այդ տարածաշրջանում վիկինգների ցուցաբերած համեմատաբար խաղաղասեր վերաբերմունքը։ Սկանդինավցիներն անուններ են տվել մի քանի Դնեպրյան սահանքների, սակայն նորօրյա անվանումների մեջ դրանք անճանաչելի են և դժվար վերծանելի[73][74]։

Պահպանված գրավոր աղբյուրներում ավելի մեծ տեղ են գրավում Արևմտյան Եվրոպայում վիկինգների գործունեության մասին տեղեկությունները։ Պատճառներից մեկն այն է, որ այդ ժամանակաշրջանում Հյուսիսարևելյան Եվրոպայում մշակույթը և գրականությունը այնքան զարգացած չի եղել, որքան Արևմուտքում և հետևաբար վիկինգների մասին պատմող գրական ժառանագություն չի թողել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Whitelock, Dorothy. Sweet's Anglo-Saxon Reader, OUP 1967, p. 392
  2. Viking (people), Encyclopædia Britannica.
  3. Roesdahl, pp. 9–22.
  4. Brink 2008
  5. Wawn 2000
  6. Johnni Langer, "The origins of the imaginary viking", Viking Heritage Magazine, Gotland University/Centre for Baltic Studies. Visby (Sweden), n. 4, 2002.
  7. The Syntax of Old Norse by Jan Terje Faarlund; p 25 0-19-927110-0; The Principles of English Etymology By Walter W. Skeat, published in 1892, defined Viking: better Wiking, Icel. Viking-r, O. Icel. *Viking-r, a creek-dweller; from Icel. vik, O. Icel. *wik, a creek, bay, with suffix -uig-r, belonging to Principles of English Etymology By Walter W. Skeat; Clarendon press; p. 479
  8. Eldar Heide (2005). «Víking – 'rower shifting'? An etymological contribution» (PDF). Arkiv för nordisk filologi. 120: 41–54. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  9. Walter W. Skeat: Principles of English Etymology Clarendon press, p. 479
  10. Kvilhaug, Maria. «The Tribe that Gave Vikings Their Name?». freya.theladyofthelabyrinth.com. Freya. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  11. «What Did The Vikings Do Before They Began to Play Football? - OUPblog». 2009 թ․ հուլիսի 15.
  12. 12,0 12,1 Hans C. Boas (2014 թ․ մայիսի 13). «Indo-European Lexicon - PIE Etymon and IE Reflexes». Linguistics Research Center. The University of Texas at Austin. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  13. Eldar Heide (2005). «Víking - 'rower shifting'? An etymological contribution» (PDF). Arkiv för nordisk filologi. 120: 41–54. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  14. Bernard Mees (2012). «Taking Turns: linguistic economy and the name of the Vikings». Royal Melbourne Institute of Technology (RMIT). Arkiv för nordisk filologi. academia.edu. 127: 5–12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  15. Eldar Heide (2008). «Viking, week, and Widsith. A reply to Harald Bjorvand». Centre of Medieval Studies (University of Bergen). Arkiv för nordisk filologi. academia.edu. 123: 23–28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  16. Beard, David. «The Term "Viking"». www.archeurope.com. Archaeology in Europe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  17. Wolf, 2004, էջ 2
  18. Smyth, Alfred (1970–73). Saga-book of the Viking Society. University College London. էջեր 101–117.
  19. Educational Company of Ireland, 2000, էջ 472
  20. Brookes, 2004, էջ 297
  21. 21,0 21,1 D'Amato, 2010, էջ 3
  22. Sawyer, History of the Vikings, p. 2
  23. Peter Sawyer, The Viking Expansion, The Cambridge History of Scandinavia, Issue 1 (Knut Helle, ed., 2003), p. 105.
  24. Lund, Niels "The Danish Empire and the End of the Viking Age", in Sawyer, History of the Vikings, pp. 167–81.
  25. The Royal Household, "Sweyn" Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, The official Website of The British Monarchy, 15 March 2015, accessed 15 March 2015
  26. Lawson, M K (2004). "Cnut: England's Viking King 1016-35". The History Press Ltd, 2005, 978-0582059702.
  27. The Royal Household, "Canute The Great" Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, The official Website of The British Monarchy, 15 March 2015, accessed 15 March 2015
  28. Badsey, S. Nicolle, D, Turnbull, S (1999). "The Timechart of Military History". Worth Press Ltd, 2000, 1-903025-00-1.
  29. "History of Northumbria: Viking era 866 AD–1066 AD" www.englandnortheast.co.uk.
  30. The Fate of Greenland's Vikings Արխիվացված 2012-11-04 Wayback Machine, by Dale Mackenzie Brown, Archaeological Institute of America, 28 February 2000
  31. Langmoen IA (2012 թ․ ապրիլի 4). «The Norse discovery of America». Neurosurgery. 57 (6): 1076–87, discussion 1076–1087. doi:10.1227/01.neu.0000144825.92264.c4. PMID 16331154.
  32. Ross, Valerie (2011 թ․ մայիսի 31). «Climate change froze Vikings out of Greenland». Discover. Kalmback Publishing. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  33. Rurik Dynasty (medieval Russian rulers) Britannica Online Encyclopedia
  34. 34,0 34,1 Hall, p. 98
  35. Sawyer, History of the Vikings, pp. 110, 114
  36. «Los vikingos en Al-Andalus (abstract available in English)» (PDF). Jesús Riosalido. 1997. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  37. John Haywood: Penguin Historical Atlas of the Vikings, Penguin (1996). Detailed maps of Viking settlements in Scotland, Ireland, England, Iceland and Normandy.
  38. Sawyer, P. H. (2013 թ․ ապրիլի 15). Kings and Vikings: Scandinavia and Europe AD 700–1100 (անգլերեն). Routledge. ISBN 9781134947775.
  39. Haine, Thomas (2008 թ․ մարտի 1). «What did the Viking discoverers of America know of the North Atlantic Environment?». Weather (անգլերեն). 63 (3): 60–65. Bibcode:2008Wthr...63...60H. doi:10.1002/wea.150. ISSN 1477-8696.
  40. Matthias Schulz (2010 թ․ օգոստոսի 27). «'Sensational' Discovery: Archeologists Find Gateway to the Viking Empire». Spiegel Online International. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  41. Lotte Flugt Kold (2014 թ․ նոյեմբերի 3). «Dannevirke». danmarkshistorien.dk (Danish). Aarhus University. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. Näsman, Ulf (2000 թ․ նոյեմբերի 1). «Raids, Migrations, and Kingdoms». Acta Archaeologica (անգլերեն). 71 (1): 1–7. doi:10.1034/j.1600-0390.2000.d01-1.x. ISSN 1600-0390.
  43. Rudolf Simek, "the emergence of the viking age: circumstances and conditions", "The vikings first Europeans VIII–XI century—the new discoveries of archaeology", other, 2005, pp. 24–25
  44. Bruno Dumézil, master of Conference at Paris X-Nanterre, Normalien, aggregated history, author of conversion and freedom in the barbarian kingdoms. 5th–8th centuries (Fayard, 2005)
  45. "Franques Royal Annals" cited in Sawyer, History of the Vikings, p. 20
  46. Dictionnaire d'histoire de France, Perrin, Alain Decaux and André Castelot, 1981, pp. 184–85. 2-7242-3080-9.
  47. "the Vikings" R. Boyer history, myths, dictionary, Robert Laffont several 2008, p96 978-2-221-10631-0
  48. "History of the Kings of Norway" by Snorri Sturlusson translated by Professor of History François-Xavier Dillmann, Gallimard 2-07-073211-8 pp. 15–16, 18, 24, 33–34, 38
  49. Macauley Richardson, Lloyd. «Books: Eurasian Exploration». Policy Review. Hoover Institution. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  50. Crone, Patricia. Meccan trade and the rise of Islam(չաշխատող հղում). First Georgias Press. 2004.
  51. «Viking expeditions and raids». National Museum of Denmark. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  52. Richards, J.D. (2005). The Vikings : a very short introduction. New York: Oxford University Press. էջեր 50.
  53. Tignor, Adelman, Brown, Elman, Liu, Pittman, Shaw. Worlds Together Worlds Apart. London: Norton. էջ 352.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  54. Worlds Together Worlds Apart Volume One: Beginnings Through the 15th Century- Fourth EditionTignor, Adelman, Brown, Elman, Liu, Pittman, Shaw. Worlds Together Worlds Apart. London: Norton. էջ 352.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  55. Roesdahl, pp. 295–97
  56. Gareth Williams, "Kingship, Christianity and coinage: monetary and political perspectives on silver economy in the Viking Age", in Silver Economy in the Viking Age, ed. James Graham-Campbell and Gareth Williams, pp. 177–214; 978-1-59874-222-0
  57. Roesdahl, p. 296
  58. The Northern Crusades: Second Edition by Eric Christiansen; 0-14-026653-4
  59. «Written sources shed light on Viking travels». National Museum of Denmark. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  60. Hall, 2010, pp. 8 passim.
  61. Roesdahl, pp. 16–22.
  62. Hall, pp. 8–11
  63. Lindqvist, pp. 160–61
  64. See List of English words of Old Norse origin for further explanations on specific words.
  65. See Norman toponymy.
  66. Henriksen, Louise Kæmpe: Nordic place names in Europe Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Viking Ship Museum Roskilde
  67. Viking Words Արխիվացված 2007-02-03 Wayback Machine The British Library
  68. Joel Supéry. «Germanic Toponomy». Vikings in Aquitaine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  69. Joel Supéry. «A colony in Gascony?». Vikings in Aquitaine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  70. The French Regions of Poitou-Charentes and Aquitaine to be precise.
  71. Annie Dumont (2007). «Méthodes d'étude d'un site fluvial du haut Moyen Age: Taillebourg – Port d'Envaux, (Charente-Maritime)» (PDF). Proceedings of the 4th International Congress of Medieval and Modern Archaeology (French). Medieval Europe, Paris 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  72. Department of Scandinavian Research University of Copenhagen
  73. See information on the "Slavonic and Norse names of the Dnieper rapids" on Trade route from the Varangians to the Greeks.
  74. Else Roesdahl (prof. in Arch. & Hist.): The Vikings, Penguin Books (1999), 0-14-025282-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկինգներ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy